«Վալենսիա» համալիրի տնօրենը պահանջում է 10 միլիոն վարձակալության դիմաց, ռուս վարձակալը ահազանգում է խախտման մասին

«Վալենսիա» համալիրի տնօրենը պահանջում է 10 միլիոն վարձակալության դիմաց, ռուս վարձակալը ահազանգում է խախտման մասին

Մեր հյուրանոցի լույսը, գազն ու ջուրը կտրել են, ուզւոմ են ստիպել մեզ՝ հրաժարվել կնքված պայմանագրից, խոչընդոտում են մեր աշխատանքին։ Այս մասին «Հրապարակի» խմբագրություն ահազանգեց Organic House հյուրանոցի ադմինիստրատոր Եգոր Զուբովիչը։ Նա տեղեկացրեց, որ իրենք շինություն են վարձակալել «Վալենսիա» համալիրում և աշխատեցնում էին այն որպես հյուրանոց։ Մեկ տարի աշխատեցնելուց հետո համալիրի ղեկավարությունը սկսել է խնդիրներ ստեղծել։

Վալենսիա համալիրի տնօրենի՝ Աշխեն Մաթևոսյանի հետ պայմանագիր է կնքվել 2022 թվականի նոյեմբերի 24-ին՝ երեք տարի ժամկետով։ Պայմանագիրն ավարտվում է 2025 թվականի նոյեմբերի 24-ին։
«Հյուրանոցի տնօրենը Մարկ Կանտորն է, ով Ռուսաստանից Հայաստան է տեղափոխվել և որոշել ներդրում կատարել Հայաստանում ու հյուրանոցային բիզնես սկսել։ Մեկ տարի լավ աշխատել է հյուրանոցը, մենք վերանորոգել ենք հյուրանոցի սենյակները, ու մեկ տարվա աշխատանքի ընթացքում հասցրել ենք մտնել Հայաստանի լավագույն 15 հյուրանոցների ցանկի մեջ, սակայն տնօրինությունը վերջերս սկսեց խոչընդոտել մեզ։ Նրանք պարզապես եկան ու կտրեցին մեր լույսը, ջուրն ու գազը այն դեպքում, երբ հյուրանոցում ունեինք հաճախորդներ, իսկ երկու օր անց էլ պիտի մեզ մոտ Արցախից բռնի տեղահանված երկու ընտանիք տեղավորեինք։ Բացի այդ, մենք պետք է հյուրեր ընդունեինք, համարները արդեն ամրագրված էին, իսկ լույսը, ջուրը և գազը կտրելուց հետո ստիպված եղանք չեղարկել ամրագրումներն ու ֆինանսական կորուստներ ունեցանք»,- պատմում է Զուբովիչը։

Organic House-ի ադմինիստրատորը պատմեց, որ տնօրինությունը իրենցից երեք ամսվա վարձակալության գումար է պահանջում այն դեպքում, երբ իրենք վճարել են օգոստոս ամսվա վարձավճարը և սեպտեմբերի վարձակալության քսան տոկոսը, քանի որ համալիրի ղեկավարությունը չի ստանձնել պայմանագրով նախատեսված՝ կոյուղու գծերի վերանորոգման աշխատանքները։ Զուբովիչը նշում է նաև, որ կոմունալները չեն վճարում, քանի որ նորմալ անդորրագրի փոխարեն իրենց բերում են բլոկնոտի վրա գրիչով գրված ինչ -որ թվեր, որոնք ամսեամիս խիստ տարբերվում են գնային հաշվարկներով։ Երբ համալիրի տնօրինությունից պաշտոնական քաղվածք են պահանջել՝ կոմունալ վճարումներով՝ նրանց Excel ծրագրով հավաքած ին-որ թվեր են ուղարկել։

Հյուրանոցի ղեկավարությունը դիմել է ոստիկանություն, քանի որ իրենց հյուրանոցի գործունեությունը համալիրի տնօրինության գործողությունների հետևանքով կասեցվել է, բացի այդ, համալիրում աշխատող տղամարդիկ ոչ նորմատիվային բառապաշարով փորձում են ստիպել Զուբովիչին ու նրա տնօրենին իրենց հանձնել հյուրանոցն ու չեղարկել պայմանագիրը։

«Նրանց գործողություններն ապօրինի են, նրանք հրաժարվում են ընդունել պաշտոնական թղթերը, երբ տանում եմ, որ ընդունեն՝ ինձ ասում են՝ դու ո՞վ ես, կուրիե՞ր ես, այնինչ գիտեն, որ ես հյուրանոցի աիդմնիստրատորն եմ ու նոր չգիտեն՝ արդեն վեց ամիս է, ինչ աշխատում եմ»,-ասաց Զուբովիչը։

Մեր հարցին, թե ինչու է համալիրի տնօրինությունը որոշել չեղարկել պայմանագիրը, վերջինս ասաց, որ պատճառը իրենց կողմից հյուրանոցը հաջող աշխատեցնելն է։ Վալենսիա հյուրանոցային համալիրը այնքան էլ հաջող չի աշխատեցվել, իսկ ինչ իրենք վարձակալել են շինություններից մեկը, այն կարողացել են աշխատեցնել 90 տոկոս շահույթով։

