Գլխավոր դատախազի ցուցումով ցմահ դատապարտյալներին հետ են տարել ամբողջովին փակ ռեժիմ

Գլխավոր դատախազի ցուցումով ցմահ դատապարտյալներին հետ են տարել ամբողջովին փակ ռեժիմ

Շուրջ 5-6 ցմահ դատապարտյալների կիսաազատ ռեժիմից տեղափոխել են ամբողջովին փակ ռեժիմ։ Մենք գրել էինք, որ Վանո Սիրադեղյանի հայտնի «բանդայի» գործով ցմահ դատապարտյալ Արմեն Տեր-Սահակյանին օգոստոսի 21-ին «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից, որտեղ նրան 6 ամիս առաջ տեղափոխել էին կիսաազատ ռեժիմի, հետ են տարել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ՝ փոխելով ցմահ դատապարտյալի ռեժիմը, այսինքն՝ նա կրկին փակ ռեժիմում է գտնվում։ Այս մասին ունեցած մեր տեղեկությունը հաստատեց Տեր-Սահակյանի որդին՝ Աբգար Տեր-Սահակյանը։ «Դատախազը բողոքել է ռեժիմը փոխելու դեմ, 6 ամիս էր, ինչ Վարդաշենի գաղութում էր։ Երեկ մոտը տեսակցության էինք, ափալ-թափալ, երեկոյան 17։30-ի կողմերը Վարդաշենի գաղութի պետի «Նիվայով» տարել են, ասել են՝ արագ շորերը հավաքի, ու էլի տարել են հետ՝ բերդ։ Ոչ ոք չի իմացել, որ այդպիսի բան կարող է լինել։ Եթե դատախազը բողոքել է, իրենք իրավունք չունեին հորս տանեին, մինչեւ չտեսնեին, թե էդ հարցն ինչ է լինում»,- ասաց Աբգար Տեր-Սահակյանը։

Արմեն Տեր-Սահակյանի պաշտպան Սուսաննա Սարգսյանը եւս հաստատել էր մեր տեղեկությունը՝ ասելով, որ կիսաազատ ռեժիմից կրկին հետ են տարել Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկ, սակայն դեռեւս հիմքերին ծանոթ չէ եւ չի կարող մեկնաբանել։ Լուրի հրապարակումից հետո մեզ հետ կապվեց այս գործով մեկ այլ ցմահ դատապարտյալի՝ Ալիկ Գրիգորյանի որդին՝ Աշոտ Գրիգորյանը՝ նշելով, որ Արմեն Տեր-Սահակյանին տեղափոխելուց 2 օր հետո իր հորն էլ են տեղափոխել «Նուբարաշեն»։

«Արմեն Տեր-Սահակյանին տանելուց 2 օր հետո էլ հայրիկիս են տարել։ Նախ առաջինը՝ ծանուցում չեն ներկայացրել, ներկայացրել են, որ դատախազությունը կասեցրել է, դրանից բացի ոչ մի հիմք չեն ներկայացրել։ Հայրիկս 5 ամիս 15 օր եղել է «Վարդաշեն» ՔԿՀ-ում՝ կիսաբաց ռեժմով, ոչ մի կարգապահական խախտում կամ տույժ չի ունեցել։ Ես ունեմ տեղեկություն, որ քրեակատարողական ծառայության պետն անձամբ չի ստորագրել, որ հորս տեղափոխեն փակ ռեժիմ, եւ առանց հիմք ներկայացնելու»,- ասաց Աշոտ Գրիգորյանը՝ հավելելով, որ, ի տարբերություն Տեր-Սահակյանի՝ Ալիկ Գրիգորյանին «Վարդաշենի» պետի «Նիվայով» չեն տարել, այլ «սպեցնազի» տղաներն են եկել, «Ռենոյով» տեղափոխել։

Մենք կրկին կապվեցինք Սուսաննա Սարգսյանի հետ, ով ասաց․ «Ես պահանջել եմ գրավոր փաստաթղթեր, դեռեւս չենք ստացել, սպասում ենք պատասխանի, իսկ ընդհանրապես՝ ցմահների հետ կապված տեղեկացված ենք, որ միայն Ալիկ Գրիգորյանին եւ Արմեն Տեր-Սահակյանին չեն վերադարձրել նախկին ռեժիմին, այլ եւս 5-6 հոգու վերաբերյալ է նման որոշում կայացվել եւ, ըստ դեռեւս չստուգված տեղեկատվության, գլխավոր դատախազի ցուցումով է իրականացվել։ Ներկայիս դրությամբ ես փորձում եմ այդ հանգամանքները ճշտել»։

Թեմայի առնչությամբ պարզաբանում խնդրեցինք նաեւ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանից, թե ինչպես կմեկնաբանի, որ ցմահ դատապարտյալներին տեղափոխել են փակ ռեժիմ, դա գլխավոր դատախազի ցուցո՞ւմն է։ Նա պարզաբանեց, թե ցմահ դատապարտյալները կիսաբաց ռեժիմում դրական վարքագիծ չեն դրսեւորել։

«ՀՀ գլխավոր դատախազության պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազը 2020թ. օգոստոսի 17-ին եւ 20-ին կայացված որոշումներով կասեցրել է ցմահ ազատազրկման դատապարտված Արմեն Տեր-Սահակյանին եւ Ալիկ Գրիգորյանին կիսաբաց ուղղիչ հիմնարկ տեղափոխելու, նրանց նկատմամբ նշանակված պատիժը ՀՀ ԱՆ «Վարդաշեն» ՔԿՀ-ում կատարելու վերաբերյալ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում գործող տեղաբաշխման հանձնաժողովի ավելի վաղ կայացված որոշումները՝ հիմք ընդունելով մի շարք էական հանգամանքներ: Մասնավորապես՝ որոշումների հիմքում դրված փաստաթղթերի, ինչպես նաեւ դատապարտյալների անձնական գործերի եւ անհատական քարտերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ դատապարտյալները կիսափակ ուղղիչ հիմնարկում պատիժ կրելիս դրական վարքագիծ չեն դրսեւորել: Կիսաբաց ուղղիչ հիմնարկում պատիժ կրելու վերաբերյալ որոշում կայացնելիս պետք է առնվազն հիմնավորվեր, որ դատապարտյալների հետ իրականացվել է սոցիալական, հոգեբանական եւ իրավական աշխատանքների՝ կիսափակ ուղղիչ հիմնարկի համար անհրաժեշտ եւ բավարար ծավալը, ինչը Տեղաբաշխման հանձնաժողովի որոշումներով եւ դատախազությանը ներկայացված փաստաթղթերով որեւէ կերպ չի հիմնավորվել: Ավելին, դատապարտյալների կողմից դրական վարքագծի դրսեւորումը հիմնավորվել է այն նույն ելակետային փաստարկներով, որոնք դրվել են նրանց փակից կիսափակ ուղղիչ հիմնարկ տեղափոխելու վերաբերյալ որոշումների հիմքում: 

Մինչդեռ կիսափակ ուղղիչ հիմնարկում պատիժ կրելիս նրանց վարքագծում որեւէ դրական փոփոխություն չի արձանագրվել: Հատկանշական է այն հանգամանքը, որ Ա. Տեր-Սահակյանը ՀՀ ԱՆ «Վարդաշեն» ՔԿՀ-ի կիսաբաց ուղղիչ հիմնարկ տեղափոխվելուց հետո՝ 2020 թվականի հուլիսի 13-ին, ենթարկվել է կարգապահական տույժի՝ այն բանի համար, որ փորձել է խոչընդոտել խուզարկության ընթացքում ծառայողների կողմից իրականացվող օրինական գործողություններին, խուսափել է խուզարկություն իրականացնող անձանց օրինական պահանջները կատարելուց, ինչպես նաեւ անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել իրենց ծառայողական պարտականությունները կատարող քրեակատարողական ծառայողների նկատմամբ: Նշված հանգամանքը թեեւ չի դիտարկվել որպես կասեցման որոշման հիմնավորում, սակայն եւս վկայում է, որ դատապարտյալին կիսափակ ուղղիչ հիմնարկից կիսաբաց ուղղիչ հիմնարկ տեղափոխելու մասին որոշումը ժամանակավրեպ էր»,- ասաց Աբրահամյանը։ 

Պատասխանելով հարցին, թե քանի ցմահ դատապարտյալ է տեղափոխվել փակ ռեժիմ, Աբրահամյանը պատասխանեց․ «Դատախազությունը դիմել եւ ստացել է տարբեր ՔԿՀ-ներում պահվող դատապարտյալների, այդ թվում նաեւ ցմահ դատապարտյալների վերաբերյալ կայացված նմանատիպ որոշումները, դրանց առնչվող համապատասխան փաստաթղթերը, դատապարտյալների անձնական գործերը, որոնք այս պահին ուսումնասիրվում են»։
Նշենք, որ Արմեն Տեր-Սահակյանն ազատազրկված է 25 տարուց ավելի, Ալիկ Գրիգորյանը՝ 23 տարի, եւ հասկանալի չէ, թե, տեղափոխվելով կիսաբաց ռեժիմ, որն ավելի թեթեւ է, ինչո՞ւ պետք է կարգապահական խախտումներ թույլ տային։ Նշենք նաեւ, որ Արմեն Տեր-Սահակյանը դատական ճանապարհով փորձում է հասնել վաղաժամկետ ազատման։