Բողոքում եմ՝ գործ տվող եմ, իրենց համարժեք պատասխան եմ տալիս՝ ագրեսոր եմ

Բողոքում եմ՝ գործ տվող եմ, իրենց համարժեք պատասխան եմ տալիս՝ ագրեսոր եմ

ԲՈՂՈՔՈՒՄ ԵՄ՝ ԳՈՐԾ ՏՎՈՂ ԵՄ, ԻՐԵՆՑ ՀԱՄԱՐԺԵՔ ՊԱՏԱՍԽԱՆ ԵՄ ՏԱԼԻՍ՝ ԱԳՐԵՍՈՐ ԵՄ


«Հրապարակը» հուլիսի 31-ին անդրադարձել էր Արմավիրի մարզի Զարթոնք համայնքի ղեկավարի տեղակալ Սուրեն Պողոսյանի կալանավորմանը։ Վերջինս ճաղերի ետեւում էր հայտնվել հուլիսի 26-ին՝ իր եւ նախկին գյուղապետ Պարույր Սարգսյանի համախոհների միջեւ տեղի ունեցած ծեծկռտուքից հետո։ Ծեծկռտուքը, ըստ վկաների, սադրել էին նախկին ղեկավարի թիմակիցները։ Հիշեցնենք, որ միջադեպի ընթացքում, դարձյալ ըստ ականատեսների, նախկին գյուղապետի թիմակիցները թիկունքից հարձակվել ու քարերով, բիտաներով եւ մետաղական ձողերով ծեծել էին համայնքի գործող ղեկավարի տեղակալ Սուրեն Պողոսյանին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։ Պողոսյանին տեղափոխել էին հիվանդանոց։

Դեպքից երեք օր անց՝ հուլիսի 29-ին, Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Սուրեն Պողոսյանին կալանավորելու որոշում էր կայացրել։ Դատարանի մոտ հավաքված նրա համագյուղացիները զարմացել էին․ «Ամեն ինչ անում են, որ տուժողից մեղադրյալ սարքեն»։
Երկուսի փոխարեն, Սուրեն Պողոսյանն անազատության մեջ մնաց մեկ ամիս։ Օգոստոսի 26-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը բավարարեց պաշտպանական կողմի բողոքն ու վերացրեց Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի՝ Պողոսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշումը։

«Զարթոնքի նախկին ղեկավար Պարույր Սարգսյանը չի կարողանում մարսել, որ գյուղացիներին համախմբեցի, իր դեմ բողոքի ցույցեր կազմակերպեցի, մերժեցինք իրեն։ Ճիշտ է՝ հրաժարական տվեց, բայց հույս ուներ, թե նորից կընտրվի։ Երբ չընտրվեց, սկսեց արշավել իմ դեմ»,- ասում է ազատությունը վերապրող Սուրեն Պողոսյանը։ 

Նրա խոսքով՝ Պարույր Սարգսյանի մարդիկ անընդհատ կռիվ են ման եկել, սպառնացել են իրեն ու ընտանիքին, սադրել են, որ ներքաշվի կռիվների մեջ, հայհոյել են նաեւ սոցկայքերով։ «Քանի որ քֆուրն իրենց մտածելով ապաքրեականացված է, ասում են՝ արխային քֆուր արեք։ Հայհոյել ու հայհոյում են նաեւ ֆեյքերով։ Դիմել եմ ոստիկանության Մեծամորի բաժին, ներկայացրել, որ տանս վրա ահաբեկչություն են գործում, վախեցնում են, բայց բանի տեղ չեն դնում։ Սարգսյանի մարդիկ էլ, առիթից օգտվելով, լարվածություն են ստեղծում, ապակայունացնում համայնքի մթնոլորտը, խոչընդոտում կառուցողական աշխատանքներին․․․»։

Ու քանի որ լարված մթնոլորտը մի օր պետք է պայթեր, դա տեղի ունեցավ հուլիսի 26-ին՝ հայտնի միջադեպով։ Բանտում հայտնվեցին ոչ թե կռիվը հրահրողները եւ, ըստ վկաների,  նախահարձակներն ու հրահրիչները, այլեւ համայնքի ղեկավարի տեղակալը, որի դեմ «ատամ են կրճտացնում» նախկինները։

Ըստ Պողոսյանի՝ ամենաթողությունը հասցրել է նրան, որ ոստիկանության Մեծամորի բաժնում՝ վերնախավի ներկայությամբ, Զարթոնքի նախկին գյուղապետ Պարույր Սարգսյանը սպառնացել է իրեն։ «Լավ իմացիր, որ դու մեր առաջին թշնամին ես։ Մենք վրեժխնդիր ենք լինելու քեզնից ու չենք թողելու, որ աշխատես։ Այս հայտարարությունը նա արեց բարձրաստիճան ոստիկանների ներկայությամբ, ու չգտնվեց մեկը, որ ասեր՝ պարոն Սարգսյան, մեր ներկայությամբ էս ի՞նչ սպառնալիքներ ես քեզ թույլ տալիս։ Իրենք լռեցին, իսկ ես հասկացա, որ նման ոստիկանությանը չի կարելի վստահել»։

Պողոսյանի խոսքով, Պարույր Սարգսյանն իր պաշտոնավարման 34 տարիների ընթացքում հասցրել է մտերիմ հարաբերություններ ստեղծել ոստիկանական ու դատաիրավական համակարգում։ «Ինձ դատող առաջին ատյանի դատավորը նրա 25 տարվա ընկերն է, որի հետ Զարթոնքի լճերում խնջույքներ էին կազմակերպում։ Սերտ կապեր ունի նաեւ ոստիկանների հետ, դրա համար էլ հուլիսյան դեպքի վայրը հավուր պատշաճի չուսումնասիրվեց, անգամ տարածքը չառանձնացվեց, որտեղ գլխիս ջարդած գարեջրի շշեր ու քարեր էին մնացել։ Անհայտ հանգամանքներում վերացավ նաեւ ծեծկռտուքի տեսագրությունը։ Արվեց ամեն հնարավորը՝ մեղավորների հետքերը կոծկելու եւ ինձ թիրախավորելու համար։ Այսինքն՝ Պարույր Սարգսյանի սուտը, թե հարվածել եմ իր գլխին, ընդունեցին որպես հիմք, իսկ ինձ ուղղված սպառնալիքների մասին պարբերաբար ահազանգերն ու վերջին միջադեպից տուժած լինելուս փաստն անտեսեցին։ Դեռ մի բան էլ ինձ ագրեսոր են համարում։ Բողոքում եմ, ասում են՝ գործ տվող ես, իրենց համարժեք պատասխան եմ տալիս՝ ագրեսոր եմ»։