Աշոտ Հովսեփյան․ Ստեփանակերտ, Ստեփանակերտ

Աշոտ Հովսեփյան․ Ստեփանակերտ, Ստեփանակերտ

Սպանդանոց տարվող հեզաբարո ոչխարի անխելքությամբ դահիճի ձեռքը համբուրելը փրկության առհավատչյա լինել չի կարող։
Ա.Հ.

Անիծյալ 2018-ից (գուցե` ավելի վա՞ղ, ասենք` 1994-ի էն թերատ թղթի ստորագրումից) սկսած` մեր նախընթաց ազգային վերելքներին այս կամ այն կերպ, այս կամ այն չափով հաջորդեցին ողբերգական անկումները, իսկ վերջերս էլ հավելվեցին անլուր նվաստացումները, որ կարծես թե վերջ չեն ունենում։ Սկզբում` ծածուկ, ապա հետզհետե` արդեն անթաքույց։ Ու կարծես թե մեր փայ անիծյալ անդունդն էլ այնքան խորն է, որ նույնիսկ հատակ չունի, որ գլորվելով տեղ հասնենք, ու թրմփոցով գետնամած լինելուց հետո` փորձենք վեր կենալ, մեզ թափ տալ ու մտածել խորախոր էդ փոսից վեր ելնելու մասին։ Չէ՜, մեր ողբերգական անկումները դեռ շարունակվում են, ու նվաստացումն էլ` հետը։ Մի առիթով Սերժը, ում 2018-ին մերժեցին, 2016-ի ապրիլյանից հետո մի հարցումի, թե ի՞նչ էինք անելու, եթե պարտվեինք ու Ստեփանակերտն ընկներ` ի պատասխան միտք էր հայտնել, թե` «Ստեփանակերտ, Ստեփանակերտ...» էինք երգելու։ Եվ ահա՛, ի խորոց սրտի, իսկը ժամանակն է երգելու էդ «երգը». մեր նենգ ոսոխի ճիվաղ պարագլուխն անցյալ օրն իր հավեսին ոտ-ոտ խրոխտ քայլելով` դիք-դիք մտավ Ստեփանակերտ, մե՛ր Ստեփանակերտ, և ի ողբերգություն բոլոր բանական հայ մարդկանց` աստ ազերի զավթիչն ազերիական լաթի կտորը տնկեց, ու միշտ պատրաստ պիոների պես ծնկի իջավ (ընտելական մի բան)։ Հետո ցփնեց իր բարբաջանքը, թե 30 տարի էս օրվան էր սպասել։ Մինչդեռ 30 տարի առաջ էդ ճիվաղ զավթիչը երևի թե Ստեփանակերտի տեղն իսկի չգիտեր էլ, թերևս իսկի անունն էլ չէր լսել։ Իսկ որ ամենակարևորն է` էս ազերին, ոչ առանց արյունարբուների «թավշյա» իշխանազավթման հետևանքով դարավոր նենգ ոսոխին անմնացորդ նվիրյալների ամենագործուն աջակցության (մեր ամենքի էլ հույլ ու հեղգ անտարբերության պայմաններում), իր գլխին հորդահոս թափված հաջողություններից էյֆորիկ էքստազի գիրկն ընկած` էսօր մտահան է արել, որ սրանից 30 տարի առաջ իր նախնուն մենք էինք ծնկի բերել։

