Նախ իրեն փորձում է դնել Հիսուսի տեղը, վերջում հառնում է որպես ազգակործան հրեշ

Նախ իրեն փորձում է դնել Հիսուսի տեղը, վերջում հառնում է որպես ազգակործան հրեշ

Հարցազրույց Մանուկ Սուքիասյանի հետ

- Զարթոնք, Արագած գյուղերում Նիկոլ Փաշինյանը պոպուլիզմի, իր իսկ խոսքով ասած՝ աննախադեպ բարձունքներ նվաճեց, բառացի հայտարարելով․ «Դառնանք ձեր ոտքի տակի հողը, որպեսզի դուք մեր վրա քայլելով գնաք դեպի ազատ ու երջանիկ Հայաստան»։ Ի՞նչ եք կարծում՝ Փաշինյանը չի՞ գիտակցում, որ չի կարելի, անհարմար է նման բաներ ասելը։

- 2018թ․ իրադարձությունների ժամանակ էլ նա «հպարտ քաղաքացի», «3 միլիոն վարչապետ» թեզերով եկավ իշխանության, բայց կարճ ժամանակ անց սկսեց հայտարարել․ «Ես Թումանյանի անունից ասում եմ՝ վեր կացեք քայլեք», «Ես Հիսուսն եմ, սեր եմ բաժանում»․․․ Այսինքն՝ բոլորին վերագրվող առաքինություններն ու բարեմասնությունները էս մարդը վերագրում է իրեն։ Այսինքն՝ ուզում է ժողովրդին ականջահաճո բաներ ասել, բայց վերջնական գործողություններով զգում ենք, որ իրեն պատկերացնում է տիեզերքի կենտրոն, եւ առանց իրեն այս մարդը ոչ մի դրական բան չի պատկերացնում։ Եվ այստեղ պետք է վերհիշեմ 2007-2008թթ․ մեր համատեղ գործունեության ժամանակ նրա առաջ քաշած հիմնական կարգախոսը, որ մենք առաջինը լինելու մոլուցքը պետք է փոխարինենք վերջինը լինելու պատրաստակամությամբ։ Սա այն ժամանակ կոնսոլիդացնող մի բան էր ընկալվում, հետո հասկացանք, որ նախ դա ինքնին հակաքաղաքագիտական է, որովհետեւ ի սկզբանե մարդուն մոլուցք վերագրելը ճիշտ բան չէ, բայց արի ու տես, որ էդ կարգախոսի անվան տակ դարձավ այնպես, որ բոլորը պետք է պատրաստակամ լինեն վերջինը, իսկ ինքը անգամ ոչ թե առաջինը լինելու մոլուցք ունենա, այլ՝ միակի։

Նման մտագարություն, եւ հանուն դրա ինքը պատրաստ է ցանկացած էժանագին տրյուկների ու բաժակաճառեր ասելու։ Ինչու, որովհետեւ եթե մարդը 3 տարի իշխանության է, եւ նրան ոչինչ չէր խանգարում այդ ամենն իրականություն դարձնելու, այն ոչ միայն իրականություն չդարձավ, այլեւ երկիրը խայտառակ տարածքային կորուստներ ունեցավ, գոհեր ու գերիներ։ Ավելին՝ այդ մարդը, սազն առած, մարզերով ընկած՝ նման խոսքեր է ասում։ Չգիտեմ։ Այդ մարդը չարիք է եւ պետք է հեռանա երկրից։

- Նաեւ ասաց, որ իրական Հայաստանում բոլորը լավ գիտեն, որ իրենք՝ Փաշինյանները, ապրում են այնպես, ինչպես իրենք՝ Արմավիրի մարզի գյուղացիները, այսինքն․ «Մենք շնչում ենք այնպես, ինչպես դուք եք մտածում»։ Հայաստանում կա՞ մեկը, որը կարծում է, թե Փաշինյանը եւ իր ընտանիքն ապրում են այնպես, ինչպես Արմավիրի մարզի գյուղացին։

- Երբ դու իշխանություն ես եւ չունես տվածդ խոստումների ցուցիչները, որ, այ, տեսեք, այսինչ ժամկետում սա է արվել, դու պետք է օգտագործես զինանոցիցդ միակ հնամաշ եւ նախկինում բազմիցս գործածված գործիքը՝ խաղաս մարդկանց էմոցիաների հետ, պատրանքներ ստեղծես ու թվացյալ համերաշխություն։ Սակայն մեր իրականության մեջ այնքան հարցեր կան, որոնց պատասխանները նա չի կարողանում տալ․ առայսօր չի պատասխանել՝ ինքը 5 միլիարդ դոլարի դիմաց Արցախը ծախելու առաջարկ ստացե՞լ է, թե՞ ոչ։ Թող ասի՝ ես նման առաջարկ չեմ ստացել կամ՝ ստացել եմ, այսինչ մարդու միջոցով մերժում եմ ուղարկել։ Եթե մարդ այդ հարցերին չի պատասխանում, գնալ եւ որեւէ գյուղում կամ երեւանյան ցանկացած բակում, զգալով մասսայի այդ պահի ակնկալիքները կամ ստեղծելով կեղծ ակնկալիքներ՝ ձախողված, տապալված եւ հեռանալու ենթակա իշխանության զբաղմունք է։

- Վերջին անգամ նաեւ խոսեց երկարատեւ խաղաղության պատրաստվելու մասին, թե թշնամությունը պետք է վերանա մեր միջեւ։ Այս անցումը, առանց իր կողմից որեւէ ծրագրային հոդվածի, կարո՞ղ է նորմալ ընկալվել եւ կիրառվել պատերազմից հետո դեռ արյունահոսող երկրում։ Այն ֆոնին, երբ ադրբեջանցիներն ասում են՝ հաջորդ տարին՝ Զանգեզորում։

- Երբ կապիտուլյացիայի հետ կապված կան բազում հարցեր եւ չկան պատասխաններ, այդ հարցերի պատասխանները չտալու պարագայում խաղաղության մասին խոսելն առվազն անմեղսունակություն է, իսկ իրականում՝ չարամիտ, մարդկանց ապակողմնորոշելու եւ պատասխանատվությունը սեփական անձից հանելու ինչ-որ խղճուկ փորձ։ Իրականում՝ այդ դատարկ պացիֆիզմը ոչ մի լավ բանի չի հանգեցնում։ Հանգեցնում է կապիտուլյացիաների եւ ժողովուրդների վերացման։ Քարոզածդ խաղաղասիրությունն օգտակար է, երբ դիմացինդ նույնպես ունի խաղաղության օրակարգ։ Բայց երբ դիմացինդ քեզ բիրտ ուժի կիրառմամբ կապիտուլյացիա է պարտադրել, եւ դու ավելի շատ ես կապիտուլացվել՝ ապիկարության,  փնթիության եւ ոչ թե ժողովրդի կռվել չցանկանալու արդյունքում, եւ դիմացիններդ էլ քեզ չեն հարցնում եւ ունեն այլ տարածքային նկրտումներ եւս եւ դեռ մի բան էլ շահագրգիռ են, որ դու մնաս իշխանության, դա ամոթների ամոթն է։ Եվ ամոթների ամոթն է, որ Փաշինյանի իշխանությանը սպառնացող ցանկացած վտանգի, ԳՇ-ի հայտարարությանն արձագանքում է Էրդողանը։ Սա այդ իշխանության բարոյալքման ու բարոյազրկման վերջն է։ Եվ մենք տեսնում ենք նաեւ, թե ինչ է լինում այն մարդու վերջը, որն իրեն փորձում է դնել Հիսուսի տեղը եւ վերջում հառնում է որպես ազգակործան հրեշ։