«Ենթադրում եմ, տեսնելուց հետո, թե որքան հաջող ենք աշխատացնում հյուրանոցը՝ որոշել են ամեն կերպ մեզ դուրս հանել այստեղից, որ իրենք վարեն հյուրանոցի աշխատանքները։ Սակայն մենք ունենք օրինական պայմանագիր ու չենք պատրաստվում հենց այնպես հանձնվել»,-ասաց Զուբովիչը։

Կապ հաստատեցինք Վալենսիա համալիրի տնօրեն Աշխեն Մաթևոսյանի հետ, ով տեղեկացրեց, որ ստիպված է եղել Նոր Նորքի ոստիկանական բաժնում երկու ժամ անցկացրել՝ նույն գործով բացատրություն է տվել։ 

Հարցին, թե կոմունալ վճարներն ինչու են տետրի թղթի վրա գրած ներկայացրել, ասաց՝ սխալ նկարներ է Ձեզ ուղարկել։

«Ըստ էության, այս հարցը շատ խորն է, շատ խորը արմատներ ունի։ Թղթի վրա մենք իրան բան չենք տրամադրել, իրենց ապրանքագիր է գրվել, թե կոմունալների, թե վարձակալության համար, որը մարդիկ արհամարհում են, չեն վճարում։ Տասը միլիոն պարտք ունեն, իմ սեփական տարածքն է՝ ես այդ հիմնարկի տնօրենն եմ, ես պարտավոր եմ այդ հիմնարկ մուտք անել գումար, որը բաղկացած է և արենդայից, և կոմունալ վճարից՝ զրո է գալիս»,-ասաց Մաթևոսյանը։

Մաթևոսյանը նշեց, որ պայմանագրով սահմանված կետեր կան, սակայն շինությունը վարձակալածները հրաժարվում են վճարել, իսկ Եգոր Զուբովիչը ներկայացել է որպես կուրիեր՝ ցրիչ, իսկ հաջորդ օրը վերջինից հրաժարվել է վերցնել փաստաթղթերը, ոչ թե որովհետև չի ցանկացել, այլ որովհետև ուներ դրանք։

«Հաջորդ օրը մենք գնում ենք մեր տարածքում գտնվող, իրենց վարձակալած մասը, ու ասում եմ՝ Եգոր, եկել եմ լույսը անջատելու, ինձ հետ բերել եմ մասնագետ, ինքը դեմ է կանգնում մեզ՝ չեմ ասում կոպիտ, ոչ մի վատ բան չեմ կարող ասել, ինքը կանգնում ասում է՝ չեք կարա լույսը անջատեք, ես տուրիստ ունեմ։ Ես էլ ասում եմ՝ կամ արենդա վճարի, կամ նա վճարի։ Դու շատ լավ աշխատեցիր ամբողջ ամառ, այսքան արեցիր, հիմա տասը միլիոն դրամ չե՞ս վճարում»,- ներկայացրեց Մաթևոսյանը։

Իսկ Արցախից երկու ընտանիքներին հյուրընկալելու մասով, ասաց, որ առաջարկել է Զուբովիչին հյուրընկալել իրենց մոտ, բայց վերջինս հրաժարվել է։ 

Աշխեն Մաթևոսյանը նշում է, որ ոստիկանությունում բացատրել է ամեն ինչ և մարդիկ իրեն ըմռնումով են մոտեցել, բայց թե ո՞վ էր այս հարցով քննիչը՝ ազգանունը չէր հիշում։ 

«Եթե ինչ-որ բան հրապարակելու եք, մեզ մոտ իդեալական է, մենք խնդիր չունենք, ես մի քանի մարմինների հետ խորհրդակցելուց հետո եմ այդ քայլին գնացել, դա իմ տարածքն է, ես ունեմ դրա իրավունքը, ես հոսանքազրկել եմ, որովհետև մարդը ամիսներ շարունակ և ընդհուպ մեկ տարի կոմունալ չի վճարում, և ամիսներ շարունակ կոմունալ չի վճարում, իսկ ինքը ինչ հիմունքներով է այնտեղ մնում, ով է իրեն տվել այդ իրավունքը՝ ոչ մեկ»,-ասաց վերջինս։

Երբ հետաքրքրվեցինք, եթե ոչինչ չի վճարել վարձակալող կողմը, ապա ինչու է հայտարարում, որ միայն սեպտեմբեր ամսվանն է քսան տոկոսով վճարել, Մաթևոսյանն ասաց․«Ոչ, վճարված չի մոտ ութ միլիոնի չափով»։ Սա այն պարագայում, որ ի սկզբանե Մաթևոսյանը մեր զրույցի ժամանակ մի քանի անգամ նշեց տասը միլիոնի մասին։

Զուբովիչը մեզ տեղեկացրեց, որ սպասում են ոստիկանության գործողություններին, սակայն ոստիկանությունը ոչինչ չի ձեռնարկում, իսկ այն, որ Մաթևոսյանին ոստիկանական բաժանմունք ցուցմունք տալու էին հրավիրել՝ զարմացավ, քանի որ իրեն այդ մասին ոչ ոք տեղյակ չի պահել։