Հերթական խոսքային ձեռնածությունը

Հերթական խոսքային ձեռնածությունը

«Մեր անվտանգությունն ապահովելու համար մենք պետք է մեր լեգիտիմության գծերի վրա կանգնենք, իսկ այդ գիծը մեր միջազգայնորեն ճանաչված սահմանն է, որպեսզի որեւէ մեկը մեր դեմ հարձակումն արդարացնելու հնարավորություն չունենա»: Վարչապետի պաշտոնից կառչած անձի ելույթի այս մասը վկայում է, որ նա չի գիտակցում աշխարհաքաղաքական փոփոխությունների էությունը: Իսկ դա միջպետական փոխհարաբերություններում նախկինում հաստատված կանոնների չգոյությունն է, ինչը հանգեցնում է ռազմական ուժի իրավունքի գերակայությանն այդ հարաբերություններում: Դրա վկայությունները բազմաթիվ են, իսկ ինքը, ի դժբախտություն մեզ, Հայաստանի վարչապետ դարձավ հենց այս ժամանակահատվածում: Եվ Արցախի հարցում նախապես ծրագրված (հանուն լավ ու հանգիստ ապրելու) պարտության տանելով մեզ՝ անվտանգային սպառնալիքներ գեներացրեց նաեւ Հայաստանի Հանրապետության համար:

Փաշինյանը չի գիտակցում, որ մեզ խեղճացրած թշնամին մեր դեմ կատարելիք հերթական ագրեսիան արդարացնելու կարիք չի ունենա: Այդպիսին է այսօրվա իրավիճակի բնույթը: Իսկ ագրեսիան կիրականացվի աշխարհաքաղաքական այնպիսի իրավիճակում, երբ հերթական անգամ այն անտարբերության կմատնեն գերտերություններն ու վերպետական կառույցները: Ագրեսիան էլ պայմանավորված կլինի թիկունքին Թուրքիայի աջակցությունն ունեցող Ադրբեջանի ղեկավարի հաբռգվածությամբ: Ինչը նշանակում է, որ մեր, այսպես կոչված, լեգիտիմության գծերը (կամ միջազգայնորեն ճանաչված սահմանները) չեն ունենա ոչ մի արժեք: Որովհետեւ իր կողմից անընդհատ տարփողվող՝ Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն հաստատված միջպետական սահմանները գործուն են այնքանով, որքանով դրանք պաշտպանված են հենց բանակով: Ենթադրում եմ, Նիկոլը տեղյակ է միջինասիական հանրապետությունների միջսահմանային բախումների, ինչպես նաեւ դրանք բանակի միջոցով լուծելու բազմաթիվ փորձերի մասին:

Իսկ եթե, այնուամենայնիվ, մի պահ ենթադրենք, թե այս ամենը հեռու է ճշմարտությունից, եւ ինքը գիտակցում է բոլոր այդ խնդիրների մասին, ուղղակի իրեն դնում է հայտնի կենդանու տեղը: Դա էլ է, չէ՞, նրա խառնվածքի մի մասը, ինչն արտահայտվում էր նախկինում մամուլի ասուլիսների ժամանակ. օրինակ՝ «ես չեմ հիշում», «ես այդպիսի բա՞ն եմ ասել» եւ այլն: Այս վարկածի հիմքն այն է, որ ինքը գիտակցում է ամենակարեւորը. այն, որ նախկինում առկա աշխարհակարգը փլուզվում կամ արդեն փլուզվել է: Այդ դեպքում ինքը պետք է գիտակցեր նաեւ, որ այլեւս չեն կարող գործել նախկինում գործող կանոնները: Եվ եթե դրանք այլեւս չեն գործում, ապա լեգիտիմության կամ արդարացված լինելու մասին խոսակցություններն էլ ընդամենը օդի տատանում են: 

Եվ եթե այդ ամենը գիտակցվում է, սակայն այդ ուղղությամբ խոսակցությունը, այնուամենայնիվ, տարվում է, ապա դա նշանակում է մի հասարակ բան՝ թոզ է փչում մարդկանց աչքերին: Եվ դա, բնականաբար, արվում է զուտ իր իշխանությունը պահպանելու նպատակով: Ընդ որում, այդ թոզը փչվում է ոչ միայն հայաստանցիների, այլեւ արեւմտյան պետությունների ղեկավարների աչքերին: Իսկ վերջիններս էլ, իրենց հերթին, հայտնի կենդանու տեղը դնելով իրենց, նրանից պահանջում են ընդամենը ռուսներին քշել Հարավային Կովկասից, ինչն ինքը կյանքի է կոչում՝ այդ ուղղությամբ անելով քայլ առաջ, կողքի կամ երբեմն էլ՝ ետ, բայց բոլոր դեպքերում պահպանելով այդ ուղղությունը: Առանց հաշվի առնելու՝ դա օգտակա՞ր է, թե՞ վտանգավոր Հայաստանի համար անընդհատ փոփոխվող այս աշխարհում՝ շարունակում է նույն գիծը՝ հաշվի չառնելով, որ «Արցախը տանք, որ հանգիստ ապրենք» կենսափիլիսոփայությունը բերեց իր հակառակ արդյունքին: Ոչ թե սկսեցինք հանգիստ ապրել, այլեւ մարդիկ արդեն սկսում են վախենալ, եթե նույնիսկ համեմատաբար հեռու են սահմաններից: Եվ Գյումրիում արտաբերած այն խոսքը, թե մենք պետք է «մեր հաջորդ սերունդներին հնարավորություն տանք, որ ապրեն հանգիստ, խաղաղ, երջանիկ», ընդամենը հերթական խոսքային ձեռնածությունն է՝ ուղղված 2021 թվականի հունիսին իրեն վերընտրած եւ մերժած զանգվածներին: