Մենք ուզում ենք առաջարկել օդի փողը հանել նոր ուղղությունների համար․ Տ․ Ռևազյան

Մենք ուզում ենք առաջարկել օդի փողը հանել նոր ուղղությունների համար․ Տ․ Ռևազյան

Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց, որ մտադիր է այնպես անել, որ «օդի փող» հասկացությունը վերանա։ Բայց ոչ բոլորի համար, այլ միայն շուկա նոր մուտք գործողների։

«Էստեղ մենք կոնկրետ օրենքի փոփոխության առաջարկ ենք անելու օդի փողի հետ կապված։  Ես ասել եմ, որ ամենամեծ խոչընդոտներից այն է, որ հարկը շատ բարձր է Հայաստանում։ Հա՛մ «Զվարթնոցի» սակագներն են շատ բարձր, և՛ մեր «օդի փողն» էլ ա․․․ այսինքն՝ 10 հազար դրամը փոքր գումար չի։ Մենք ուզում ենք առաջարկել օդի փողը հանել նոր ուղղությունների համար»,-ասաց նա։

Ռևազյանի խոսքով՝ իրեն պարզ ասել են, որ եթե իրենք այս օրենքն ընդունեն և միաժամանակ «Զվարթնոցն» էլ պատրաստ լինի նոր ուղղությունների համար զեղչ տալ, Ryanair և Wizz Air ընկերությունները պատրաստ են մուտք գործել հայկական շուկա 2020 թվականի ամռանը։ Եվ դա գրավոր են խոստացել։

Hraparak.am-ի հարցին, թե ինչո՞ւ են միայն նոր ընկերությունների «օդի փողը» ուզում հանել, չէ՞ որ մյուս ընկերությունների դեպքում էլ կա այդ խնդիրը, Տաթևիկ Ռևազյանն ասաց․ «Ընդհանրապես «օդի փող» և այլն ավիացիայում սխալ ա, պարզ ասեմ։ Որևէ խոչընդոտ, որևէ բան, որ կարա սակագները բարձրացնի, խոչընդոտ ստեղծի, որ ավիաընկերությունը մուտք գործի շուկա, սա սխալ ա։ Սա առաջին քայլն ա։ Այսինքն՝ էստեղ մենք օդ փողը հանում ենք նոր ուղղությունների համար, որոհտեև էդ փողը դեռ պետբյուջե չի մտել, այսինքն՝ շատ ավելի հեշտ ա։ Ապագայում ես էս հարցն էլ կբարձրացնեմ, որ բոլորի համար հանվի, դա կարևոր ա»։