Ուկրաինազացման ճանապարհով

Ուկրաինազացման ճանապարհով

Արևմտյան քաղաքակրթական շրջանակում մեծացած ու կրթություն ստացած Մուրադ Փափազյանը՝ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահը ենթադրում է, թե Արևմուտքը կարող է սպառազինության հարցում օգնել Հայաստանին: Իր այդ ենթադրությամբ ինքը միայնակ չէ. Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան էր մինչ այդ հայտարարել, որ իր երկիրը Հայաստանին կմատակարարի պաշտպանական սպառազինություն: Վատ չէ, չնայած այնպես չէ, որ ֆրանսիական սպառազինությունն աշխարհի լավագույններից է: Համենայն դեպս, դրա ոչ այնքան արդյունավետ լինելը բացահայտվեց ռուս-ուկրաինական պատերազմում: Որին արդեն տարիուկես հետևում եմ ամենօրյա կտրվածքով: Իսկ եթե ֆրանսիականը թանկ լինի, ապա հնդիկները ոչ միայն պատրաստ են, այլև, ըստ մամուլի հրապարակումների, արդեն իսկ մատակարարում են պաշտպանական սպառազինություն: Բայց չմոռանանք, որ հնդկական սպառազինություն կոչվածը նախկին ռուսականն է՝ տեղում որոշակիորեն վերափոխումների ենթարկված: 

Բայց ենթադրենք, թե ֆրանսիականը կամ թեկուզ հնդկականը հենց ամենա, ամենան են… Ի՞նչ կարող է անել այդ սպառազինությամբ հայկական բանակը Փաշինյան Նիկոլի «գլխավոր հրամանատարությամբ»: Վստահ կարող եմ ասել՝ ընդամենը պարտվել: Ճիշտ այնպես, ինչպես 44-օրյա պատերազմում: Որովհետև մեկ անգամ պարտված ու դրանից հետո անընդհատ խաղաղություն մուրացող փոքրոգի անձը որևէ այլ արդյունքի հասնել չի կարող: Նա կարող է ընդամենը ջարդել հայ զինվորի մարտական ոգին և բունկերում թաքնվելով՝ կապիտուլյացիայի պայմանագիր ստորագրել: Այնուհետև վրեժի կոչել հայրենասիրության և մտածողության հետ խնդիրներ ունեցող իր համակիրներին: Իսկ վերջում էլ իրավապահների միջոցով ամենուրեք փնտրել դավաճաններ՝ որպեսզի արդարացնի իրեն: Նման պարագայում ավելի լավ կլիներ, որ ֆրանսիական սպառազինությունը հատկացվեր Սիրիային և Լիբանանին: Որոնց կառավարման մանդատն առաջին և երկրորդ համաշխարհային պատերազմների արանքում Ազգերի լիգայի կողմից վստահված էր Ֆրանսիային: Եվ որոնք ժամանակին համակրանք ունեին համարյա ամեն ֆրանսիականի նկատմամբ: 

Ասվածը հարցի մի կողմն է, մյուս կողմը կեղծիքն է: Ինչպես գիտենք, Նիկոլի իշխանությունը չի կարող գոյատևել առանց կեղծիքի: Բայց տվյալ դեպքում Նիկոլը միայնակ չէ: Այս մի կեղծիքը գալիս է արևմտյան աշխարհից: Եվ այն ունի համաշխարհային սփռվածություն: Ասեմ, որ մինչև 44-օրյա պատերազմը ես ևս հավատում էի այդ կեղծիքին՝ իհարկե, չգիտակցելով դրա կեղծիք լինելը: Այսօր էլ բազմաթիվ գրագետ մարդիկ՝ Հայաստանում թե ողջ աշխարհում, դեռևս հավատում են դրան: Խոսքն այն մասին է, որ Արևմուտքն իբրև թե ամենուրեք պաշտպանում է ժողովրդավարությունը: Սա նույնիսկ կեղծիք էլ չէ, սա հեքիաթ է, ու այդ պատճառով էլ մարդիկ ցանկանում են հավատալ դրան: Իրականում, նախ, գոյություն չունի ընդհանրական Արևմուտք: Կան արևմտյան՝ հիսունի չափ պետություններ, և դրանցից յուրաքանչյուրն առաջնորդվում է իր ազգային-պետական շահերով: Իսկ դրանք կարող են ընդհանրական լինել մի դեպքում և այդպիսին չլինել մեկ այլ դեպքում:

