Այրում համայնքում հայերեն իմացող եւ քաղաքի մասին մտածող չկա

Այրում համայնքում հայերեն իմացող եւ քաղաքի մասին մտածող չկա

Այրում քաղաքը, Արճիս, Բագրատաշեն, Դեբեդավան, Դեղձավան, Լճկաձոր, Հաղթանակ, Պտղավան գյուղերը միավորած Այրում խոշորացված համայնքում ավելի քան 10 հազար մարդ է ապրում, դպրոցներ ու մանկապարտեզներ կան, այսինքն՝ մանկավարժներ կան, ու հաստատ հայոց լեզվի մասնագետ կա: Այրումի համայնքապետարանը որոշել է քաղաքի զինանշան ընդունել: Հիանալի է, բայց հայտարարության մեջ գրել է․ «Այրում համայնքի խորհրդանշանի (Logo) մրցույթ»:
Logo՝ «լոգոտիպ» բառը շրջանառվում է 19-րդ դարի սկզբին, տպագրության մեջ որպես լիգատուրա՝ երկու կամ ավելի տպագրական շրիֆտի միավորների միացություն բառի հոմանիշ։ Առաջացել է արտադրության զարգացման, ապրանքի արտահանման եւ մրցակցության ժամանակաշրջանում։ Տարիների հետ սկսեցին լոգոտիպ անվանել կազմակերպության կամ ապրանքի անվանման ուրվագիրը կամ այն ներկայացնող պայմանական նշանը։ 

Քաղաքը չի կարող լոգոտիպ ունենալ: Քաղաքինը զինանշանն է: Զինանշանն այն կրողի պատմական ավանդույթներն արտահայտող պատկերների ու առարկաների համադրությամբ խորհրդանշանային ժառանգական տարբերանշան է, հատուկ է եղել ազնվականական կամ իշխանական տներին, հետո՝ պետություններին, պետության վարչատարածքային միավորներին (մարզ, նահանգ, գավառ, քաղաք):

Այրումը պիտի զինանշան ունենա, ոչ թե լոգոտիպ: Այրումը քաղաք է, ոչ թե ձեռնարկություն: Մի՞թե դժվար էր խորհրդակցել Այրումի որեւէ ուսումնական հաստատության որեւէ մանկավարժի հետ ու հասկանալ լոգոտիպի ու զինանշանի տարբերությունը: Պետական լեզվի իմացությունը պակաս կարեւոր չէ համայնքի զինանշանից: Զինանշան կարող ես չունենալ, բայց մայրենին չիմանալը, առնվազն՝ չի խրախուսվում: Համայնքապետարանում սա գիտե՞ն: Չգիտեն ու ամեն ինչ խառնել են իրար: Ինչպես համայնքապետի անցած ուղին․ երկու մասնագիտություն ունի՝ տրակտորիստ եւ գիտնական-ագրոնոմ, բայց 18 տարի աշխատել է ոստիկանությունում ու 2012-ից դարձել համայնքապետ:  

Ու կանխելով վերահաս բողոքները, թե ընկել եք բառերի հետեւից, ասենք՝ Աստվածաշնչում գրված է․ «Ի սկզբանե բանն էր»: Այսինքն՝ խոսքը: Հետեւաբար, պետք է ճիշտ խոսքեր ընտրես, որ չշեղվես Աստծո պատվիրաններից:

Արեգ Մարգարյան