«Լևոն Տեր-Պետրոսյանի նորմալ պետությունը»

«Լևոն Տեր-Պետրոսյանի նորմալ պետությունը»

Զարուհի Գաբրիելյանը «ՉԻ»-ում հրապարակված «Լևոն Տեր-Պետրոսյանի նորմալ պետությունը և ազգային միֆերը» հոդվածաշարում ներկայացրել ՀՀ առաջին նախագահի խոսքը:

Ինչպե՞ս կարելի է չհամաձայնել առաջին նախագահի հետևյալ մտքի հետ. «Ստիպված եմ կրկնել. Փոխզիջման պետք է գնալ այն պահին, երբ ուժեղ ես. Հայաստանը վաղն ավելի ուժեղ չի լինելու, քան այսօր: Հետևաբար, վաղվա ցանկացած լուծում ավելի վատն է լինելու, քան այսօրվանը»: Գուցե, նա երկրի բոլոր ղեկավարների շարքում ամենապրագմատիկն էր, սառը դատողն ու հեռուն նայողը: Բայց, նա փորձագետ չէր և չէր կարող մի կողմ քաշվել ու ասել. «ինչ ուզում եք արեք»: Նա կարող էր վերցնել ատարճանակն ու ասել, եթե չեք ընդունում իմ փաստարկները, եթե գտնում եք, որ ես սխալ եմ, ահա իմ պատասխանը. Ես ինքնասպանություն կգործեմ: Դա ոչ թե թուլակամ անձնավորության վարքագիծ կդիտարկվեր, այլ խիզախություն և անձնազոհություն՝ հանուն հայրենիքի ապագայի:

Միանգամայն իրավացի է հոդվածագիրը, երբ նկատում է. «Թե՛ իշխանությանը, թե՛ ընդդիմությանը ձեռնտու է տնաբույծ, գավառական հայրենասիրությունը, որի հիմքում չկա պետականության գաղափար»: Անշուշտ, «ձեռնտու»-ն խիստ է ասված, գուցե բացակայել է այն գիտակցումը, որ տնաբույծ, գավառական հայրենասիրությունը չի կարող դրվել ժամանակակից պետականության հիմքում:  

Միաժամանակ, այնպես չէ, որ հանրության 55-65 –ամյա բոլոր մարդիկ մինչ օրս ողբում են սովետի կործանումը (ինքս տարիքային այդ խմբից եմ): Բացի դրանից, միայն հիվանդ երևակայության տեր մարդիկ դրանում կարող են մեղադրել առաջին նախագահին, ինչպես որ աբսուրդ է այն տարիներին տարածված պնդումը, թե մենք նվաճեցինք մեր անկախությունը: ԽՍՀՄ բոլոր հանրապետություններին ասացին «ռադ եղեք»: Ասացին 15 հանրապետություններից 4-ի ղեկավարները, Բելովեժյան թավուտում: Իմ պատկերացմամբ, եթե այդ երկիրը չպետք է լիներ, ապա հանրապետությունները պետք է ուս-ուսի տված, միմյանց սատարելով իրականացնեին համակարգային վերափոխումները, ինչպես որ դա արեցին ֆաշիզմի դեմ պատերազմում: Վստահաբար, եթե հայերն ու ադրբեջանցիները հարևանաբար քննարկեին հիմնախնդիրը, ապա փոխադարձաբար ընդունելի լուծում կգտնեին, անշուշտ, եթե թույլ չտային դրան խառնվել երրորդ ուժերին:

Իսկ ինչ վերաբերում է 55-65 տարեկաններին, ապա դա ամենևին էլ այդպես չէ, ընդհանուր առմամբ: Թեպետ Պուտինի ամեն մի ասած չի կարելի հալած յուղի տեղ ընդունել, բայց նրա հետևյալ միտքը պատասխանում է նման դիտարկումներին. Кто не жалеет о распаде Советского Союза, у того нет сердца; кто хочет воссоздать его в прежнем виде, у того нет головы.

Կարելի է այսպես, մեկ-մեկ դիտարկել միֆերը, սակայն, պետական գործիչները նրա համար են, որպեսզի ցրեն դրանք, այլ ոչ քաշվեն իրենց անկյունները, նեղացած, վիրավորված կեցվածք ընդունեն: Թեպետ, ի պատիվ Լևոն Տեր-Պետրոսյանի, պետք է նկատել, որ նա ձեռք մեկնել է, որը, սակայն, օդում է մնացել: Անհասկանալի է, եթե մեր պետության նախկին ու ներկա ղեկավարներն «իրար հետ չունեն» ու դա դիտում են նորմալ, ապա ինչպե՞ս են պատկերացնում բանակցել թշնամական կողմի հետ: Ինչո՞ւ պետք է նրանք մեզ հասկանան, եթե մենք ինքներս մեզ չենք ցանկանում, չենք փորձում հասկանալ:

Գագիկ Վարդանյան