Հը՜, հայի անմրցելի և անգերազանցելի տականքներ, «Արցախը տանք, հանգիստ ապրենք» խեղանդամ թեզի` հոգով ու ոգով խեղված խեղափոխականներ, իբր թե 3 միլիոնի փրկությանն ի պետս 120 հազարին զոհաբերող (ձեր լեզվով` «փուռը տվող») տռուզ գռզոներ, անմեղսունակ գագոներ ու գուգոներ, վեշ-մեշոկ բաբոներ ու պապոներ, անտռուսիկ ու սովալլուկ գոյանքներ, գունավոր բերետներ, այլևայլ ճիվաղների աղբաբույլ, ո՞նց եք։ Լռել-լալկվել եք։ Անշուշտ և անտարակույս ձեզ լավ եք զգում, չէ՞, լիաթոք շունչ եք քաշել, իհարկե, որ ձեր սիրելի գործատու կառդաշ-յոլդաշ ճիվաղն էդ հանգի խրոխտ քայլերով եկավ` իրեն ձեր արած անգին ընծան ընդունելու, հետն էլ` Հայաստանին ու հային (իհարկե` խոսքը ձեզ չի վերաբերում) իր հերթական հոխորտանքներն ու սպառնալիքներն ուղղելու։ Իսկ արդյոք սերգոներից ինչ-որ լուր ունե՞ք, հիմա արդեն լավ ե՞ն ապրում, ու ձեր հարևան պողոսներն էլ երևի լիովին ու ամբողջովին թոթափել են իրենց` այլևս վաղեմի կենցաղային նվաստությունը (ապառիկով կենցաղային տեխնիկա և համանման բաներ), իսկ դե պետրոսներն էլ մեր հարկերի հաշվին եթերներում անասելի «հմայիչ» զարմանք են խաղում, տռուզ փորը ցցած ու հին կոմսոմոլյան լուսարձակի հանգույն պայծառ շողարձակող կլոր բիբերը լայնարձակ չռած` ստի-կեղծիքի ու խաբեության անուրանալի ռահվիրայի հույժ «ականջահաճո» բարբաջանքներն են տարածում համատարած` մթում կորած անհյուրընկալ խրճիթների սև պատերից ներս...

Եվ աղետաբեր սեպտեմբերի 19-ից հետո չարաբաստիկ ձայնապնակը նորեն պտտեց հին երգերը («Նախկինները, նախկինները...», «Թալան, թալան...»)` նոր առոգանությամբ ու լիովին և ամբողջությամբ նոր մանիպուլյացիայով. «Արցախի իշխանափոխությունը կործանեց Արցախը...»։ Մինչդեռ, իրապես հենց Հայաստանում 2018-ի իշխանազավթումն է, որ կործանեց ոչ միայն Արցախը, այլև փորձում է կործանման տանել հենց Հայաստանը։ Ու սա միևնույն է, թե երգենք` «Ա՜յ, եթե սրանից մի հազար տարի առաջ գոնե մի տասը հազարի չափ զորք ունենայինք...» (ունեինք, սակայն չգործադրեցինք), ու էսօր էսպես չէինք տվայտի ՙՏեսնենք Անին ու նոր մեռնենք...՚ թեմայով, հույլ ու հեղգ չէինք նստի և կորուսյալ Անիի հազար ու մի եկեղեցիների դարդն ազգովին աղիողորմ, հոնգուր-հոնգուր լաց չէինք լինի։ Հը՛մ, Անի՜, եկեղեցիների դա՜րդ... Գեթ մի կանգուն (չասեմ` գործող) եկեղեցի մնացել է՞: Է՜հ, իսկ Անին կա՞, որ տեսնենք։ Եվ ուրիշ լաց լինելու բան ասես իսկի չկա։ Իհարկե` կա. եթե կորսված պատմության էջերն ավելի լավ թերթենք ու խորքերն էլ մի լավ տնտղենք, փորփրենք, ավելի աղիողորմ լացի տեղեր շատ կգտնենք։ Ու մինչ օրս։ Իսկ դրանից ի՞նչ օգուտ։ Չէ՞ որ հայտնի բան է, թե սուգը հավերժ է, երբ չկա պայքար։ Ու ողբերգության ճիրաններում հեղգ ու հույլ ծվարելն էլ նոր ողբերգության չարագուշակն է։ Հե՜յ գիտի, հա՜, ուր ե՞ս, Մովսես Գորգիսյան, գլուխդ վեր հանիր, է՜։ Ասում էիր. ՙԵրանի այն Հայաստանը, որ վաղն է գալու՚։ Էդ վաղն արդեն եկել է, Մոսո՜, բայց` ավա՜ղ, էն ասածդ երանին հետը չի եկել, եթե չհաշվենք, որ... Է՜հ, է՛լ ի՞նչ ՙեթե՚, է՛լ ի՞նչ... Ախր հնուց ի վեր հայտնի բան է նաև, չէ՞, և` առավել, որ պատմությունը ՙեթե՚-ներ չի սիրում։ Բնավ չի սիրում։ Իսկ մեզ պետք է, որ օգտակար լիներ ՙեթե՚-ների հարցադրումը, որպեսզի կարողանայինք վեր հանել երևույթների պատճառահետևանքային կապերն ու հստակ ընկալել դրանք, այլև ստույգ ու խորապես հասկանայինք գործընթացների խորքային իմաստն ու տրամաբանությունը, ճիշտ գնահատեինք դրանք` ապագային միտված ճիշտ ու անհրաժեշտ հետևություններ անելուն ի պետս։

Ինչը, սակայն, չենք արել դարեր ի վեր։ Ու դարեր շարունակ։ Կամ` լավ չենք արել։ Հեչ լավ չենք արել։ Եվ ըստ այդմ պատմական Ալաշկերտ ու Ամասիա, Այնթափ ու Անի, Արաբկիր ու Արարատ, Արդվին ու Արճեշ, Բագրևանդ ու Բաղեշ, Բիթլիս ու Բյութանիա, Եդեսիա ու Երզնկա, Զեյթուն ու Զմյուռնիա, Էրզրում ու Թոնդրակ, Իգդիր ու Խարբերդ, Կարին ու Կարս, Կորճայք ու Հաճըն, Մալաթիա ու Մարաշ, Մոկս ու Մուշ, Սասուն ու Սեբաստիա, Սիփան ու Սուրմալու, Վան ու Վասպուրական, Տայք ու Տարոն, Տիգրիս ու Տիգրանակերտ, Տոսպ կամ Տուշպա, Լյառն Մասիս, Մուսա դաղ, Նեմրութ սար, Վանա ծովակ, Ուրմիո լիճ... երբեմնի լայնատարած Հայրենյացս էս նվիրական անուններն էլ մերոց մարդոց նման գաղթել են մեր ներկա փոքրիկ Հայրենիք, ու լավագույն դեպքում անձնանուն դարձել, կամ թե նրանցից սոսկ ավաններ ու թաղեր են մնացել, շրջաններին ու գյուղերին անվանում տվել, ու հաճախ` ՙՆոր՚ հավե¬լումով զգեցած, իսկ տեղ-տեղ էլ` առանց էդ հավելման` բազում տարազան հաճույքների ու զվարճանքների նորօրյա ՙօբեկտների՚ ճակատ-ներին թառել։ (Ցավալիորեն` շա՜տ)։ Վերջին քառորդ դարում դրանց նաև ավելացել են Գետաշենը, Մարաղան ու... 2020-ի 44-օրյայից հետո էլ «Շուշի պանդոկ»` Երևանի կենտրոնում, որ հետո պիտի վերանվանվեր «Դարի պանդոկ»։ Ախր ո՞ր մեկը թվարկես, որը` թողնես, ու ո՞ր մեկին ի՞նչ ՙեթե՚-ների հարցով զգեցնես, կոկես, ի՞նչ անթափանց մեգումշուշով պարուրես, ո՞նց փնտրես, որ իբր մի չնչին արդարացում գտնես ու դրանով սփոփվես։ Դե ե՛կ ու մի ասա՛, թե ի՜նչ սրտի` ի՜նչ մխիթարանք։ Ու դեռ դա էլ բավական չէր, հիմա էլ էս ամե¬նին, ի խորոց սրտի, ավելացավ Արցախը։ Ու թե այսպես էլ շարունակվի, մի օր էլ Հայաստանն է արժանանալու էդ նույն չար բախտին` եղծապիղծ «Ապագա կա ապագա» մանտրայի խաբուսիկ ու թմրեցնող ուղեկցությամբ։ Մինչդեռ, ու տեղին է հիշել, որ «թավշյա» իշխանազավթներն իշխանազավթումից հետո օրնիբուն տարփողում էին «Նոր Հայաստան» դավադիր հորջորջումը` հենց այսպիսի չարաբաստիկ, տարաբախտ ապագա կերտելով մեզ համար։ Ու հիմա տեղին է նաև գոչելը. «Լսե՛ք, դուրսպրծուկնե՛ր ու կոկոջամբոնե՛ր, Հայաստանը մեկն է՛, և Հայաստանը ՀԻՆ է՛։ Շա՜տ ՀԻՆ։ Էնքա՜ն ՀԻՆ, որ ձեր հույլ ու հեղգ միաբջիջ օրգանիզմներին մի հնարով մի կերպ սպասարկող` անսահմանության աստիճան սահմա¬նափակ ուղեղների տարողության բանը չէ»...

