Կարող են տարբեր հարցեր լինեն «Արմենալի» բաժնետերերի հետ կապված, բայց գործարանը կլինի

Օրեր առաջ գրել էինք, որ ռուսաստանցի օլիգարխ Օլեգ Դերիպասկային պատկանող «Ռուսալ-Արմենալ» գործարանը որոշել են ապամոնտաժել եւ տեղափոխել Ռուսաստան: Անգամ երկաթուղու հետ էին պայմանավորվել` մոտ 300 վագոն ապրանք թանկարժեք ռազմավարական նշանակության սարքավորումների տեղափոխումը ապահովելու համար։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին հարցրեցինք, ճիշտ է արդյոք, որ նախարարությունը դեմ է այս ծրագրին, բանակցում է ռուսների հետ, և հայ գործարարներից «Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանը մտադիր է գնել գործարանը։
Նախարարը չցանկացավ չակերտներ բացել, սակայն հայտնեց իր դիրքորոշումը, այն է, որ գործարանը եղել է, կա ու պետք է լինի։ «Արմենալ» գործարանը մեր արդյունաբերության կարևոր միավորներից մեկն է։ Ես եղել եմ գործարանում, գործարանն աշխատում է բավականին մեծ ծավալներով։ Իհարկե, տարբեր հանգամանքներով պայմանավորված՝ արևմտյան պատժամիջոցներ Ռուսասատնի նկատմամբ, իրացման շուկաների հետ կապված գործարանը որոշակի խնդիրներ ունի, բայց դա շատ կարևոր տնտեսական ակտիվ է Հայաստանի համար։ Այլ հարց է, որ կարող են այնտեղ տարբեր տեսակի հարցեր լինեն՝ բաժնետերերի հետ կապված։ Ձեր թույլտվությամբ շատ չմանրամասնեմ, որովհետև այնտեղ կան բիզնես բանակցություններ, քննարկումներ, և իմ մեկնաբանությունները թերևս ճիշտ չեն լինի, և կարող է, գուցե խանգարեն նշված հարցի շուրջ։ Բայց մենք ամեն ինչ կանենք, որ վաղը ու հետագայում էլ ունենանք անյսպիսի կարևոր ակտիվ Հայաստանում, այդպիսի արտադրական հսկա», - ասաց նախարարը։
Կարծիքներ