«Առածանին»՝ Նիկոլի ու նիկոլականների մասին

«Առածանին»՝ Նիկոլի ու նիկոլականների մասին

2018 թ. գարնանը, դու, Նիկոլ, դրսի, ավելի ստույգ՝ Արեւմուտքի ուժերի ֆինանսավորման շնորհիվ, հավաքեցիր գրեթե քո կրկնօրինակը հանդիսացող մի խումբ ու սկսեցիր քայլարշավդ։ Հետո քայլողներիդ միացան պողոսները, զոմբիները, մոլորյալները, ԼԳԲՏ-ականները, սորոսականները եւ նմանատիպ այլք, նույնիսկ՝ «կարգին մարդիկ»։ Եվ հենց նրանք էլ քեզ ուսներին դրած բերեցին ու դարձրին «վարչապետ»։ 

«Ասա՝ ընկերդ ով է, ասեմ՝ դու ով ես»։ Մենք արդեն գիտենք, թե դու ով ես, այ քաջ Նազար Նիկոլ։ «Թագավորն էլ թախտին լայեղ պիտի լինի», «բլբուլի տեղ ղառղառն է իջել». Նիկոլ, սա քո մասին է։ «Վրադ ոչխարի մորթի ես առել, բայց տակից գազան ես»։ Դա դու ավելի լավ գիտես, քան որեւէ մեկը։ 

«Գիժը չի ամաչի, գժի տերը կամաչի»։ Այո, այսօր քո փոխարեն ամաչում է յուրաքանչյուր արժանապատիվ հայ՝ աշխարհի որ ծայրում էլ գտնվի, ամաչում են, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աթոռին քեզ նման ապիկարն է նստած ու չի պոկվում։ «Կտուրը քանդել ա, որ ձին քերելու դարդ չքաշի»։

Պարզ է, որ այդպես կվարվի միայն խելապակաս մարդը։ Նիկոլն էլ Արցախը նվիրեց Ալիեւին, որ ազատվի այդ «բեռից»։ Իսկ Արցախը որպես բեռ ճանաչել են միայն Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Նիկոլը՝ իրենց թայֆաներով։ Որ Նիկոլը սուտ ասելու ռեկորդակիր է, ապացուցելու կարիք չկա, քանզի փաստերի շարադրանքը տասնյակ էջեր կզբաղեցնի։

«Ամոթը ամաչողի համար է», ոչ թե Նիկոլի։ «Մարդ, որ հար ի կեսօր չամչցավ, էլի չի ամչնա»։ Այս երեք տարիներին Նիկոլը չի ամաչել, ուրեմն, ըստ առածի էլ՝ երբեք չի ամաչելու։ «Գորտը որ գորտ ա, մեկ անգամ թքես երեսին, կփախնի ջրին մեջ»: Վա՛յ, Նիկոլ, գորտի չափ էլ ամոթ ու պատկառանք չունես։ 

«Մեկ մուկը օխտը կարաս կմունտառե», իսկ Նիկոլն էլ մունտառեց Արցախի յոթ շրջանները։ Նիկոլ, դու լավ գիտես, որ քեզ հավատացողների ամբոխն այլեւս չկա կամ սմքել է ու կուչ եկել։ Նրանց ճնշող մասն այլեւս չի հավատում փչոցներիդ, կեղծ խոստումներիդ։ Նրանք համոզվել են, որ «կալից ի՞նչ խերվանք, որ կալատեղից ինչ խերվենք», որ «առավոտուն արեւից ինչ տաքացանք, ուր մնաց իրիգնապահին ինչ տաքանանք»։ 

Իսկ «էշ, մի սատկի, գարուն կգա, յոնջա (առվույտ) կուտես» հույսով ապրողներն էլ համոզվեցին, որ ոչ միայն սպասված գարունը չեկավ, յոնջան չկանաչեց, այլեւ եղածն էլ չորացավ։ Նրանք արդեն լավ են իմացել քո ով եւ ինչ լինելը, համոզվել են, որ «տանձ էիր՝ հասար, թե խնձոր էիր՝ կարմրար», որ «էշը էն էշն ա, փալանն ա փոխվել»։

«Էշի մարիֆաթը (շնորհքը) զռռալն ա»։ Թարմ օրինակ՝ օրերս Ազգային ժողովում Նիկոլի՝ փուչիկի պես անմիտ ու անիմաստ տեքստով ելույթից հետո պայթած ծափերն էին։ Նիկոլ, քո ողջ իշխանությունը ոտքից գլուխ հիվանդ է՝ գնացող հիվանդ, իսկ «հիվանդը, որ գնալու լինի, մատաղը չի օգնի»։ Ուստի փասափուսեքդ հավաքի ու հեռացիր։ 

Գիտես, անշուշտ, որ «ժողովուրդը քնած առյուծ է, որ զարթնի՝ էլ չի քնի»։ Հետո՝ Մահմուդն էլ դժոխք չէր էթում (գնում), բայց գլխին տալով տարան», ականջիդ օղ արա, Նիկոլ։ 
«Իշու քացուց չեն խռովի»։ Իսկ ո՞վ է խռովում իմքայլականների զավզակություններից, դրանց բանի տեղ դնող չկա։ 

«Էշը որ մի տեղ ցեխն ընկնի, էլ էն տեղով չի անցնի»։ Դուրս է գալիս, որ այդ կենդանին բավական խելք ունի, որ իր գործած սխալը չկրկնի։ 2018 թ. Նիկոլի բանդային ձայն տվողները գնացին ոչ թե ցեխոտ, այլ ճահճոտ ճանապարհով ու բոլորիս հասցրին այս օրվան, ինչպիսի օրվա՝ բոլորդ գիտեք։ Նիկոլի թայֆային ընտրողները թող գոնե (շատ ներողություն) ընդօրինակեն հիշյալ կենդանուն եւ երկրորդ անգամ չգնան այդ ճանապարհով, խոտոր ճանապարհով։ Որ կրկին «նախրի միջից էշի ճակատը չհամբուրենք», որ Նիկոլն ու իր թայֆեն ընդմիշտ հեռանան, որ Հայաստան աշխարհն ազատ շունչ քաշի ու չթուրքանա։ 

Նիկոլ, քանի դեռ ուշ չէ, դադարեցրու թուրքին Սյունիք հրավիրելու քո ազգակործան խաղերը։ Գոնե սյունեցի մեծ աշուղ Աշոտին ականջալուր եղիր, չէ՞ որ նա տասնյակ տարիներ առաջ ասել է. 
«Սյունյաց հողը անարատ է, Չարի սերմը բուն չի դնի՝ անհարմար է»։

Ազերի հրոսակախմբերը լցվել են մեր հողը եւ մտադիր չեն հեռանալ։ Դա Նիկոլի տկարությունից ու անկարողությունից չէ՞։ Մինչեւ ե՞րբ պիտի հանդուրժենք նրան։ 

«Օձը քանի շուտ սպանես, քո խերդ (օգուտդ) ա»։ Ուրեմն պետք է համախմբվենք եւ որքան հնարավոր է շուտ թաղենք նիկոլիզմը, այո, թաղենք, քանի որ «օձ սպանելը շնորհք չէ, շնորհքը օձ թաղելն է»։ Եկեք ազգովի տիրանանք այդ շնորհքին։

Վոլոդյա Գեղամյան
Նախկին ՍՍՀՄ ժուռնալիստների միության անդամ