Քաղաքական ինտրիգնե՞ր, թե՞ իրավական ամենաթողություն

Քաղաքական ինտրիգնե՞ր, թե՞ իրավական ամենաթողություն

Ապրիլի 9-ին կայացավ Էջմիածնի ՋՕԸ-ի տնօրենի ընտրությունը: Վերընտրվեց միակ թեկնածուն՝ գործող տնօրեն Արամ Սարգսյանը: Մեր աղբյուրը պնդում է, որ մրցույթը կայացել է օրենքի խախտումով, քանի որ ներկա է եղել վարչական խորհրդի յոթ անդամներից չորսը, ովքեր սուրճ են խմել, արձանագրություն կազմել եւ համարել, որ մրցույթը կայացած է: Մինչդեռ Ջրային օրենսգրքի պահանջն այն է, որ մրցույթին ներկա լինի նվազագույնը հինգ անդամ: Մեզ հետ հեռախոսազրույցում, սակայն, վարչական խորհրդի նախագահ Բագրատ Հովհաննիսյանն ասաց, որ ներկա են եղել բոլոր անդամները, միայն մի հոգի առավոտյան ներկայացել է եւ տեղյակ պահել իր բացակայելու մասին: Հովհաննիսյանը, սակայն, այդպես էլ չհիշեց բացակա անդամ անուն-ազգանունը:  

Ըստ Ջրային օրենսգրքի, ջրամատակարարման ծառայությունների դիմաց պետությանը պարտք ունեցող ջրօգտագործողները չեն կարող լինել վարչության խորհրդի անդամներ: Մինչդեռ այս խորհուրդը, որն ստեղծվել է 2018թ․ իշխանափոխությունից հետո, ստեղծվել է օրենքի այս կետի խախտմամբ, քանի որ խորհրդի բոլոր անդամներն ունեն պետական պարտքեր: Այս առումով էլ Բագրատ Հովհաննիսյանն ասաց. «Դա էնքան բարդ հարց է: Դրանք պարտք էլ չեն, դրանք դրել են ժողովրդի վրա, ժողովուրդը ոչ էլ տեղյակ է եղել, որ պարտք է: Իրականում ոչ էլ պարտք են… Փաստացի կոմպյուտերով երեւում է, բայց գրվել է»:

Ստացվում է, որ խորհուրդը տարբեր ստանդարտներով է մոտենում մարդկանց, աշխատակիցներին. այս ընկերությունում կրքեր սկսեցին բորբոքվել դեռեւս անցած տարվա փետրվարից, երբ պետությանը ջրամատակարարման ծառայությունների դիմաց պարտքեր ունենալու հիմնավորմամբ պաշտոնից ազատեցին Էջմիածին ՋՕԸ-ի նախկին տնօրեն Սամվել Համբարձումյանին: Մամուլը, հեռուստատեսությունը ողողված են տեսանյութերով, թե ինչպես են ՋՕԸ-ի աշխատակիցները բողոքում տնօրենի ազատման դեմ՝ ասելով, որ դա ապօրինի եւ քաղաքական որոշման արդյունք է: Փաստորեն, խորհրդի անդամները կարող են իրենց պարտքերը համարել ոչ հիմնավոր, իսկ նախկին տնօրենինը՝ հիմնավոր: Այս առնչությամբ իրեն ուղղված հարցին վարչության խորհրդի նախագահը պատասխանեց. «Այդ խնդիրն այդպես էլ չի լուծվում:

Էդ մարդուն չեն ազատել, ինքն է իր դիմումի համաձայն ազատվել: Ես նույնիսկ դեմ եմ եղել, ասել եմ, որ աշխատի, նորմալ հին մասնագետ է, ինքը չուզեց, ասեց՝ հոգնել եմ, եւ այլն, եւ այլն»: Իսկ գործող եւ վերընտրված տնօրենի ժամանակ կուտակված պարտքերը Հովհաննիսյանը համարեց թույլատրելիի սահմանում. հավաքագրվել է 80 տոկոսից ավելի գումար: Մեզ հետ հեռախոսազրույցում նախկին տնօրեն Սամվել Համբարձումյանն ասաց. «Սուտ է: Ես երբեք դիմում չեմ գրել: Իրենք են ազատել: Ես փաստեր ունեմ, որ իմ ազատումը եղել է քաղաքական որոշում: Իսկ ես այդ առնչությամբ տվել եմ հայտարարություն հանցագործության մասին: Ո՞նց են կարողանում այդպես ստել: Այո, ազատումս արտաքուստ հիմնավորում էին իմ պաշտոնավարման ընթացքում ընկերության՝ պետությանն ունեցած պարտքով: Բայց ներկայիս տնօրենն ինձնից 100 մլն դրամով պակաս է հավաքագրում արել՝ հազիվ 38 տոկոս: Այդ ինչպե՞ս է վերընտրվել: Իրականում իմ ազատումը քաղաքական որոշում էր, իրենք ուզում են աշխատել միայն իրենց թիմի անդամի հետ»: