«Իմ քայլին» ուղարկում են բուժման

«Իմ քայլին» ուղարկում են բուժման

Փաշինյանի ընտանեկան մամուլից տեղեկացա, որ «անկախ» պատգամավոր Արման Բաբաջանյանը տեղն է դրել իմքայլական Վահագն Հովակիմյանին՝ նրան ուղարկելով բուժման: Էս Վահագն Հովակիմյանը, ուրեմն, խոսելով ՍԴ նոր դատավորներ ընտրելու հարցում առաջացած դժվարությունների մասին, ախուվախ էր դրել, թե հիմա որտեղի՞ց տասնամյա ստաժով դատավոր գտնենք, որ կապեր չունենա նախկին իշխանությունների հետ, հետո էլ «կարեւորել» դատավոր չգտնելու համար իշխանություններին քննադատողների «քաղաքական գենետիկան»: Բայց դու մի ասա, որ այդ ցնցող հայտարարությունն անելիս Վահագն Հովակիմյանը մոռացած է եղել, որ Նիկոլ Փաշինյանի առաջադրած թեկնածուներին ամենակատաղի քննադատության ենթարկողը «Իմ քայլին» գենետիկորեն ամենամոտ կանգնած Արման Բաբաջանյանն է: Այստեղ են ասել՝ հայհոյանքը նետիր փողոց, եւ հասցեատերը կգտնվի: Արման Բաբաջանյանն էլ «տուտ ժե» հայտնվել է դեպքի վայրում եւ Վահագն Հովակիմյանին ուղարկել իր իմացած ճիշտ ճանապարհով՝ բժշկի դուռը. «Նման գնահատականը բավական անառողջ է եւ բուժման կարիք ունի: Հետեւաբար, կարող եմ միայն առողջություն մաղթել իմ գործընկերոջը»: 

Հավելենք միայն, որ նորին մեծություն Բաբաջանյանը չի ընդունում նաեւ Նիկոլ Փաշինյանի նոր թեկնածուին՝ Էդգար Շաթիրյանին, պատճառաբանելով, որ հին համակարգից դատավորների ընտրությամբ փոխվելու են միայն ՍԴ դատավորների անունները, եւ սահմանադրական ճգնաժամը երկրում չի հաղթահարվելու: Նա ուզում է, որ ՍԴ դատավորները զերծ լինեն որեւէ «աֆիլյացիայից», որեւէ խմբավորման, քաղաքական, սոցիալական կամ տնտեսական որեւէ շերտի, այդ թվում՝ իշխանության հետ կապերից ու առնչակցություններից: Փաստորեն, Վահագն Հովակիմյանը, ըստ էության, ճիշտ հարց է տալիս՝ բա այդպիսի դատավոր որտեղի՞ց գտնենք… Միայն այլմոլորակայինները կարող են բավարարել Արման Բաբաջանյանի «սահմանած շեմը», նրանք էլ, ավաղ, վերջին տարիներին ուշ-ուշ են ժամանում Հայաստան: 

Հիշում եմ, այդպիսի մի անբասիր դատավոր հաջողացրինք ընտրել մոտ մեկ տարի առաջ: Վահե Գրիգորյանն իսկապես զուրկ էր որեւէ «աֆիլյացիայից» եւ որեւէ խմբավորման, որեւէ քաղաքական կամ տնտեսական շրջանակի հետ «առնչակցություն» չուներ: Խիղճը՝ մաքո՛ւր, մաքուր, ինքը՝ սեւ մորուքով եւ հրեշտակի սպիտակ թեւերով… Իսկ գուցե Արման Բաբաջանյանի՞ն հանձնարարենք ՍԴ դատավոր նշանակելու կարեւոր գործը: Այլապես նա կարող է բժշկի դուռն ուղարկել ոչ միայն ԱԺ «Իմ քայլը» խմբակցությանը, այլեւ կառավարությանը, որին արդեն մեղադրում է սահմանադրական բարեփոխումների գործընթացը տապալելու մեջ:

Այս զավեշտը դնելով մի կողմ՝ կուզենայի Փաշինյանին մի քանի բան ասել: Պարոն Փաշինյան, կարո՞ղ եք, արդյոք, ընդամենը 5 հաջողություն նշել, որոնց հասել եք ՍԴ-ի շուրջ այս կապկազ թամաշայի արդյունքում: Շատ չէ, ընդամենը՝ 5: Անձամբ ես կարող եմ 5 ձախողում նշել, որ Դուք եւ Ձեր թիմը թույլ եք տվել այս ճակատում՝ 1. ՍԴ անդամներին կաշառք առաջարկելը, 2. ապօրինի հանրաքվեի կազմակերպումը, 3. հանրաքվեի ամոթահար չեղարկումը, 4. 88+1 կողմ ձայներով հակասահմանադրական փաթեթի ընդունումը, որը ՀՀ նախագահը չստորագրեց, 5. օրենքի խախտումով ՍԴ նախագահի պաշտոնակատարի նշանակումը: Կարող եմ շարունակել՝ 6. Վահագն Հովակիմյանին այս գործի քավոր նշանակելը, 7. ՍԴ-ն Արման Բաբաջանյանի նմանների խորհրդով քանդելը: 
Պարոն Փաշինյան, Դուք միայն ՍԴ-ի հարցում չէ, որ անհետեւողական եք: Դուք որոշումներ եք կայացնում՝ չմտածելով դրանց հետեւանքների մասին, քանդում եք եղածը՝ չիմանալով ինչպես սարքել նորը: Ձեր այդ վարքագիծը, արդյոք, Վահագն Հովակիմյանի ասած՝ «գենետիկական» դրսեւորում չէ՞: Ես արդեն չեմ կասկածում, որ Սահմանադրական դատարանը մեկ այլ՝ Գերագույն դատարանով փոխարինելու այս խոսակցությունները մի նպատակ ունեն միայն՝ ինչ-որ կերպ կոծկել խայտառակությունը, որ արդեն իսկ տեղի է ունեցել: Եթե դա հնարավոր էր անել ավելի վաղ, ինչո՞ւ էիք դատավորներին ուղարկում թոշակի, ինչո՞ւ էիք հանրաքվե կազմակերպում, ինչո՞ւ ողջ իշխանությամբ ներքաշվեցիք մի հանցագործության մեջ, որ կոչվում է սահմանադրական կարգի տապալում: Հրայր Թովմասյանի նախագահության շրջանում Դուք խոսում էիք Սահմանադրական դատարանի ճգնաժամի մասին, մինչդեռ Ձեր «բարեփոխումներով» պարզապես սպանեցիք ՍԴ-ն՝ այն մատնելով անգործության ու վերածելով անկելանոցի, որտեղ ոչ ոք չի աշխատում, բայց լիուլի աշխատավարձ ու պարգեւավճար է ստանում:

Վիճակը, այո, շատ վատ է, պարոն Փաշինյան, հաթաթաներ տալով՝ խարխլել եք երկրի իրավական հիմքերը եւ կանգնել կոտրած տաշտակի առաջ: Այս իրավիճակից թերեւս մեկ ելք ունեք՝ Վահագն Հովակիմյանին եւ մնացած 87-ին ուղարկել բժշկի, իսկ Արման Բաբաջանյանին ՍԴ դատավոր նշանակելու իրավունք տալ: Գուցե իսկապե՞ս հասնեք ՍԴ-ն սեփականաշնորհելու խայտառակ նպատակին: Էս ամեն ինչի համար, պարոն Փաշինյան, վերջում Դուք եք պատասխան տալու, Արման Բաբաջանյանով, Վահե Գրիգորյանով, ՀԱԿ-ի խորհրդատուներով, Արայիկ Հարությունյանով, Արսեն Թորոսյանով-բանով մնալու են Ձեզ վրա: