ՀՔԾ-ն Սերժ Սարգսյանի գործողություններում հանցակազմ չի գտել

ՀՔԾ-ն Սերժ Սարգսյանի գործողություններում հանցակազմ չի գտել

Երեկ հայտնի դարձավ, որ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին առնչվող քրեական գործը կարճվել է։ Քրգործը վերաբերում էր Սերժ Սարգսյանի՝ պետական միջոցների հաշվին Գերմանիայի Բադեն-Բադեն քաղաքում հանգստանալուն։ Քրեական գործը հարուցվել էր դեռեւս 2021 թվականին, երբ Դանիել Իոաննիսյանի ղեկավարությամբ գործող հարթակներից մեկը նյութ էր հրապարակել, որի համաձայն՝ Սերժ Սարգսյանը պետական բյուջեի հաշվին 16 անգամ մեկնել է Բադեն-Բադեն։

Ըստ Իոաննիսյանի կայքի՝ երրորդ նախագահը Բադեն-Բադենում է եղել նաեւ 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմի ավարտից անմիջապես հետո՝ ապրիլի 5-ին։ Համաձայն հրապարակման՝ Սերժ Սարգսյանն ապրիլի 6-ին եւ 7-ին Գերմանիա նախատեսված պաշտոնական այցն օգտագործել է կրկին Բադեն-Բադեն այցելելու համար։ Դանիել Իոաննիսյանը, սակայն, հրապարակմամբ չէր բավարարվել եւ այն ուղարկել էր Հատուկ քննչական ծառայություն՝ որպես հանցագործության մասին հաղորդում, այսինքն՝ որ քննչական մարմինն իրենց հրապարակած փաստերն ստուգի ու իրավական գնահատական տա։

Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանն այս հրապարակման առնչությամբ պարզաբանել էր, որ Սերժ Սարգսյանի վերաբերյալ հրապարակվածը զրպարտություն է եւ ապատեղեկատվություն։ «ՀՀ նախագահի հիշյալ պաշտոնական այցի ողջ ընթացքը րոպեի ճշգրտությամբ ամրագրված է իրավասու մարմիններում, այդ թվում՝ ՀՀ ԱԳՆ, Պետական արարողակարգի ծառայության արխիվներում։ Ինչ վերաբերում է Քաղաքացիական ավիացիայի կողմից տրամադրված տեղեկանքին, ապա այն կա՛մ միտումնավոր կերպով, կա՛մ անփութության արդյունքում ճշգրիտ չէ եւ չի արտացոլում 2016թ. ապրիլի 5-ին Սերժ Սարգսյանի ԳԴՀ կատարած պաշտոնական այցի փաստացի երթուղին: Ավելին` նախագահ Սարգսյանի այցը Գերմանիա մեկնարկել է ապրիլի 5-ի երեկոյան Բեռլինի օդանավակայանի ռազմական մաս ժամանմամբ։ Սույն փաստն ապացուցվում է ինչպես պաշտոնական ծրագրով, այնպես էլ կարող է հաստատվել պատվիրակության այլ անդամների եւ նախագահին այցի ընթացքում ուղեկցող լրագրողների կողմից։ Հետեւաբար` Սերժ Սարգսյանն ապրիլի 5-ին չի ժամանել Կարլսռուհե, չի գիշերել Բադեն-Բադենում, եւ սա անհերքելի փաստ է»,- հայտարարել էր Մակինյանը։

