Մի քանի պարզ դիտարկումներ տարածաշրջանային իրավիճակի մասին` ղարաբաղյան հակամարտության բանակցությունների կոնտեքստում

Մի քանի պարզ դիտարկումներ տարածաշրջանային իրավիճակի մասին` ղարաբաղյան հակամարտության բանակցությունների կոնտեքստում


ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը գրել է.

«Դե, ինչ, մի քանի պարզ դիտարկումներ տարածաշրջանային իրավիճակի մասին` ղարաբաղյան հակամարտության բանակցությունների կոնտեքստում։
Գիտեք, գոյություն ունի շատ տարածված կարծիք, որի համաձայն ղարաբաղյան հակամարտության համապարփակ և վերջնական լուծումը կախված է բանակցությունների ընթացքում Հայաստանի, Արցախի, Ադրբեջանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և նաև Թուրքիայի քաղաքական, դիվանագիտական և ռազմական դիրքավորումից։ Գրվում են հարյուրավոր վերլուծություններ, քննարկվում են տասնյակ սցենարներ և վարկածներ, սակայն այս ամենի մեջ մոռացության է մատնվում տարածաշրջանի ամենաազդեցիկ և խոշոր խաղացողը` Իրանը։
Այո, հենց իրանական գործոնը հաճախակի հաշվի չի առնվում ոչ մի սցենարի դեպքում, իսկ դա կոպտագույն սխալ է։
Տեսեք` Իրանը միակ պետությունն է տարածքում, որն այս կամ այն առումով պահել է ընդգծված չեզոք դիրքորոշում, սակայն դրա հետ մեկտեղ ցուցաբերել է «պոզիտիվ» չեզոքություն հայկական կողմերի նկատմամբ։ Դրա հետ մեկտեղ Իրանը չափազանց հետաքրքրված է, որ ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը հանկարծ չհանգեցնի արևմուտքի դիրքերի ամրապնդմանը մեր տարածաշրջանում, բնականաբար, հայկական վեկտորի ներքո, քանզի դիտարկում է դա որպես ուղղակիորեն սպառնացող վտանգ։ Այդ մասին շատ հստակ արտահայտվել են ժամանակին թե՛ Իրանի նախագահները, և թե՛ իրանական հոգևոր վերնախավը։
Պարզ է, որ Իրանի համար կենսական նշանակություն ունի նաև Թուրքիայի և նամանավանդ Ադրբեջանի ուժեղանալը թույլ չտալը, իսկ եթե հաշվի առնենք, որ Իսրայելը վաղուց օգտագործում է ադրբեջանական տարածքը որպես պլացդարմ հակաիրանական հետախուզական գործողությունների համար, ապա ակնհայտ է իրանցիների իրական վերաբերմունքը Ադրբեջանի նկատմամբ` գլոբալ առումով։
Ես համոզված եմ, որ մեզ համար շատ կարևոր է հաշվի առնել իրանական գործոնը և հասկանալ, որ ինչ հունով էլ ընթանան բանակցությունները, եթե Իրանը զգաց վտանգ, ապա նա ի զորու է այս կամ այն ձևով տապալել յուրաքանչյուր բանակցային գործընթաց:
Ես կարծում եմ, որ մեզ չափազանց կարևոր է գալ Իրանի հետ տրամաբանական «լուռ» համաձայնության առ այն, որ արցախյան հարցը հայկական կողմը դե ֆակտո արդեն լուծել է և հենց իրանական կողմին չափազանց ձեռնտու կլինի չխոչընդոտել Արցախի Հանրապետությունը դե յուրե լեգիտիմացնելու միջազգային գործընթացին։
Իսկ ինչո՞ւ, ես մասնակի արդեն նկարագրեցի, առավել հասկանալու համար խորհուրդ կտամ ուղղակի ուսումնասիրել Թուրքիայի, Ադրբեջանի հարաբերությունների դինամիկան իրանական ուղղությամբ վերջին տասը տարվա ընթացքում»: