Արցախի ՆԳ Նախարարը` նոր ճանապարհի անվտանգության եւ «Շուշին հանձնողների» մասին (տեսանյութ)

Արցախի  ՆԳ Նախարարը` նոր  ճանապարհի անվտանգության եւ  «Շուշին հանձնողների» մասին (տեսանյութ)

Արցախի ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը Ստեփանակերտում Արցախի անկախության օրվա առթիվ Hraparak.am-ի հետ զրույցում ասաց, որ այս անկախության համար մենք պարտական ենք մեր զոհված տղաներին։

«Դրա համար ես ուզում եմ շնորհակալություն հայտնել իրենց, փառք ու պատիվ մեր նահատակված տղաներին»,-ասաց նա։

-Պարոն Սարգսյան, Դուք՝ որպես զինվորական նաև, ի՞նչ կարող եք ասել, ինչն էր պատճառը, որ մենք հայտնվեցինք այս վիճակում, և երկու տարի է՝ Արցախի անկախության օրը նշում ենք այսպիսի պայմաններում։

-Գնահատականները, ինձ թվում է, ես չպիտի տամ, որովհետև իմ ոլորտը չի։

-Մենք այսօր տեսնում ենք, որ Հայաստանի իշխանությունները մեղավորներ են փնտրում Շուշին հանձնելու մեջ և կալանավորում են Արցախի գեներալների, խոսքը Միքայել Արզումանյանի մասին է։ Դուք այս մասով ի՞նչ կարող եք ասել։

-Ես միայն կարող եմ ասել, որ արտակարգ իրավիճակները զբաղվում էր փրկարարական և հումանիտար աղետը կանխելու աշխատանքներով։ Մնացածի մասով ես չեմ կարող գնահատական տալ, որովհետև ես բանակի հետ առնչություն չեմ ունեցել։ Իմ աշխատանքի հետ կապված եթե հարցեր կան, կարող եմ պատասխանել։

-Մենք Արցախ եկանք նոր ճանապարհով, որը ադրբեջանցիներն են կառուցել։ Եթե այդ ճանապարհին որևէ արտակարգ դեպք տեղի ունենա Հայաստանի կամ Արցախի քաղաքացիների հետ, Դուք որոշակի պայմանավորվածություն կամ գծած պլան ունե՞ք, թե ինչպես եք հասնելու նրանց օգնության, և եթե ադրբեջանցիները խոչընդոտեն, ի՞նչ եք անելու այդ ժամանակ։

-Էս պահին այդ շրջանում արդեն մեր շրջանային ծառայությունները ներգրավված են՝ թե՛ ոստիկանության ուժերը, թե՛ փրկարար ծառայությունը, հերթապահություն է իրականացվում, որևէ խնդիր չկա անվտանգության հետ կապված։

-Իսկ որքա՞ն ժամանակ է այդ ճանապարհը գործելու մեզ համար, քանզի ասացին՝ դա ժամանակավոր է, նոր ճանապարհ պեռք է կառուցվի։

-Իմ տեղեկությամբ՝ մինչև մայիս ամիս։

-Իսկ հավանական վթարների դեպքում ԱՊՊԱ-ի կամ ՃՈ-ի ծառայություններն ինչպե՞ս են գործելու, եթե բախում լինի ադրբեջանական մեքենաների հետ։

-Վթար լինելու դեպքում միանգամից մեր ստորաբաժանումներն արձանագնելու են, ինչպես ամբողջ Արցախի տարածքում են արձագանքում։

-Ամեն դեպքում, անվտանգության որոշակի երաշխիքներ ստացե՞լ եք հարևան պետությունից, որ այդպիսի ճանապարհ է մեզ «նվիրել», որ անվտանգ է լինելու այդ ճանապարհի շահագործումը, քանի որ մենք տեսնում ենք՝ Ադրբեջանը ցանկացած պահի կարող է փակել այդ ճանապարհը, ինչպես, օրինակ, փակել էր գազամատակարարումը Արցախի համար, հոսանքն էր անջատել, ինտերնետն է խափանում։

-Այդ հարցը արդեն ուղղված է խաղաղապահ զորքերի միավորման ղեկավարին, ես ո՞նց կարող եմ այդ հարցերին պատասխանել։ Ես միայն կարող եմ ներքին անվտանգության մասին խոսել։

Մանրամասն՝ տեսանյութում