Քաղաքական էգոիզմ + քաղաքական էկլեկտիզմ
Նախընտրական քարոզարշավի մասին արդեն իսկ հասցրել են իրենց դիտարկումները ներկայացնել տարբեր քաղաքագետներ, փորձագետներ, սոցիոլոգներ։ Ինչպե՞ս է այն ընթանում, որքանո՞վ է պոպուլիստական, որքանո՞վ այն քաղաքական դեվիդենտներ կբերի մասնակից ուժերին։
Մեր զրուցակիցը 1999-2003թթ․ ՀՀ սոցիալական ապահովության նախարար Ռազմիկ Մարտիրոսյանն է։
-Պարոն Մարտիրոսյան, եղավ ապրիլյան հեղափոխություն, հիմա ԱԺ արտահերթ ընտրություններն են սպասվում։ Դրանց մասնակցող քաղաքական ուժերի նախընտրական քարոզարշավում Ձեզ համար եղե՞լ է որեւէ անակնկալ։
-Առաջին անակնկալն ինձ համար ժողովրդական շարժման հաղթանակն էր, որն ավարտվեց նախկին վարչապետի հրաժարականով։ Իսկ դրա հետեւանքն այն էր, որ թե՛ հասարակությունն ամբողջությամբ, թե՛ առանձին կուսակցություններ պատրաստ չէին, թե հետո ինչ պետք է անեն, չունեին հետհեղափոխական ծրագրեր։ Իսկ ինչ տեղի ունեցավ վերջին յոթ ամսվա ընթացքում, տեղի ունեցավ հընթացս։ Այս տեսանկյունից եթե դիտարկում ենք, ապա ժողովրդական շարժումն ուներ տարբեր սոցիալական շերտեր, խմբեր, եւ այն կուսակցական չէր։ Նույնիսկ կարող եմ փաստել, որ Հայաստանի հանրապետական կուսակցության շատ անդամներ, որոնք դժգոհ էին ՀՀԿ-ի իրականացրած քաղաքականությունից, նույնպես մասնակցել են այդ շարժմանը։ Բայց շարժման ղեկավարումը ստանձնեց Նիկոլ Փաշինյանը եւ իր ղեկավարած կուսակցությունը։ Ես սա կանվանեի քաղաքական էգոիզմ, որովհետեւ նման իրավիճակներում պետք է ձեւավորել ճակատ։
Ավելի օգտակար կլիներ, որ ձեւավորվեր ճակատ եւ ԱԺ ընտրություններին մասնակցեին ճակատի սկզբունքով։ Դա իր մեջ կներառեր բոլոր այն քաղաքական ուժերին, սոցիալական շերտերին, որոնք մասնակցել էին շարժմանը։ Այդ շարժումը համաժողովրդական էր, եւ այն մեկ կուսակցության գործունեության արգասիքը չէր։ Ճիշտ է, շարժումն, ի վերջո, առաջնորդեցին Նիկոլ Փաշինյանը եւ «Քաղաքացիական պայմանագիրը», բայց այն ավելին էր, քան՝ մեկ կուսակցություն։ Սակայն շարժումն այդպես էլ չստեղծեց մեկ ընդհանուր ճակատ եւ չգնաց ազգային համաձայնության խորհրդարան ստեղծելու ճանապարհով։ Այսօր հասարակության գերխնդիրը վերջին երեսուն տարիների սրբագրությունն է, մաքրագրումը։ Եթե մենք պայմանականորեն ընդունենք, որ անցած երեսուն տարիների ընթացքում տեղի է ունեցել սեւագրություն, ապա պետք է տեղի ունենա մաքրագրում, որը մեկ կուսակցության խնդիրը չէ։
Ցավոք, ներկա իշխանությունը չգնաց քաղաքական եւ սոցիալական բազայի ընդլայնման ճանապարհով, ընդհակառակը՝ մենք տեսանք, որ «Ելք» դաշինքը տրոհվեց, եւ այն խմբերը, որոնք մասնակցել էին շարժմանն, այսօր հանդես են գալիս առանձին-առանձին։ Սա ստեղծում է նոր իրավիճակ։ Եթե գերխնդիրն արդյունավետ պետական համակարգի ստեղծումն է, ապա մենք անպայման գործ ենք ունենալու նոր Սահմանադրության հետ։ Մենք տասը տարին մեկ անգամ ընդունել ենք նոր Սահմանադրություն, որը խաթարել է պետական ապարատի գործունեությունը։ Հիմա գերխնդիրը արդյունավետ պետական համակարգի ձեւավորումն է, որը պահանջելու է նոր Սահմանադրություն։ Բայց նոր խորհրդարանը, եթե ձեւավորվելու է կուսակցական սկզբունքով, ճիշտ չի լինի Սահմանադրությանն անդրադառնալը։ Իսկ նոր Սահմանադրության հարցում, կարծում եմ, պետք չէ շտապել, եւ պետք է ընդգրկել հասարակության տարբեր շերտերին։
-Դատելով ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից, նրանց ներկայացրած ցուցակներից՝ ինչպիսի՞ խորհրդարան կունենանք դեկտեմբերի 9-ից հետո։
-Եթե կատարենք սոցիոլոգիական ընդհանրացում, ապա ես դա կորակեի քաղաքական էկլեկտիզմ՝ տարբեր անձերի եւ խմբերի մեխանիկական միավորում, որը հիմնված չէ ընդհանուր գաղափարաբանության վրա։ Տեսեք, վերջին յոթ ամսվա ընթացքում Նիկոլ Փաշինյանը միշտ հայտնվել է մի իրավիճակում, որ կա՛մ պետք է վերաիմաստավորեր իր նախորդ հայտարարությունը, կա՛մ իր թիմից որեւէ մեկի անհաջող արտահայտությունը փորձեր նորից մեկնաբանել։ Սա էկլեկտիզմի արդյունք է, որն անընդհատ ուղեկցել է նրան անցած ամիսներին, ուղեկցում է նաեւ քարոզարշավի ժամանակ։
Այժմ նրա դերը ոչ միայն իր ընդդիմախոսներին պատասխանելն է, ոչ միայն ուշադիր լինելն է իր խոսքի հանդեպ, որպեսզի չառաջանան հակասություններ, այլ նաեւ իր խմբի անդամներին հետեւելը, քանի որ նրանք կարող են արտահայտել տարբեր, հակասող մտքեր։ Սա քաղաքական էկլեկտիզմ է, որը, ցավոք, տեղ է գտնելու նաեւ խորհրդարանում։ Իսկ դա անընդհատ խնդիրներ է ստեղծելու կառավարող կուսակցության եւ նրա լիդերի համար։
Կարծիքներ