Միամիտ հույսեր

Միամիտ հույսեր

1938 թվականին ՍՍՀՄ ղեկավար Իոսիֆ Ստալինին չհաջողվեց Անգլիայի և Ֆրանսիայի ղեկավարությանը համոզել հակահիտլերյան կոալիցիա ստեղծելու վերաբերյալ: Խոսքը գնում էր գերմանական նկրտումներից Չեխոսլովակիան պաշտպանելու մասին: Իսկ երբ դրանից հետո Հիտլերից առաջարկ ստացվեց սովետագերմանական պայմանագիր կնքել չհարձակման մասին՝ Ստալինն ուրախությամբ համաձայնեց. այն կնքվեց 1939 թ. օգոստոսին: Իսկ երբ շուրջ երկու տարի անց, առանց պատերազմ հայտարարելու, Գերմանիան հարձակվեց Սովետական Միության վրա, Ստալինը չէր հավատում դրան: Եվ, որքան տեղյակ եմ, անսպասելիությունից «ժողովուրդների առաջնորդը» ընկել էր ընկճախտի (դեպրեսիայի) մեջ եւ երկու շաբաթ դուրս չէր գալիս իր առանձնասենյակից: Իսկ գերմանացիներն այդ ընթացքում հաջողությամբ շարժվում էին դեպի արևելք: 

Հիմա գանք մեր օրերը: Արգենտինյան «Todos Noticias» հեռուստատեսության եթերում ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնը բախտի բերմամբ զբաղեցնող Միրզոյան Արարատն ասում է. «Բարդություններ կան, մարտահրավերներ կան, իհարկե, բայց մենք հավատում ենք, որ հնարավոր է հասնել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքմանը»: Իսկ ես ու ինձ նմաններն էլ հավատում ենք, որ կարող ենք անվտանգ հասնել Բաքու և հատկապես ողջ և առողջ վերադառնալ Երևան: Այդ առումով, որքան տեղյակ եմ, ինչ-որ մարդիկ նույնիսկ «գործադրում են կառուցողական ջանքեր՝ լուծումներ գտնելու համար»։ Բայց երբ սկսում եմ մտածել այդ քայլի իրագործելիության հնարավորության մասին՝ հավատս ինքնաբերաբար կորչում է: Եվ դրա հետ միասին մեռնում է նաև Բաքուն տեսնելու ցանկությունը: Որովհետև գիտակցում եմ, որ Բաքու հասնելու համար պարզապես հավատ ունենալն ուղղակի լուրջ չէ: Որովհետև Բաքու հասնելը կախված է ոչ միայն ինձանից, իմ հավատից ու նույնիսկ ոմանց կառուցողականությունից: 

Իսկ հիմա այդ հանգամանքը (երկխոսության հաջողության՝ միայն ինձանից կախված չլինելը) տեղադրենք Նիկոլի և Իլհամի միջև ընթացող բանակցությունների հարթության վրա: Այդ դեպքում հստակ կտեսնենք, որ Արարատենց կողմից որքան էլ կառուցողական ջանքեր գործադրվեն, այդ ամենը չի կարող հանգեցնել խաղաղության պայմանագրի ստորագրմանը: Եթե, իհարկե, այդ կառուցողականության ներքո հստակ չերևա ադրբեջանական պահանջների կատարման պատրաստակամությունը Նիկոլի կողմից: Ասենք, օրինակ, անկլավների, Սևանի արևելյան ափի և կամ «Զանգեզուրի միջանցքի» հանձնումը: Այդ դեպքում, ենթադրում եմ, կիրականացվի պարտության խորհրդանիշ անձի երազանքը՝ երկու երկրների տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը:

Որովհետև, ի տարբերություն ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձի, Ադրբեջանի ղեկավարն առաջնորդվում է ոչ թե իրական, այլ «պատմական» Ադրբեջանի տեսլականով: Այն Ադրբեջանի, որի իրական պատմությունը սկսվել է ընդամենը 106 տարի առաջ, սակայն Իլհամի կողմից տարվում է դարերի խորքերը: Ի դեպ, մի ժամանակ, պատմությունը դարերի խորքերը տանելու հնարքը կիրառվեց Նիկոլի կողմից: Սակայն քանի որ Նիկոլն ապաշնորհ էր նաև այդ հարցում, նրա այդ հնարքն ընդամենը ծիծաղ առաջացրեց դահլիճում նստածների շրջանում: Այսօր նույն հնարքից օգտվում է Իլհամը, ու օգտվում է հաջողությամբ: Իսկ Արարատին ու նրա ղեկավարին մնում է հավատալ, որ կպահպանեն 29800 քառ/կմ տարածքն ու իրենց համառությամբ կգերազանցեն թուրք բռնապետի համառությանը: Միամիտ հույսեր…