Եթե անգամ Դուք ճիշտ եք, նշանակում է՝ այս իշխանությունը մեզանից վատն է

Եթե անգամ Դուք ճիշտ եք,  նշանակում է՝ այս իշխանությունը մեզանից վատն է

Ճակատագրի հեգնանքով, թե հանգամանքների դասավորությամբ՝ ՀՀԿ-ն այսօր ընտրարշավի ընթացքում բախվում է գրեթե նույն խոչընդոտներին, ինչին երբեմնի ընդդիմադիրներն էին բախվում ՀՀԿ-ի օրոք։ ՀՀԿ քարոզչության պատասխանատու Արմեն Աշոտյանը երեկ մեզ հետ զրույցում թվարկեց, թե ինչ խոչընդոտների են իրենք հանդիպել այս 4-5 օրվա ընթացքում։ Նախ դժգոհեց ԶԼՄ-ներից, որ դրանց մի մասը, հատկապես նրանք, որոնց ներկայացուցիչները ներգրավված են այս կամ այն քաղաքական ուժերի ցուցակում, հավասար չեն վերաբերվում բոլոր քաղաքական ուժերին՝ դառնալով ավելի շատ այդ քաղաքական ուժերի գովազդողը։ Դժգոհեց Հանրայինի լուսաբանումից եւ խտրական վերաբերմունքից ՀՀԿ-ի հանդեպ։ Նրա խոսքով՝ Հանրայինը հին ու բարի ժամանակներից հետո էլ ավելի շատ «հին ու բարի» է դարձել։

Աշոտյանը գանգատվում էր նաեւ Փաշինյանի թիմի կողմից վարչական ռեսուրսի կիրառումից, ինչպես նաեւ իրենց ռեյտինգային թեկնածուների նկատմամբ հարուցված խոչընդոտներից, որ վախի մթնոլորտ կա եւ այլն։

- Փաստորեն, բախվում եք նույն խնդիրներին, որոնց բախվում էին ձեր օպոնենտները ձեր իշխանության ժամանակ։

- Եթե անգամ Դուք ճիշտ եք, նշանակում է, որ այս իշխանությունը ոչ միայն մեզանից լավը չէ, այլ մեզանից վատն է, որովհետեւ խոստացել է լինել ավելի լավը ու խաբում է ժողովրդին։

- Ինչո՞ւ ձեր թեկնածուները հրապարակային հանդիպումներ չեն ունենում։

- Մենք ի սկզբանե ասել ենք, որ հանդիպումները դռնեդուռ սկզբունքով են լինելու։ Զանգվածային, հանրային միջոցառումներ չեն լինելու կամ գրեթե չեն լինելու։ Մենք ունեցանք մեկնարկ՝ «Դվինի» միջոցառումը, կունենանք եւս մի քանի նման հանդիպումներ, իսկ մնացածը՝ մենք ավելի մոտ պետք է լինենք մարդկանց։ Երբ որ մենք էինք իշխանություն, մենք էինք դահլիճներ ու հրապարակներ լցնում, նայեք անցյալ տարվա քարոզարշավը մեր ու Նիկոլի, ինքն էր ընկած դռնեդուռ, մենք լցնում էինք հրապարակներ, այսօր հակառակն է։

- Երկու տեսակետ կա՝ Հանրապետականը կա՛մ երես չունի, ամաչում է դուրս գալ ժողովրդի մեջ, կա՛մ այն, որ նոր իշխանությունն էլ է խոչընդոտներ հարուցում։

- Ես կոչ կանեմ ԶԼՄ-ներին հակաքարոզչություն չանել որեւէ քաղաքական ուժի, հատկապես Հանրապետականի հանդեպ։ Իհարկե, կան մտավախություններ՝ կապված հնարավոր սադրանքների հետ․ ես արդեն մի քանի անգամ նման ահազանգեր ստացել եմ, բայց դա չի խոչընդոտելու մեր աշխատանքը։ Ստեղծված ատելության մթնոլորտը, անհանդուրժողականությունը, պետական ռեպրեսիվ ապարատի ճնշումները մեր թեկնածուների, քարոզիչների, համակիրների վրա՝ խոչընդոտում են մեր քարոզարշավը, չեն ստեղծում հնարավոր հավասար պայմաններ աշխատանքի համար, եւ մենք ստիպված ենք ընտրել ասիմետրիկ լուծումներ։ Ես՝ ինքս, բացի ձեզ տեսանելի աշխատանքից, ամեն օր փորձում եմ 5-6 տուն մտնել, ավելին՝ իմ այդ հայտարարությունից հետո ստանում եմ բազմաթիվ հրավերներ մարդկանց կողմից՝ այցելել իրենց տուն, որ հարեւաններով հավաքվեն՝ խոսենք։

- Եվ ինչպե՞ս են ընդունում Ձեզ, հավատո՞ւմ են Ձեր խոսքին, որ ընդունում եք ձեր սխալները։

- Ամեն դեպք տարբեր է, դա կարեւոր չէ, կարեւորը՝ ստեղծվում է վստահության մեծ մթնոլորտ, անգամ եթե ինձ նախկինում չէին սիրում բազմաթիվ մարդիկ, այսօր գոնե ընդունում են, որ, կներեք, ինքնագովեստ չհնչի, խելացի եմ, նվիրված եմ, խիզախ եմ եւ փորձ ունեմ։ Եվ մարդկային մի 30-40 րոպե շփումն այդ փոքր ընտանիքի հետ կամ իրենց հարեւանների հետ թույլ է տալիս կոտրել սառույցը։ Ինձ պետք չէ խոստանան, որ այդ պահին ինձ են ընտրելու, ինձ պետք է այդ պահին մարդկանց մեջ արթնացնել մտահոգությունը, բացել իրենց աչքերը, գերել իրենց սրտերը, պարզեցնել իրենց ուղեղը, որը մթագնել է այս իշխանափոխական էյֆորիայի մեջ շատ հաճախ։

- Ամփոփելով՝ ՀՀԿ-ն նվազագույն անցողիկ շեմը կհաղթահարի՞, թե՞ նույնիսկ ավելին։

- Նույնիսկ ավելին։ Քարոզարշավի այս ընթացքը թույլ է տալիս ինձ ասելու, որ թեպետ իշխանությունը գործադրում է իր բոլոր մասկի-շոուների կանխատեսելի մեխանիզմը, ուժգնացրել է ճնշումները տեղերում, վարչապետի անհավասարակշիռ, հոգեբանական տեսակետից շատ կասկածելի պահվածքը նաեւ վկայությունն է այն բանի, որ ինչ-որ մի բան իրենց սրտով չի գնում։ Մարդկանց աչքերը բացվում են, գլաուկոման անցնում է։

- Մրցակցությունը կարծես ՀՀԿ-ի եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ է, մյուս ուժերը դուրս են մղվել պայքարից։

- Ճիշտն ասած՝ չեմ ուզում մեկնաբանել այլ ուժերի արշավներ, մենք չենք էլ պատասխանելու այլ ուժերի կողմից մեզ ուղղված քննադատությանը։ Այո, շատ ուժեր չեն հանդգնում, չեն խիզախում, ռիսկ չեն անում քննադատել անձամբ Փաշինյանին, բայց հավակնում են լինել ընդդիմություն։ Այդպիսի ուժեր էլ կան։ Հատկապես Փաշինյանի հետ համագործակցության մեծ փորձ ունեցող ուժերի մասին է խոսքը։ Բայց մենք չենք պատասխանելու նրանց։ Մեր քաղաքական թիվ մեկ մրցակիցն անձամբ Նիկոլ Փաշինյանն է, անգամ «Իմ քայլը» դաշինքը չէ, որովհետեւ այդ դաշինքը բաղկացած է Նիկոլ Փաշինյանից, հետո, հավաքական առումով, այսպես ասած, ռյուկզակից, հազից եւ սելֆիի ձողից։ Ուզում եմ ասել՝ էնտեղ չկա 2-րդ, 3-րդ, 7-րդ համար, քաղաքական պրոդուկտ ստեղծող այլ գործիչներ, քան Փաշինյանն է, չկա։