Մարդիկ իրենց հույսը դրել են զինված ուժերի վրա ու ապրում են իրենց աշխատանքով․ Սոթքի վարչական ղեկավար

Մարդիկ իրենց հույսը դրել են զինված ուժերի վրա ու ապրում են իրենց աշխատանքով․ Սոթքի վարչական ղեկավար

Հանքավայրը գործում է, բայց ոչ ամբողջությամբ, մեր գյուղից երեսուն հոգի էր աշխատում, իսկ հիմա թիվը կրճատվել է։ «Հրապարակի»‎ հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզի Սոթքի վաչական ղեկավար Սևակ Խաչատրյանը։

Նա տեղեկացրեց, որ գյուղից հեռացողներ չեն եղել՝ մարդիկ բերքահավաքով են զբաղված։
«Առաջնային խնդիրներ ունենք, որոնց լուծումներ են տրվում։ Խմելու ջրի խնդիրն է այս տարի լուծվել, ոռոգման համակարգը պետք է արդիականացվի՝ դա էլ մյուս տարի է նախատեսված։ Պատկերացրեք՝ սահմանամերձ բնակավայր, որն ունի խնդիրներ, ինչքան էլ անես՝ մեկ է՝ ամեն տարի նոր խնդիր կա, պետք է արդիականացնես, վերանորոգես, միշտ գործ կա անելու՝ հուսանք, որ կհասցնենք անել»‎,-ասաց Խաչատրյանը։

Թշնամու կողմից կրակոցների ու սադրանքների պահով էլ ասում է, որ եթե լինում են, ապա Պաշտպանության նախարարությունն այդ մասին հաղորդագրություն է տարածում, իսկ եթե չի տարածել, ապա իրենք այլ տեղեկություններ այդ մասին չունեն։

Տարածվող լուրերն այն մասին, որ Ադրբեջանը պատրաստվում է վերցնել Սոթքի հանքավայրը, ինչպես են համայնքի բնակիչների վրա անդրադառնում, ինչ քննարկումներ են անում, Խաչատրյանն ասաց, որ բնակիչները լսում են այդ լուրերն ու շարունակում իրենց գործն անել։

«Գիտեք ոնց է, այդ մարդիկ ապրում են իրենց աշխատանքով, իրենց հույսը դրել են իրենց զինված ուժերի վրա ու իրենց գործն են անում։ Այդ մարդիկ այս տարի աշնանացան են անում՝ մյուս տարի բերքահավաքի ակնկալիքով»‎,-եզրափակեց Սևակ Խաչատրյանը։