Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժ է անհրաժեշտ․ Բլինքենը՝ Ալիևին

Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժ է անհրաժեշտ․ Բլինքենը՝ Ալիևին

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժվելու անհրաժեշտության մասին: Այս մասին հայտնում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը։

«Բլինքենն ընդգծել է Լաչինի միջանցքով առևտրային, հումանիտար և մասնավոր տրանսպորտային միջոցների ազատ տարանցման անհրաժեշտությունը»,– ասված է հայտարարության մեջ:

Բացի այդ, ԱՄՆ արտաքին գերատեսչության ղեկավարն իր աջակցությունն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի բանակցությունների խաղաղ կարգավորմանը`հայտարարելով «քննարկումների ժամանակ ստեղծագործական մոտեցման, ճկունության և փոխզիջման»անհրաժեշտության մասին:

Ավելի վաղ Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Զրույցի ընթացքում Փաշինյանը նշել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ գործողությունների անհրաժեշտությունը: