«Հրապարակ»․ «Ժիլետի թեւն» ու հայ-գվատեմալական հարաբերությունները

«Հրապարակ»․ «Ժիլետի թեւն» ու հայ-գվատեմալական հարաբերությունները

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը, համաձայն պաշտոնական լրահոսի, շնորհավորական ուղերձ է հղել Գվատեմալայի Հանրապետության նախագահ Ալեխանդրո Էդուարդո Ջիամատեյին՝ Գվատեմալայի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ։ Ուղերձում Հայաստանի նախագահը հույս է հայտնել, որ ինքն ու Էդուարդո Ջիամատեյը համատեղ ջանքերով կնպաստեն Հայաստանի եւ Գվատեմալայի միջեւ հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը՝ ի շահ երկու ժողովուրդների։ Եթե այս հաղորդագրությունը պաշտոնական լրահոսում չտեսնեի, այլ, օրինակ, լսեի խանութում կամ տաքսու վարորդից, կմտածեի, թե հերթական «շուլուխն» է։ Սակայն պարզվում է, որ՝ չէ, ամեն ինչ շատ իրական է ու լուրջ։

Իհարկե՝ հասկանալի է, որ նման ուղերձներն ընդամենը արարողակարգային մի բան են եւ ոչ ավելին։ Հատկապես, երբ Հայաստանի նախագահն էլ երկրի կյանքում «ժիլետի թեւի» արժեք ունի։ Սակայն հարցն այստեղ այլ է։ Աշխարհի չգիտես որ անկյունում պատսպարված Գվատեմալայի ազգային տոնի առիթով կարելի է, իհարկե, շնորհավորական ուղերձ հղել, իսկ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի ընտրվելու առթիվ՝ ոչ։ Լավ, բա որ վաղը պարզվի, որ Թուրքիայի կամ Ադրբեջանի եւ Գվատեմալայի հարաբերությունները անսպասելի վատացել են, Վահագն Խաչատուրյանի «դուքյանն» ի՞նչ է անելու՝ ուղերձը հե՞տ է կանչելու, որ հանկարծ Բաքվում եւ Անկարայում «այլ բան չհասկանան», ու դարակազմիկ «խաղաղության դարաշրջանը» հանկարծ «չփսորվի»։

Ու նաեւ՝ նման անիմաստ հաղորդագրություններ տարածելու իմաստը ո՞րն է։ Դա հաշվետվողականության իմիտացիա է, թե բա` տեսեք-տեսեք, թե որքան ենք թուղթ ու թանաք փչացնում անիմաստ բաների վրա, կամ` «լուսամուտը դրիմ»-ի տրամաբանությամբ չնչին աշխատանքով ֆեյսբուքներում «ռեկլամելով», թե բա՝ գործ ենք անում, հարց ենք լուծում, միջպետական հարաբերությունների կայացմանն ենք նպաստում։ Նույն տրամաբանությամբ՝ սպասելի է, որ, օրինակ, Վահագն Խաչատուրյանն Աֆրիկայում գետաձիերի բազմացման սեզոնի բացման առիթով էլ հանդես կգա ուղերձով՝ նպաստելով աֆրիկյան գետաձիերի վերարտադրողական կարողությունների զարգացմանը։