Անեծք ու հայհոյանք

Անեծք ու հայհոյանք

Այս օրերին շատերը նախընտրում են լռել։ Թվում է՝ ազգի համար օրհասական պահին լռելը գրեթե դավաճանությանը համազոր է, բայց եթե չես կարողանալու ողջ ճշմարտությունն ասել եւ դառը խոսքեր շպրտել ոմանց երեսին, հանդիմանել իրենց գործած ու գրած հիմարությունների համար, չես կարողանալու բաց ու անկեղծ  առաջարկներ անել՝ իրավիճակից դուրս գալու եւ ընտրված մարտավարությունը հրապարակավ քննարկել ու քննադատել, ի՞նչ իմաստ ունի ինչ-որ բան ասելը։ Ի վերջո, ծանր տնտեսական կացության մեջ մի մեծ հերոսություն էլ չէ մեկ միլիոն դրամի տուգանք «շալակելը», երբ քո ճշմարտությամբ սարեր չես շրջելու եւ երկիր չես փրկելու, այլ ընդամենը սիրտդ ես հովացնելու։ Բայց անելանելիությունից ու չասվածի կուտակումից կարող է նաեւ մարդու սիրտը պայթել։ Աչքիդ առաջ քանդվում է քո եդեմական երկիրը՝ թշնամին չոքել է մեր շեմին ու հրեշի նման ամեն օր նոր, մատղաշ մարմիններ է խժռում։ Բայց սա այն դեպքը չէ, որ թշնամուն հայհոյելով ու չար բախտդ անիծելով՝ ինչ-որ բան փոխես։ Եվ ոչ էլ լալկան տեքստեր ու նամակներ գրելու ժամանակն է։ Այս օրերին ավելի ու ավելի շատ ենք հառում մեր հայացքը պատմությանը։ Մեր ազգի համար ճակատագրական պահերն են աչքիդ առաջ շարվեշարան գնում։ Ահա՝ մի ողջ ժողովուրդ, նաեւ իր անխոհեմ վարքի պատճառով, հայտնվել է հզոր պետության թշնամյաց ցանկում, եւ նրան որոշել են բնաջնջել, ու այդ ժողովուրդը հայացքը հառել է դեպի հյուսիս՝ բարի ազգերը կգան, իրեն կփրկեն։ Բայց օգնությունն ուշանում է։ Ահա, մի ողջ ժողովուրդ սպասում է, որ Եվրոպան կգա, կմիջամտի, կօգնի, մի հուսադրող լուրի է սպասում, բայց պարզվում է՝ «անգլիական նավերը հայկական լեռները» չեն բարձրանում։ Ահա, անկախ պետություն ունենալու մի նվիրական երազանք, որն ընդամենը 2 տարվա կյանք ունեցավ։