Արցախի հանձնման առնչությամբ «Հրապարակի» գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը ս.թ. հոկտեմբերի 13-ին «Նենգ ծրագիր» առաջնորդողում գրում է. «Հիմա ոչ միայն հանձնում ենք հող ու հայրենիք, հրաժարվում հայկական պատմական հողից, ունեցվածքից, այլեւ մի ստոր, տմարդի գործընթաց է 2020-ից սկիզբ առել` հրաժարվել «Արցախ» անունից, հրաժարվել Արցախի անվտանգության երաշխավորի դերից, մի կողմ քաշված` հետեւել, թե ինչպես են Արցախում հայ մարդկանց սովամահ անում, կոտորում, նվաստացնում ու տնանկ դարձնում», ապա բխեցնում ակներև եզրահանգումը. «Հետո այս ողբերգության մեղքը դնել հենց արցախցիների եւ Արցախի իշխանությունների վրա: Ապա ջնջել «Արցախ» բառն անգամ, սկսել Արցախի պետական ու հասարակական կառույցները փակելու, ոչնչացնելու պրոցես: Անգամ արցախցիներին Հայաստանում ինտեգրելու այս գործընթացի մեջ մի նենգ ու դավադիր իմաստ կա` բնակեցնել ՀՀ մարզերում, տուն եւ աշխատանք տալ, որ նրանք հնարավորինս շուտ մոռանան իրենց հայրենիքն ու հրաժարվեն ռեւանշի փորձերից»: Հանց ժամանակին թուրք սուլթանն է հրովարտակել. «Ջնջել Հայաստան, ջնջել հայ անուն»... 

Ահավասիկ։ Տխուր վիճակ։ Մեղմ ասած։ Շատ մեղմ։ Չափազանց մեղմ։ Իսկ ինչպե՞ս խափանել նենգադավների նենգ ու դավադիր էդ ծրագիրը, երբ ոչնչացման անշեղ ընթացք է որդեգրվել ոչ միայն Արցախի պետական ու հասարակական կառույցների առնչությամբ, այլև կրթական, մշակութային… միով բանիվ` բոլոր ոլորտներում անխտիր։ Զորօրինակ, ասենք, պետության լուծարման «թուղթը» (սև թուղթը) պարտադրվեց մարդկանց («փուռը տված» 120 հազարի) բնաջնջման սպառնալիքի ներքո, իսկ Արցախի ներկայացուցչությունը և օպերատիվ շտաբը` Հայաստանում, Արցախից «գաղթած»` Արցախի պետական համալսարանը կամ Ստեփանակերտի թատրոնը (հատկապես վերջին երկու հաստատությունները) ո՞վ է ստիպում լուծարել, ոչնչացնել, վերացնել։ Եվ ինչո՞ւ չի կարելի, ի՞նչն է խանգարում, որպեսզի դրանք Հայաստանում չփակվեն, իսկ «գաղթածները» տեղակայվեն ու գործարկվեն` ապահովելով հանրային գործունեությունը, ուսումնական և ստեղծագործական գործընթացները։ Հարցե՜ր, հարցե՜ր... 

