Եթե նպատակահարմար չեն համարի իմ պաշտոնավարումը ՍԴ դատավորի պաշտոնում, ողբերգություն չեմ տեսնում

Հետևեք մեզ նաև Տելեգրամում
Եթե նպատակահարմար չեն համարի իմ պաշտոնավարումը ՍԴ դատավորի պաշտոնում, ողբերգություն չեմ տեսնում

Կառավարությունը երկար փնտրտուքներից հետո ՍԴ դատավորի նոր թեկնածուի վրա կանգ առավ՝ Էթիկայի հանձնաժողովի նախկին անդամ Էդգար Շաթիրյանի։ Հիշեցնենք․ կառավարության մի փորձը՝ Վահրամ Ավետիսյանին առաջադրել, ձախողվեց, քանզի ԱԺ «Իմ քայլը» խմբակցության հակասորոսական թեւի գրոհի արդյունքում նա ինքնակամ հրաժարվեց իր թեկնածությունը դնելուց։ Հիմա Էդգար Շաթիրյանի հերթն է, որը, հիշեցնենք, ԱԺ-ում ընտրվեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ, սակայն քանի որ նախագահ ընտրեցին ԼՀԿ թեկնածուին, հրաժարվեց շարքային անդամ լինելուց։ Զրուցել ենք պարոն Շաթիրյանի հետ։

- Ինչպե՞ս եղավ, որ կառավարության ընտրությունը Ձեզ վրա կանգնեց։

- Անկեղծ ասած՝ հարցի հասցեատերը ես չեմ, որովհետեւ Սահմանադրությամբ ՍԴ դատավորի թեկնածու առաջադրելու իրավասությունը վերապահված է կառավարությանը։ Այլ հարց է, որ սրան նախորդած գործընթացներում միգուցե որոշակի ճանաչելիություն էի ձեռք բերել՝ նկատի ունեմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության գործընթացը։ Միգուցե դա էլ որեւէ կերպ ինչ-որ ազդեցություն ունեցել է կառավարության վրա։ Ամեն դեպքում, որոշում կայացնողը եղել է կառավարությունը։

- Իսկ կարո՞ղ է կառավարության հանդեպ Ձեր լոյալ կեցվածքն է դեր խաղացել, որ հենց Ձեզ են ընտրել։

- Անկեղծ ասած՝ ես իմ դիրքորոշումը Սահմանադրական դատարանի շուրջ իրադարձությունների առնչությամբ ներկայացնելիս որեւէ ակնկալիք չեմ ունեցել, ես էս պահին էլ՝ լավ, թե վատ, ապահովված եմ թե՛ աշխատանքով, թե՛ բարձր վարձատրությամբ եւ հասկանում եմ, որ անկախ նրանից՝ ընտրությունն ինձ վրա կանգ կառներ, թե որեւէ այլ անձի, շատ լուրջ պատասխանատվություն է ստանձնում համապատասխան սուբյեկտը թեկնածուի կարգավիճակում։

- Եթե ապահովված եք լավ աշխատանքով եւ բարձր աշխատավարձով, Ձեր ինչի՞ն է պետք, ինչպես ասում են, անցավ գլուխը ցավի տակ դնել։

- Իհարկե, կարող են լինել նաեւ այդօրինակ մեկնաբանություններ, բայց նպատակս շատ ազնիվ ու շիտակ է՝ ինչ-որ չափով իմ համեստ լուման ներդնել մեր երկրի պետականաշինության գործընթացում՝ անկախ բոլոր հանգամանքներից։

- Դուք Ձեր համեստ լուման ներդնելու շանս ունեիք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում, բայց ինչ-որ բանից նեղսրտած կամ նեղացած՝ հրաժարվեցիք դրանից, որովհետեւ չընտրվեցիք նախագահ։

- Ճիշտ է, շատ են այդօրինակ հարցադրումներ հնչում, կարծում եմ՝ նաեւ առավելապես շահարկումներ եւ ուղղորդվող կամ մտացածին, ուստի եկեք նույնական հարթությունում էս գործընթացները չդիտարկենք։ Ճիշտն ասած՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հետ կապված էջը փակված եմ համարում, չէի ուզենա անգամ ընդհանրական մեկնաբանություններ հնչեցնել այդ առնչությամբ։ Ընդամենը մի դիտարկում․ ես դրան նախորդած մարմնում՝ Էթիկայի հանձնաժողովում, պաշտոնավարել էի շուրջ 5 տարի, եւ զուտ առաջադրման առումով, կարծում եմ, բարոյական իրավունք ունեի առաջադրվելու։ Իսկ թե ինչու հեռացա, բաց տեքստով նշել եմ։

- Դուք տեսաք, թե ինչ ճակատագիր ունեցավ կառավարության նախորդ թեկնածուն՝ Վահրամ Ավետիսյանը, ում «Իմ քայլը» խմբակցությունը չընդունեց։ Մտավախություն չունե՞ք, որ Ձեզ հետ կարող է նույնը կրկնվել, թե՞ արդեն ստացել եք երաշխիք, որ կընտրեն Ձեզ։

- Որեւէ երաշխիք չեմ ստացել, բայց խմբակցության պատգամավորների մեծ մասի հետ տեղի է ունեցել հարցուպատասխան՝ հանդիպման շրջանակում, պատգամավորներն ինձ ուղղել են իրենց հուզող հարցադրումները, եւ ես փորձել եմ հնարավորինս սպառիչ պատասխանել դրանց։ Ինչքանով էին գոհացնող իմ դիրքորոշումները, մոտեցումներն իրենց հարցերին, երեւի կերեւա ԱԺ-ում ծավալվող գործընթացների շրջանակում եւ քվեարկությամբ։ Ամեն դեպքում, քվեարկությունը փակ է լինելու, եւ էս պահին ելքի կանխորոշված լինելու առումով տեղին չեմ համարում որեւէ դիտարկում։

- Եթե քվեարկությունն այնպիսին լինի, որ չընտրվեք, դա Ձեր վարկանիշի, հետագա գործունեության վրա որեւէ կերպ կազդի՞։

- Ես հրապարակային ասել եմ, որ պատրաստ եմ ընդունել Ազգային ժողովում քվեարկության ցանկացած արդյունք, այդ թվում՝ բացասական ելք, այն պարզ գիտակցումով, որ ես թեկնածուն լինեմ, թե որեւէ իքս սուբյեկտ, վերջնական որոշում կայացնողն Ազգային ժողովն է։ Եթե նպատակահարմար չեն համարի իմ պաշտոնավարումը ՍԴ դատավորի պաշտոնում, ողբերգություն չեմ տեսնում։

- Դուք կառավարության թեկնածուն եք եւ եթե ընտրվեք ու գնաք ՍԴ, Ձեզ կարող են համարել գործող իշխանության «սրտի ՍԴ դատավոր», ու նաեւ դրանով կասկածի տակ կդրվի Ձեր անաչառությունը։

- Եկեք տեղափոխվենք սահմանադրական կարգավորումների հարթություն, որովհետեւ Սահմանադրության փոփոխություններով 9 դատավորներից երեքական թեկնածուների առաջադրում է նախագահը, դատավորների ընդհանուր ժողովը եւ կառավարությունը։ Այդ տրամադրության կոնտեքստում կառավարության կողմից առաջադրված յուրաքանչյուր թեկնածուի հետ կապված՝ կարող են հնչել այդօրինակ մեկնաբանություններ։ Այդուհանդերձ, ինքնագովեստ չլինի, բայց առնվազն իմ մասնագիտական գործունեության ընթացքում իմ անաչառությունը կասկածի տակ դնելու որեւէ հիմք չեմ տվել։ Այլ հարց է, որ ես պաշտոնավարել եմ կոլեգիալ հիմունքներով գործող մարմնի կազմում եւ եղել եմ այդ հանձնաժողովի հինգ անդամներից ընդամենը մեկը, որը, կարծում եմ, որոշակի ներդրում ունեցել է այդ համակարգի հետագա զարգացման պրոցեսում։

- Այսինքն, եթե վաղը, օրինակ, քաղաքական հնչեղություն ունեցող որեւէ գործ քննելու լինեք, դիցուք՝ Քոչարյանի գործը, եւ այդտեղ տեսնեք, որ պետք է կայացնեք այնպիսի որոշում, որը չի բխում գործող իշխանությունների քաղաքական շահերից, Դուք դա անկաշկանդ կարո՞ղ եք անել։

- Տեսեք, այդ գործի հետ կապված՝ այս պահին ընդհանրապես ձեռնպահ կմնամ մեկնաբանություններից ոչ այն պատճառով, որ ունեմ ինչ-ինչ մտավախություններ, այլ զուտ այն պատճառաբանությամբ, որ այդ գործի դիմումն այս պահին գտնվում է Սահմանադրական դատարանում։ Իհարկե, ես այս պահին ունեմ թեկնածուի կարգավիճակ եւ վստահ չեմ, որ կընտրվեմ ՍԴ դատավորի պաշտոնում, բայց այդ իրողությունը հաշվի առնելով՝ եկեք այս պահին այդ հարցին չանդրադառնամ։

- Ինչո՞ւ, վստահ չե՞ք, որ կընտրվեք։

- Ես կարծում եմ՝ ցանկացած ողջամիտ մարդ նման պայմաններում չի կարող 100 տոկոսանոց վստահություն ունենալ, որ կընտրվի համապատասխան պաշտոնում։ Համենայնդեպս, ես այդպիսի վստահություն չունեմ, թեեւ այս արտահայտությունը հակառակի մասին չի վկայում։