Ալիևը շնորհավորել է Պուտինին, Փաշինյանը՝ ոչ․ ի՞նչ է հայտնի

Ալիևը շնորհավորել է Պուտինին, Փաշինյանը՝ ոչ․ ի՞նչ է հայտնի

Գրել ենք, որ մարտի 15-17-ը կայացած նախագահական ընտրություններում ՌԴ գործող նախագահ Վլադիմիր Պուտինը քվեաթերթիկների 100 տոկոսի մշակման արդյունքներով հավաքել է ձայների 87,28 տոկոսը՝ այդպիսով 5-րդ ժամկետով առաջնորդելով Ռուսաստանը։

Ըստ թարմացված հաշվարկի՝ երկրորդ տեղում Նիկոլայ Խարիտոնովն է՝ 4,31 տոկոս ձայներով, երրորդը՝ Վլադիսլավ Դավանկովը՝ 3,85 տոկոս։ Ցուցակը 3,20%-ով եզրափակում է Լեոնիդ Սլուցկին։
Մինչ արևմտյան առաջնորդները չեն ճանաչում ընտրությունների արդյունքները՝ դրանք ոչ լեգիտիմ համարելով, Կրեմլին արդեն շնորհավորանքներ են հղել Չինաստանի նախագահ Սի Ծինփինը, բոսնիացի սերբերի առաջնորդ Միլորադ Դոդիկը, Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն և Ղազախստանի, Ադրբեջանի և Տաջիկստանի ղեկավարները։

Հատկանշական է, որ հայ-ռուսական լարված հարաբերությունների ֆոնին և վերջին շրջանում Փաշինյանի ու ՀՀ իշխանությունների կողմից արված հակառուսական հայտարարությունների համատեքստում, Հայաստանի վարչապետը դեռ չի շնորհավորել Վլադիմիր Պուտինին։ Բացաառված չէ, որ այս քայլով Փաշինյանը մեկ անգամ ևս իր հավատարմությունն է ցուցաբերում Արևմուտքին, ինչպես նաև փորձում որոշակի դիվիդենտներ շահել Մոսկվայից, ինչպես հակված են կարծելու շատ վերլուծաբաններ։ 

Հավելենք, որ ՌԴ Հասարակական պալատն իր տելեգրամյան ալիքում հայտնել է, որ «200 դիտորդներ աշխարհի 50 երկրներից բարձր են գնահատել ընտրությունների տեխնոլոգիական բնույթը և հետաքրքրություն են հայտնել ռուսական պրակտիկան ընդունելու հարցում»: 

Դիտորդների և նրանց կողմից ներկայացված կազմակերպությունների անունները չեն հայտնվել զեկույցում։