Ավելացել են ընտանեկան բռնությունների դեպքերով դատարան ուղարկված վարույթները․ ամփոփում

Ավելացել են ընտանեկան բռնությունների դեպքերով դատարան ուղարկված վարույթները․ ամփոփում

ՀՀ քննչական կոմիտեն վերլուծել և ամփոփել է 2023թ. ընթացքում ընտանեկան բռնությունների վերաբերյալ քննված քրեական վարույթների շարժընթացը։

Ըստ այդմ, նախորդ տարի Կոմիտեի վարույթում  ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով քննվել է ընտանեկան բռնության դեպքերով նախաձեռնված 1848 քրեական վարույթ՝  2022-ին քննված 960 վարույթի դիմաց։        
Այսպիսով՝ ընտանեկան բռնությունների կամ նման առերևույթ հանցավոր  արարքների վերաբերյալ քննված քրեական վարույթների քանակը, նախորդ մեկ տարվա ընթացքում, բացարձակ ավելացել են 888-ով կամ 92,5 տոկոսով։

Վարույթների քանակական աճը պայմանավորված է հիմնականում 2022թ․ հունիսից ուժի մեջ մտած Քրեական դատավարության նոր օրենսգրքի պահանջներից բխող՝ քրեական վարույթներով վիճակագրության վարման նոր մեթոդաբանությամբ։ Բացի այդ, վերջին շրջանում արձանագրվում է ընտանեկան բռնությունների վերաբերյալ դեպքերի մասին տուժողների կողմից իրավապահ մարմիններին դիմելու միտում, այսինքն վարույթների քանակական աճը պայմանավորված է ոչ թե բռնությունների դեպքերի քանակական ավելացմամբ, այլ բացահայտումների աճով։  
Դրան զուգահեռ արձանագրվել է նաև դատարան ուղարկված վարույթների քանակական աճ։ 2023-ին քննված 1848 վարույթից 338-ն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ և 341 անձի վերաբերյալ ուղարկվել է դատարան։ 2022-ին դատարան է ուղարկվել 122 վարույթ՝  126 անձի վերաբերյալ մեղադրանքով։ 

Դատարան ուղարկված վարույթների կեսից ավելին՝ 51 տոկոսը, վերաբերում է  ֆիզիկական ներգործություն կատարելու (ծեծի) դեպքերին։ Մասնավորապես 343 վարույթներից՝
• 4-ը քննվել են սպանության հատկանիշներով (2022-ին սպանության դեպքերի վերաբերյալ դատարան է ուղարկվել 9 վարույթ) 
• 4-ը՝ սպանության փորձի, 
• 1-ը՝ ինքնասպանության հասցնելու, 
• 6-ը՝ առողջությանը ծանր վնաս պատճառելու, 
• 7-ը՝ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, 
 • 30-ը՝ առողջությանը թեթև վնաս պատճառելու 
 • 1-ը՝ մարդու իմունային անբավարարության վիրուսով վարակելու, 
 • 3-ը՝ ազատությունից ապօրինի զրկելու, 
 • 3-ը՝ սեքսուալ բնույթի գործողությունների, 
 • 2-ը՝ ալիմենտ (ապրուստավճար) վճարելուց խուսափելու, 
 • 177-ը՝ ֆիզիկական ներգործության 
 • 105-ը՝ այլ հանցագործությունների դեպքերի առթիվ: 

  Դատարան ուղարկված վարույթներով մեղադրյալների գերակշռող մասը եղել են ամուսնական կապի մեջ։ Մասնավորապես 349 մեղադրյալից՝
    • 259-ը հանդիսացել են կին/ամուսին (74 տոկոս)
    • 35-ը՝ ծնող/տատ ու պապ (9,7 տոկոս),
    • 28-ը՝ քույր/եղբայր (8 տոկոս),
    • 27-ը՝ զավակ/թոռ (7,7տոկոս)։

Դատարան ուղարկված վարույթներով 359 տուժողից 
    • 13-ը եղել են մինչև 12 տարեկան, 
    • 8-ը՝ 12-14, 
    • 6-ը՝ 14-18, 
    • 332-ը՝ 18-ից բարձր տարիքի:
557 քրեական վարույթ կարճվել է, որից 463-ը` ռեաբիլիտացնող, իսկ 90-ը` ոչ ռեաբիլիտացնող, 4-ը՝ այլ հիմքով։
144-ով ավարտվել են վարույթային և ապացուցողական գործողությունները։ 14 քրեական վարույթ ուղարկվել է ըստ ենթակայության։ 

8-ն ավարտվել են եզրափակիչ ակտով և ուղարկվել դատարան։
149-ը միացվել է։ 608-ի վարույթ փոխանցվել է 2024թ.: 

ՀՀ քննչական կոմիտեն հարկ է համարում իրազեկել և զգուշացնել, որ 2022 թ. հուլիսի 1-ից ուժի մեջ մտած և գործող ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված իրավակարգավորումների համաձայն՝ որոշ հանցատեսակների պարագայում՝ օրինակ սպանություն, առողջությանը ծանր, միջին կամ թեթև վնաս պատճառելը, ազատությունից ապօրինի զրկելը, հոգեկան կամ ֆիզիկական ներգործությունը և այլն, հանցանքը մերձավոր ազգականի կողմից կատարելը համարվում է ծանրացնող հանգամանք: 

Կոմիտեն քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ նման գործողություններից։ 
 
ՀՀ քննչական կոմիտե