Իհարկե, բնավ ակնկալելի չէ, որ էս աղետաբեր գոյանքները ինչ-որ բան կանեն` կանխելու համար էս անլուր ավերակումը։ Առավել ևս, որ էս ամենի հեղինակը հենց իրենք են։ Եվ ամեն ինչ վկայում է, թե սրանք բերվել են եղածը քանդելու ու ոչ թե` ինչ-որ բան արարելու համար։ Ուստի և ամեն ինչ թարս են անում։ (Հանց դասականը կասեր` թարս աճած խիար իբրև)։ Նույնիսկ իրենց հին ու նոր խոստումներին հակառակ։ Ավելին, սրանք ինչ որ անում են, միայն էսօրվան չի վերաբերում, այլ նաև, և առավելաբար, ամեն ինչ, որ անում են, ուղղված է վաղվան` իրենց ասած ապագային։ Եվ այնպես, որ ապագայում էլ ոչ մի հնարավորություն չլինի անդրադարձ կատարել մեր ազգային տեսլականին։ Քանզի սրանք մեզ ու մեր պատմությունը ոչ թե ետ` մինչև Ազգային զարթոնքի 1988-ը, այլ մի 100-150 տարի էլ դենը շպրտեցին։ Անասելի հեռու։ Թերևս հիմա էլ փորձում են էդ աղետաբեր ընթացքն իր չարաղետ ավարտին հասցնել, եթե մի հնարով մի վերջին շնչում վերջին ճիգով աղետաբեր չարիքի դեմը չառնենք ու կործանումի դժպիհ ընթացքը վերջապես չկասեցնենք։ Ինչը դեռևս չենք հաջողում, ավաղ։ Սակայն, մինչ այդ գործել է պետք` խնդիրների որոշ համախմբի հրատապ լուծումներ տալու առումով։ Ասենք` էս փուլում, բնականաբար, առաջնային է դիտվում սոցիալական հրատապ ծրագրերի իրականացումը` մինչև որ աստիճանաբար դրանք զարգացման ծրագրերի վերածելու հնարավորություններ կստեղծվեն։ Պարզ է նաև, որ մի շարք խնդիրների առնչությամբ էլ արագ լուծումներ հնարավոր չէ գտնել, մանավանդ` սրանց օրոք։ Սակայն մենք պիտի արցախցի մեր եղբայրներին ու քույրերին հույսից չկտրենք, որպեսզի նրանք համոզված լինեն, թե այդ խնդիրները հեռանկարում անպայման պիտի իրագործվեն: Ըստ այդմ` ներկա աղետալի վիճակի հաղթահարմանն ուղղված հումանիտար գործընթացներին զուգահեռ` հարկ է, այսպես ասենք, ի մի բերվել, իրար գլխի հավաքվել, խելք խելքի տալ` «...արցախցիներին Հայաստանում ինտեգրելու» նենգ ու դավադիր գործընթացի ձախավեր ընթացքը կանխելուն, խափանելուն ի պետս։ Առավել ևս, երբ միտումը պարզից էլ պարզ է. անթաքույց և անշեղ փորձ է կատարվում` արցախցի մեր հայրենակիցներին «...բնակեցնել ՀՀ մարզերում, տուն եւ աշխատանք տալ», նպատակով, որ նրանք «...հնարավորինս շուտ մոռանան իրենց հայրենիքն» ու շուտ հրաժարվեն վերադարձի տեսլականից, և հայրենատիրության որևէ հեռանկար փայփայելուց։

Եվ ուրեմն, վերը հիշատակված սոցիալական հրատապ ծրագրերի իրականացման հետ մեկտեղ մի շարք կարևորագույն անելիքներ էլ կան (Արցախի վտարանդի ԱԺ և կառավարության գործունեության կազմակերպում, ԱՀ նախագահի հայտնի հրամանի (էն չարաբաստիկ սև թղթի) չեղարկում, «Պետություն առանց տարածքի» բանաձևի քննարկում և գործարկում, և էլի շատ ուրիշ հարցեր), որ քաղաքական դաշտի խնդիրներ են։ Ու թե որքանով դա կհաջողվի, պայմանավորված է ամենօրյա քրտնաջան, անդուլ աշխատանքով. Էդ ուղղությամբ պիտի ջանք ու եռանդ չխնայվի։ Միաժամանակ, ըստ իս, անհրաժեշտ է նաև այժմ ևեթ մտածել մարզերով մեկ արցախցիներին «ցրելու» փոխարեն` նրանց հնարավորինս հոծ համայնքներով կոմպակտ (առավել ցանկալի` միևնույն տարածքում) բնակեցման հնարավորությունների քննարկման և դրանց իրականացման հնարավոր ձևերի, համանման ծրագրերի մասին, ինչպես արդեն իսկ առկա պատմական իրողությունների, հայտնի փաստերի պարագայում է, երբ մերոց մարդոց հետ Էրգրից գաղթած ու մեր ներկա Հայրենիքում կորուսյալ Էրգրի նվիրական անվանումներով շրջաններ ու գյուղեր, ավաններ ու թաղեր են հիմնվել, որտեղ էլ բնակվում են հենց էդ էրգրացիները` հայրենակցական սկզբունքով. Արագածի փեշերին` մշեցիներն ու սասունցիները, Սևանի ավազանում` ալաշկերտցիներն ու բայազետցիները և այլն։ Նույնիսկ խորհրդային տարիներին, անգամ` ստալինյան ժամանակներում, երբ նախորդ դարի 40-ականներին կազմակերպվեց հետպատերազմյան հայրենադարձությունը, առաջին ներգաղթյալները հիմնականում բնակեցվեցին հենց նույն հայրենակցական սկզբունքով` բնակության նոր վայրերին տալով Էրգրից «բերված» անվանումները. Արաբկիր, Զեյթուն, Խարբերդ, Մալաթիա, Մարաշ, Սեբաստիա և այլն, ըստ այդմ` կենդանի պահելով նաև իրենց ավանդույթներն ու կոնկրետ տեղանքին բնորոշ կոլորիտի այլ տարրերը (նիստուկաց, խոհանոց և այլն)։ Իհարկե, ներկայումս էս տեսլականին հասնելն անհնար մի բան է թվում, բայց մեկ էլ հիշենք, որ մենք պիտի արցախցի մեր հայրենակիցներին, ինչու ոչ` նաև մեզ ևս հույսից չկտրենք, որ նրանք ու մենք էլ համոզված լինենք, թե հեռանկարում բոլոր դժվարին հարցերն անպայման պիտի իրենց լուծումները գտնեն:

Վերոգրյալի կապակցությամբ, արցախցի մեր հայրենակիցների կոմպակտ, հոծ բնակեցման հնարավորությունների առնչությամբ, թեպետև առաջին հայացքից կասկածելի է, ավելին` ամենևին արժանահավատ չի թվում, բայց պիտի ասեմ, որ արժանապատվության ու ցանկության առկայության պարագայում հախուհաշիվ լավ իմացող ու 3 միլիոնի փրկությանն ի պետս 120 հազարին զոհաբերող («փուռը տվող») գռզոները, գագոները և գուգոները (վեշ-մեշոկ բաբոներին ու պապոներին, անտռուսիկ և սովալլուկ մյուս գոյանքներին, գունավոր բերետներին հաստատ չի վերաբերում), ներկա «աննախադեպ» շինարարական բումով համակված, Երևանը ծանրաբեռնելու փոխարեն` կարող են, չէ՞, ասենք` մի 100 հազարանոց քաղաք կառուցել Թալինի ու Քարակերտի անմարդաբնակ չոլերում, կամ` «Ակադեմիական քաղաքի» հարևանությամբ կամ էլ... դրա փոխարեն, և անվանակոչել Ստեփանակերտ։ Առանց կատակի։ Ամենայն լրջությամբ։ Կարող են։ Մտքներին տեղ լինի։ Մեզնից հասնում է` հուշել։ Հուշում ենք։ Այլապես, հեչ հեռու չի էն պայծառ գալիքը (իրենց ասած` ապագան), էն օրը, երբ սրանք` երկրի հակառակ կողմից սերված` սեփական ինքնության հակառակության կրիչներ իբրև, արդեն և այլևս հակառակվել չեն կարող իրենց կառդաշ-յոլդաշ գործատուներին, որոնք սրանց անպայմանորեն կունեզրկեն, և անկասկած սրանք կկորցնեն իրենց ողջ ունեցվածքը, կայք-կարողությունը։ Եվ իսպառ կկորցնեն։ Քանի որ, երբ իրենց սիրելի կառդաշ-յոլդաշներն իրենց իսկ հրավերով գան, ակնհայտ է, որ առաջին հերթին ունեզրկելու են հենց իսկ սրանց (իրենց լեզվով ասած` «ռասկուլաչիտ են անելու»)։ Քանի որ (ի բացառյալ` միառժամանակ) թուրքը դավաճանություն չի հանդուրժում, թեկուզ թե` ի շահ իրեն։ Ու դավաճաններին (նաև` այլազգի) չի ներում։ Երբեք։ Պարզապես սա պիտի գիտենալ, որ սեփական ինքնության հակառակության կրիչների համար մի քիչ բարդ է թերևս։ Օրինակ, «Ցեղասպանություն» բառից խույս տվողները, այն մոռացության մատնելու փորձ անողներն ըստ էության լոկ ճանաչում են (կամ թվում է, թե ճանաչում են) գործարար, առևտրական թուրքին միայն, իսկ ազգայնական, քաղաքական թուրքին ամենևին չգիտեն։ Թալեատ փաշայի մերձավոր Գրիգոր Զոհրապից լավը չլինեն։ Բայց կարող են իրենք իրենց մի պարզ ու անմեղ հարց տալ. «Ուր ե՞ն հիմա արամյանցները, մանթաշյանցները, նրանց Բաքվի նավթահանքերը, շենք-շինությունները, Թիֆլիզի կառուցապատումներն ու ողջ հարստությունը։ Էդ ամենը որտե՞ղ մնացին, ո՞ւմ մնացին։ Ո՞ւր չքվեց, ո՞ւր անհետացավ, նրանց անբավ ունեցվածքը, հսկայական կայք-կարողությունը»։ Կառդաշ-յոլդաշներին հարցնեն թերևս։ Գուցե նրանք էլ ասեն ու հաստատեն, թե որտե՞ղ են ձմեռում խեցգետինները... ամռանը։