Երազանք ունեմ. «I have a dream»

Երազանք ունեմ. «I have a dream»

Չափազանց ցավոտ է անարդարությունը, երբ քեզ ցեղասպանած, քո երկիրը 100 տարի առաջ օկուպացրած երկրների ղեկավարներն աշխարհին համոզել են, որ հենց դու ես օկուպանտը: Ավելին, այն փոքրիկ տարածքը, որ քեզ է փոխանցվել այդ երկրներից մեկի փլուզման հետեւանքով, դա էլ են համարում շատ եւ անվանում են քո կողմից օկուպացված:  

Այդ անարդարությունը  հաջողվել է իրականացնել այն պատճառով, որ մենք, հատկապես մեր իշխանությունները, 100 տարի լռում եւ թաքցնում ենք իրական փաստերը: Իսկ թուրքերն ու ադրբեջանցիներն ամեն առիթով եւ անառիթ ամենուրեք տարածում են իրենց ստերը՝ առանց հակազդեցության արժանանալու: 

Հայերի քանի՞ տոկոսը գիտի, թե ինչ է իրականում տեղի ունեցել 100 տարի առաջ, եթե համարյա ոչ ոք չի բարձրաձայնում այդ մասին: Եվ ինչո՞ւ պետք է մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի ղեկավարները դա իմանան, եթե հայերի մեծամասնությունը չգիտի: Իսկ որ ՌԴ ղեկավարները չգիտեն՝ վկայում է «Լավրովի ծրագիրը», ըստ որի՝ պետք է վերադարձվեին օկուպացված համարվող շրջանները: Եթե թիֆլիսեցի հայ Լավրովը չգիտի, ինչո՞ւ պետք է իմանան սանկտպետերբուրգցի ռուսները:

ԽՍՀՄ-ում Լենինը համարվում էր սրբություն, եւ նրա կատարած սխալների մասին չէր կարելի ոչ միայն բարձրաձայնել, այլեւ նույնիսկ շշնջալ: Եվ հասկանալի է, որ ԽՍՀՄ ժողովուրդները, այդ թվում՝, նաեւ հայերը, ծանոթ չէին Լենին-Աթաթուրք հանցավոր եւ դավադիր գործարքին, երբ հանուն բոլշեւիկյան հեղափոխության դեպի Արեւելք արտահանման եւ Հարավային Կովկաս վերադառնալու համար Լենինն ու Ստալինը զոհաբերեցին հայկական տարածքները:  

Հայրս՝ Գեւորգ Էմինը, պատմում էր, որ երբ հեղկոմի նախագահ Սարգիս Կասյանը մեկնում է Մոսկվա եւ զեկուցում է Լենինին Հայաստանում սովետական կարգերի հաստատման մասին, նա հարցնում է. «Երեւի հայերն ինձ ատո՞ւմ են»: Ինչին Կասյանը պատասխանում է. «Ոչ, Վլադիմիր Իլյիչ, հայերը հասկանում են, որ դա պետք էր համաշխարհային հեղափոխության հաղթանակի համար»: Աթաթուրքը Լենինին խաբեց՝ Թուրքիայի կոմկուսն արգելեց, համաշխարհային հեղափոխություն չեղավ, Սովետմիությունը փլուզվեց: Պարզվեց, որ հայերի տարածքների զոհաբերումը թուրքերին եւ ադրբեջանցիներին անիմաստ է եղել:

Երբ Հայաստանն անկախացավ, թվում էր, թե եկել է ժամանակը, որ հիմնականում  նախկին գիտնականներից եւ դասախոսներից կազմված ՀՀ իշխանությունները բարձրաձայնեին 1920 թվականին տեղի ունեցած դավադիր եւ անարդար Լենին-Աթաթուրք գործարքի մասին, երբ 2 երկրների ղեկավարներ որոշում են հարձակվել, գրավել եւ կիսել երրորդ երկրի տարածքը: Առավել եւս, որ անկախացած բալթյան հանրապետությունները բարձրաձայնեցին Մոլոտով-Ռիբենտրոպ պակտի մասին եւ հասան նրան, որ ոչ միայն աշխարհի ժողովուրդները ճանաչեցին դրա հանցավորությունը, այլեւ նույնիսկ ելցինյան Ռուսաստանը: Մինչդեռ այդ պակտը ածանցյալն էր Լենին-Աթաթուրք գործարքի: 

Ինչպես Հոլոքոստն էր իրականացվել Հայոց ցեղասպանության օրինակով, այնպես էլ Մոլոտով-Ռիբենտրոպ պակտը՝ Լենին-Աթաթուրք սխեմայով: Բայց նույնիսկ ղարաբաղյան առաջին պատերազմի հաղթական ավարտից հետո էլ մեր իշխանությունները շարունակեցին շեշտադրել ազգերի ինքնորոշման իրավունքը: Մինչդեռ, եթե նույնիսկ հաջողվեր իրականացնել այդ իրավունքը, դա կարող էր լինել միայն ԼՂԻՄ տարածքի շրջանակում: Այնպես որ, իզուր էին վերջին քառորդդարյա մեր ջանքերը եւ զոհերը՝ պահպանելու համար ազատագրված տարածքները: Լավագույն դեպքում մենք կարող էինք ստանալ ԼՂԻՄ տարածքը եւ Հայաստանին նրան կապող նեղլիկ ու վտանգավոր մի միջանցք, քանի որ խնդիրն ի սկզբանե սխալ էր դրված: Ստացանք նաեւ օկուպանտի պիտակ: 

Մեր երկրի ղեկավարները ժողովրդին խաբել էին, որպեսզի հասնեն իշխանության եւ անեն՝ ինչ ցանկանան: 

Մարտին Lյութեր Քինգի նման ես էլ ունեմ երազանք՝ «I have a dream»։ Երազում եմ, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստերից մեկում ՀՀ ղեկավարը բարձրանա ամբիոն եւ փոխանակ խոսելու Արցախի ինքնորոշման իրավունքի մասին, որն առավելագույնը կարող է լինել նախկին ԼՂԻՄ սահմաններում, ասի. «Տիկնայք եւ պարոնայք: Իմ բոլոր նախորդները ձեզ մոլորության մեջ են գցել: Արցախի ինքնորոշման հարցը բուն պրոբլեմը չէ, այլ դրա փոքրիկ հետեւանքը: Իրական խնդիրն այն է, որ 100 տարի առաջ Հայաստանի առաջին հանրապետությունը ենթարկվել է երկկողմանի հարձակման եւ օկուպացիայի: Բայց մեր օկուպացված տարածքները բաժանվել են ոչ թե այդ 2 օկուպանտների միջեւ, այլ՝ երեքի: Որոնցից երրորդը՝ Ադրբեջանը, համաձայնության է եկել վերը նշված երկուսի հետ եւ այդ դաշինքին է տրամադրել իր զինված ուժերը, որպեսզի ինքն էլ մասնակցի գրավյալ տարածքների բաժանմանը եւ հետագայում ստանա օկուպացված տարածքների իր բաժինը: Եվ այդ բաժինը ոչ թե միայն նախկին ԼՂԻՄ-ի տարածքն է, այլեւ Նախիջեւանը, Դաշտային Ղարաբաղը եւ Լեռնային Ղարաբաղի այն տարածքները, որոնք դուրս են մնացել ԼՂԻՄ սահմաններից»: 

Այդպիսի ելույթը հասկանալի եւ ընդունելի կլինի համարյա բոլորի կողմից, քանի որ, նախ, այդ օկուպացիայի փաստը հաստատված է. Միացյալ Նահանգները, օրինակ, տարիներ շարունակ չի համակերպվել դրա հետ: Երկրորդ․ շատ քիչ երկրների է հնարավոր համոզել, որ քվեարկեն որեւիցե փոքրամասնության ինքնորոշման օգտին, քանի որ դա կարող է դառնալ նախադեպ: 

Աշխարհի պետությունների ղեկավարների մեծ մասը թաքնված վախ ունի, որ իր երկրում ապրող ազգային փոքրամասնությունները կարող են հանկարծ հիշել  ինքնորոշման իրավունքի մասին եւ պահանջել, որ իրենց եւս շնորհվի ինքնավարություն կամ տրվի անկախություն: Բայց եթե որեւիցե երկիր դարձել է այլ երկրների հանցավոր եւ գաղտնի դավադրության ու հարձակման զոհ, որի հետեւանքով նրա տարածքն օկուպացվել է, աշխարհը չի ցանկանա ճանաչել այդ օկուպացիան: 
Չէ՞ որ յուրաքանչյուր երկրի ղեկավար կվախենա օրինականացնել նման անօրինականությունը, որպեսզի վաղն ինքը չհայտնվի նման զոհի կարգավիճակում:  

Գրիգոր Էմին-Տերյան