Ուղիղ 2 տարի առաջ՝ 2021 թվականի սեպտեմբերի 15-ին հրապարակված հոդվածի առնչությամբ հոկտեմբերի 8-ին ՀՔԾ-ում հարուցվեց քրեական գործ, իսկ 2 տարի անց կարճվել է` հանցակազմի բացակայության հիմքով, այսինքն՝ փաստերը, որոնք առկա են եղել Իոաննիսյանի «հետաքննության» մեջ, պարզվել է՝ իրական չեն, եւ ՀՔԾ-ն Սերժ Սարգսյանի գործողություններում հանցակազմ չի գտել։
Թեմայի շուրջ զրուցել ենք «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ՀՀԿ-ական Աննա Մկրտչյանի հետ: Նա ասաց, որ 2 տարի շարունակ պետական ռեսուրս է վատնվել այս գործի քննության համար։ «Այն, ինչ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականներով փորձում են կարկատել ու անունը դնում են քրեական գործ, չէր կարող այլ ավարտ ունենալ, այլ բան է, որ պետական ռեսուրսն այդ ընթացքում մսխվել է։ Եթե ենթադրենք, որ իրավապահ համակարգ դեռ գոյություն ունի, իսկ իրականում նիկոլահպատակ ստրուկների մի ամբողջություն է մնացել այնտեղ, որոնք փորձել են 2 տարի ինչ-որ մի բան կարկատել այն լաթից, որն իրենց տվել է Նիկոլ Փաշինյանը։ Այդ ընթացքում ծանր, առանձնապես ծանր իրական հանցագործությունների բացահայտումը մի կողմ է մնացել։ Եթե նայեք այդ տարիների ընթացքում ոստիկանության վիճակագրությունը, ապա Հայաստանում հանցավորությունն է աճել, թմրամիջոցների շրջանառությունը, հարյուր ոստիկանի ու քննիչների իրենք կասկածում են թմրաշրջանառությանն օժանդակելու կամ այս կամ այն կերպ մասնակից լինելու մեջ, բայց իրենց դա չի հետաքրքրում՝ ո՛չ Հայաստանի բնակչության առողջությունը, ո՛չ ՀՀ քաղաքացիների անվտանգությունը, ներքին կայունությունը, իրենք Նիկոլից անուն- ազգանուն են ստանում եւ փորձում են դրա վրա հավաքել քրեական գործ կոչվածը, որը գոնե ձեւական իմաստով պիտի որ ինչ-որ մի կերպ համապատասխանի։ Այլ ընթացք ու, բնականաբար, այլ ավարտ այդ քրեական գործն ունենալ չէր կարող, այլ բան, թե այդ ընթացքում իրենք լիազորությունների որքան չարաշահումներ են թույլ տվել, որքան իրավունքների խախտումներ են արել, բայց դա, կարծում եմ, հետագայում պետականությունը վերականգնելուց եւ սրանց վռնդելուց հետո կպարզվի»,- պատասխանեց Մկրտչյանը։

Նա կանխատեսում է, որ Արմեն Աշոտյանին առաջադրված մեղադրանքն էլ է նույն ճակատագիրն ունենալու։ «Փաստաբանների կողմից հրապարակվածն անգամ այս պահի դրությամբ բավարար է՝ ասելու համար, որ Արմեն Աշոտյանի նկատմամբ իրականացվողը քաղաքական հետապնդում է։ Ավելին՝ եվրոպական ամենամեծ քաղաքական ընտանիքը՝ ԵԺԿ-ն, Եվրոպայում իշխող փաստացի ամենամեծ կուսակցությունը, Արմեն Աշոտյանին ճանաչել է որպես քաղաքական բանտարկյալ՝ պահանջելով նրան անմիջապես ազատ արձակել։ Արմեն Աշոտյանը կալանավորված է ոչ թե նույնիսկ արածի համար, որովհետեւ արարքը, որը ենթադրաբար իրեն վերագրվում է, բավարար չի եղել՝ նրան կալանքի տակ պահելու համար։ Արմեն Աշոտյանի ապօրինի կալանքն էլ ավելի ապօրինի հիմքով է, թե իբր ինքը խոչընդոտել է քննությանը, ազդել վկաների վրա։ Մի քրեական գործ, որը քննվում է 3-4 տարի, անցել է հնարավոր բոլոր իրավապահ մարմիններով եւ պետական մարմիններով, եւ դրանից միայն 5-6 տարի հետո են որոշել, որ Աշոտյանը կարող է ազդել քննության կամ վկաների վրա։ Ակնհայտ է, որ դա հաշվեհարդար է, ակնհայտ է, որ դա Նիկոլի վախերի հերթական դրսեւորումն է, ակնհայտ է, որ Արմեն Աշոտյանը Նիկոլի վախերի հալածյալն է, բայց իրավական գնահատականը նաեւ Արմեն Աշոտյանի գործով հետագայում պիտի կրեն ե՛ւ քննիչը, ե՛ւ դատախազը, ե՛ւ դատավորները, որոնք առանց կարդալու դակել են ընթացակարգային եւ բովանդակային բազմաթիվ խախտումներով այդ կալանքի որոշումները»,- պատասխանեց Մկրտչյանը։