Ասենք, Միացյալ Նահանգներից փող և սպառազինություն մուրալու դեպքում, բնականաբար, կլինեն միասնական: Իսկ սեփական գյուղատնտեսությունն ուկրաինական էժան ցորենից պաշտպանելու առումով՝ ոչ այնքան միասնական:  

Երկրորդ, արևմտյան ամեն մի առանձին պետություն ամեն մի առանձին դեպքում կարող է պաշտպանել ոչ թե ժողովրդավարական, այլ բռնակալական երկրին: Խնդրեմ՝ մեր թշնամուն Իսրայելն ակտիվորեն աջակցում էր սպառազինության հատկացմամբ, իսկ Մեծ Բրիտանիան՝ դիվանագիտության ոլորտում: Երկուսն էլ ժողովրդավարական պետություն են, իսկ երկրորդն ընդհանրապես պառլամենտարիզմի հայրենիքն է: Բռնակալական որևէ երկրի ղեկավարին պաշտպանելու երևույթը ժամանակին ստացել էր խոսքային ձևակերպում՝ այսօր բավականին հանրահայտ: Ահա այն՝ «Սամոսան գուցեև բ..ի տղա է, բայց նա մեր բ..ի տղան է»:

Ի դեպ, եթե 44-օրյա պատերազմի ժամանակ տեղի չունենար վերը նկարագրված երևույթը, ապա ժողովրդավարության այսօրվա ջատագովները կարող էին հակաճառել՝ ասելով, թե այդ արտահայտությունը բարձրաձայնվել է ութ տասնամյակ առաջ: Իսկ այսօրվա արևմտյան աշխարհը լրիվ ուրիշ է: Իհարկե, դա այդպես է, բայց ուրիշ այդ աշխարհում, միևնույնն է, գործում են աշխարհաքաղաքական շահեր: Ու այդ շահերի դրսևորումներից է հենց վերը նշված արտահայտությունը:
Գանք ՀՀ վարչապետի պաշտոնից ատամներով կառչած անձին: Սեփական իշխանության պահպանության նպատակով փորձելով արևմտյան երկրներին վաճառել հայաստանյան կեղծ ժողովրդավարությունը՝ նա, ուզած-չուզած, խաղում է այդ կանոններով: Եվ իրեն հանրահայտ կենդանու տեղ դրած՝ փորձում է արևմտյան տերություններին ու միջազգային (իմա՝ արևմտյան վերպետական) կառույցներին համոզել, որ ինքը ևս հավատում է այդ տխմարությանը:

Հիշեցնեմ՝ խոսքն Արևմուտքի կողմից ժողովրդավարությանն իբրև թե պաշտպանելու մասին է: Եվ այդ տերություններին ու կառույցներին ուսուցանում է, որ իրենք բարոյական պարտավորություն ունեն պաշտպանելու հայկական ժողովրդավարությունը ճիշտ այնպես, ինչպես պաշտպանում են ուկրաինականը: Եվ որպեսզի Հայաստանը համապատասխանեցնի այդ պաշտպանության համար անհրաժեշտ «չափանիշներին»՝ իր ղեկավարած երկիրը տանում է ուկրաինիզացման ճանապարհով: Այսինքն՝ ավանդական վայրագ թշնամիներին իր ուղեղում այլևս թշնամի չհամարելով՝ իրականության մեջ թշնամի է սարքում Ռուսաստանին: Եվ քանի որ դա իր անձնական իշխանության պահպանման գրավականն է՝ այդ խաղի մեջ է մտցրել պետական ողջ ապարատը՝ անտեր թողնելով ամենաանհրաժեշտը՝ մեր երկրի անվտանգային համակարգը: