Արժե՞ր արդյոք իրեն դավաճան չասելու համար 5 հազար ջահելի գլուխ ուտեր

Արժե՞ր արդյոք իրեն դավաճան չասելու համար 5 հազար ջահելի գլուխ ուտեր

Խծաբերդում զոհված կամավորական Սարգիս Հարությունյանի հայրը՝ Վահրամ Հարությունյանը, որդու կորստի հետ չի հաշտվում: Տղայի մարմինը շուտ է գտնվել. սփոփիչ հանգամանք՝ անհետ կորածների կամ գերեվարվածների համեմատ:

Սարգիսի զոհվելու մանրամասներին հայրը ծանոթ չէ, որովհետեւ նրա մարտական ընկերները, այդ թվում իրենց համագյուղացին, եւս զոհվել են: «Բայց երբ Արտակ Զեյնալյանից իմացա, որ որդիս ինքնասպանությամբ է վերջ տվել կյանքին, աչքերիս առաջ մթնեց, ցնցվեցի, կյանքս կրկնակի արժեզրկվեց»,- պատմում է զոհվածի հայրը:

Սարգիս Հարությունյանն ու զինակից ընկերները շրջափակման մեջ են հայտնվել: 3-4 օր գտնվել են ադրբեջանցիների նշանառության տակ: Երբ հասկացել են, որ իրենց շրջապատող օղակն օրեցօր սեղմվում է, իսկ ռազմամթերքը՝ վերջանում, Սարգիսը, գերի չընկնելու համար, քաշել է մոտը եղած նռնակի օղակը:

Այս պատմությունը ծանրացել է Սարգիսի հոր սրտին: Ինքը կարող էր որդուն «փախցնել» պատերազմից. այդ հնարավորությունն ունեցել է, բայց չի արել: Ավելին, երբ Սարգիսը զանգել ու ասել է, որ ուզում է տուն գալ, որովհետեւ «խայտառակ վիճակ է, սաղ գնացել են, մարդ չի մնացել, որ կռվի», ինքը՝ Վահրամը, սաստել է որդուն. «Մեռնելու էլ լինի՝ հետ չգաս, չդավաճանես հայրենիքդ, կմնաս՝ կծառայես մինչեւ վերջ…»։

Ու հիմա չի կարողանում իրեն ներել, որ որդուն արգելել է տուն գալ՝ 6 տարեկանից մորը կորցրած որդուն, որին աշխարհում ամենից շատ էր սիրում: «Գերեզման եմ գնում ու չեմ կարողանում խոսել հետը: Տանջվում եմ, որովհետեւ չգիտեմ հանուն ինչի զոհվեց: Եթե հողերը հանձնելու էին, թող միանգամից հանձնեին-պրծնեին, որ էսքան զոհ չունենայինք: Արժե՞ր արդյոք իրեն (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին) դավաճան չասելու համար 5 հազար ջահելի գլուխ ուտեր: Այսպես թե այնպես՝ դավաճան էլ են ասում, ուրիշ բան էլ են ասում»:

Փաշինյանի՝ Արագածոտնի մարզում արած հայտարարությունը, թե զոհ տվեցինք, որ ի պատասխան Ալիեւի, թե Արցախի հարցը լուծված է, մենք էլ ասենք՝ լուծված չէ, զայրացրել է զոհված Սարգիսի հորը: «Էդ մարդու ասածները ոչ մի տրամաբանության չեն ենթարկվում: Բա նորմալ մարդը նման բան կասի՞, էդ մարդու մոտ ազգային ոչինչ չկա: Ասել՝ ասել էր, միանգամից 10 հազար զոհ տայիր՝ ասելիքդ ավելի ցնցող կլիներ: Ես՝ ինքս, Մարտունի 2-ում էի: Տղերքին ասել էի՝ եթե վիրավորվեմ ու չհասցնեմ ինքնասպան լինել, ինձ կսպանեք, որ չընկնեմ դրանց ձեռքը… Մենք պատերազմ չէինք գնացել Նիկոլի հեղինակությունը փրկելու եւ նրա հանցավոր սխալները սրբագրելու համար: Մեր կռիվը հայրենական էր, որից, ցավոք, միայն Եռաբլուր վաստակեցինք»:

Զոհված կամավորականի հայրը չի հասկանում որդեկորույս այն ընտանիքներին, որոնք դեռ հավատում են Փաշինյանի ստերին: «Էդ մարդն ասում է՝ պարտվել ենք, որովհետեւ դավաճանել են: Պատերազմից 6 ամիս է անցել, ինչո՞ւ որեւէ մեկը պատժված չէ դավաճանության համար: Ինչո՞ւ է Փաշինյանն իրեն ուղղված յուրաքանչյուր մեղադրանքի արձագանքում, իսկ Ալիեւի ասածները թողնում անպատասխան: Երբ Ալիեւը խոսում է, ես ինձ փալաս եմ զգում, որի վրա Ադրբեջանը մաքրում է իր կեղտոտ ոտքերը»:

ՀԳ․ Զոհված Սարգիս Հարությունյանը, մինչեւ պատերազմը, «Ֆաստ կրեդիտ» վարկային կազմակերպությունից ոսկու գրավի դիմաց 220 հազար դրամ էր վերցրել: Հայրն այդ մասին իմացել է որդու զոհվելուց հետո: Երբ գնացել է գրավադրված ոսկին հանելու ու պահելու՝ որպես հիշատակ, պարզվել է՝ արդեն վաճառել են: Հարցին, թե ինչու են շտապել՝ իմանալով երկրի դրությունը, պատասխանել են՝ զանգել ենք, բայց զանգերն անպատասխան են մնացել: «Իսկ գուցե հեռախոսի տերը զոհվել էր, կարող էր, չէ՞, լինել»,- ասել է հայրը: