Թեժ կետում կռվող ուկրաինացի զինվորականը ստանում է ամսական 5 հազար, զոհվածի ընտանիքը` միանվագ 100 հազար դոլար

Թեժ կետում կռվող ուկրաինացի զինվորականը ստանում է ամսական 5 հազար, զոհվածի ընտանիքը` միանվագ 100 հազար դոլար

Ինչ սկսվել է ռուս-ուկրաինական պատերազմը, աշխարհը զբաղված է դրանով, սակայն պատերազմը` պատերազմ, բայց պատերազմի ժամանակ էլ է կյանքը շարունակվում։

«Հրապարակը» որոշեց հետաքրքրվել, թե ինչպե՞ս են մարդիկ ապրում պատերազմական պայմաններում։ 

Մեր զրուցակիցը Ուկրաինայի պետական ապարատում աշխատող չինովնիկ է, ով կամավորագրվել է Ուկրաինայի Զինված Ուժեր եւ զինվորական ծառայության մեջ ու գտնվելու պատճառով սեփական անունից հանդես գալու իրավունք չունի։ Նա մեզ ներկայացրեց Ուկրաինայի այսօրվա իրավիճակը։

«Կյանքը շարունակվում է, մարդիկ լավ են ապրում՝ իսկապես։ Սովորել են ապրել պատերազմի պայմաններում, վայելել կյանքը։ Այո, տարօրինակ է հնչում, բայց մարդիկ իրենց չեն զրկում և ոչ մի հաճույքից, ու եթե նրանց էջերին հետևեք՝ կկարծեք, որ նրանք եվրոպական ինչ-որ երկրում հաջող տեղավորված ուկրաինացիներ են։ Կյանքը թեկուզ պատերազմի ժամանակ, բայց շարունակվում է»,-ասաց մեր զրուցակիցը։

Կյանքը շարունակվում է, սակայն հսկայական թանկացումներով։ Չինովնիկը շեշտում է՝ Ուկրաինայում հիմա եվրոպական գներ են, սակայն ուկրաինացիները եվրոպացիների չափ աշխատավարձ չեն ստանում ու լավ ապրելու համար առնվազն երկու կամ երեք տեղ միաժամանակ պետք է աշխատեն։ Մեկ այլ խնդիր էլ կա` թե պետական, թե մասնավոր հիմնարկներում կադրերի խիստ պակաս կա, սակայն դա պայմանավորված չի նրանով, որ բոլոր տղամարդիկ բանակում են ծառայում։ Պարզապես բոլոր աշխատավայրերում օրինական գրանցում ստացող տղամարդկանց ամեն րոպե կարող են պաշտպանության նախարարությունից զորակոչել, ուստի դրանից խուսափելու համար բազմաթիվ երիտասարդ տղամարդիկ չեն գրանցվում աշխատավայրերում, չեն աշխատում։

Իսկ Զինված Ուժերում ծառայողներին Հայաստանի չափանիշներով բարձր աշխատավարձ են վճարում՝ թեժ կետերում կռվող ուկրաինացի զինվորականները ստանում են 5000 ԱՄՆ դոլար աշխատավարձ, ոչ պատերազմական կամ ոչ թեժ համարվող գոտիներում ծառայող զինվորականները ստանում են 2500 ԱՄՆ դոլար աշխատավարձ։ Զոհվելու պարագայում ուկրաինացի զինվորականի ընտանիքը ստանում է 100 հազար դոլար։

Հետաքրքիր է, որ ոչ ակտիվ պատերազմական գոտի հանդիսացող տարածքներում թանկարժեք բնակարանային կոմպլեքսների շինարարարություններ են գնում։ Հետաքրքրվեցինք, եթե աշխատավարձերը եվրոպական չափանիշներին չեն համապատասխանում, այդ դեպքում ովքե՞ր են օգտվում այդ գերթանկարժեք ավտոմեքենաների վաճառասրահներից, թանկարժեք բնակարանները գնում, ուկրաինացի չինովնիկը պատասխանեց․ «Զինվորականները, հենց զինվորականներն են այդ գերթանկարժեք սալոններից մեքենաներ ամենաշատը գնում։ Խոսքն այստեղ այդքան էլ կոռուպցիայի մասին չի, այն մասին չի, որ յուրացնում են բանակի փողերը, ոչ, պարզապես կարողանում են որոշակի ծրագրերի միջոցով լավ գումարներ ստանալ»։
Եւ չնայած Ուկրաինայի նախագահ Զելենսկին գրեթե ամեն օր բաց տեքսով փող է խնդրում Արևմուտքից, որ բանակին ֆինանսական կարիքներն ապահովի եւ անգամ տեղական ինքնակառավարման մարմինների ֆինանսավորման լծակներն են իրենց ձեռքը վերցրել, բայց պարզ է, որ Արեւմուտքից մեծ գումարներ են մտնում Ուկրաինա եւ Ուկրաինայում բավականին ապահովված զինվորական դասակարգ է ձևավորվել, որի ֆինանսական վիճակն ու կենսամակարդակն այնքան է լավացել, որ կարողանում են գնել աշխարհի ամենաթանկ ավտոմեքենաները։ 

Մեր զրուցակիցը նկատում է, որ պատերազմից ի վեր, նաև հենց պատերազմով պայմանավորված, զինվորականների դիրքն ու կշիռն է մեծացել երկրում։ Ուկրաինայում զինվորականներին գրեթե աստվածացնում են՝ չէ որ նրանք են իրենց պաշտպանում ռուսից եւ հասարակությունը լռելյայն համաձայնել է, որ իրեն պաշտպանողները հարստանան։ 

Ուկրաինացի չինովնիկը նշում է նաև, որ բացի ռազմական տեխնիկայի ու զինամթերքի տրամադրումը, իրենք ֆինանսավորվում են ոչ միայն ուղիղ` գերտերություններից, այլեւ ամերիկյան USAID-ից։ «Արտասահմանում ուկրաինացի փախստականներին տեղավորելը, նրանց այդ երկրի լեզուն սովորելու ու այլ կարիքների համար գումարներ հենց այս կազմակերպությունն է տրամադրում»,-ասաց ուկրաինացին։

Այն, որ երկրում զինվորականների ազդեցությունը չափազանց մեծացել է, վկայում է նաև Զալուժնիի ու Զելենսկու ընդհարումը։ Մեր զրուցակիցը պատմում է, որ այդ ընդհարման պատճառն այն է, որ Զալուժնին կարծում է, որ ինքը շատ ավելի լավ նախագահ կլինի, քան Զելենսկին, ով պատերազմական գործողություններով չի անցել, չի պատկերացնում հայրենիքի և հայրենակիցների անվտանգությունն ապահովելու գինը։

Եվ Զելենսկու կողմից տարվող քաղաքականության հետ անհամաձայնություն ունեցող այլ զինվորականներ ևս կան, որոնք Զալուժնուն է տեսնում իրենց առաջնորդ:

Հասարակության մի մեծ մասը նույնպես ուկրաինական դիմակայության միակ առաջնորդ Զալուժնուն է համարում։