Դա ադրբեջանական հանցավոր կամայականությունների շարքից է

Դա ադրբեջանական հանցավոր կամայականությունների շարքից է

«Հրապարակի» զրուցակիցն Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն է:

- Պարոն Ստեփանյան, գերությունից վերադարձած ֆուտբոլիստների մասին գրեթե ոչինչ չի խոսվում: Ի՞նչ վիճակում են տղաները, ի՞նչ հոգեբանական ու առողջական խնդիրներ ունեն, ինչպե՞ս է նրանց հետ վարվել ադրբեջանական կողմն այդ 10 օրվա ընթացքում:

- Ուսումնասիրություն ենք պատրաստվում իրականացնել, որից հետո միայն` դրանց արդյունքներով կարող եմ եզրակացություն անել: Տղաները դեռ նոր են վերադարձել, նրանց հետ համապատասխան աշխատանքներից հետո նոր միայն կհասկանամ:

- Ի՞նչ աշխատանքներ եք պատրաստվում իրականացնել:

- Պետք է նրանց հետ զրուցեմ, ծանոթանամ առողջության հետ կապված փաստաթղթերին, նոր միայն հստակ գնահատականներ տամ:

- Դեռեւս չե՞ք զրուցել նրանց հետ:

- Ո՛չ տեսակցել եմ, ո՛չ էլ խոսել: Մի փոքր հանգստանան, նոր կխոսեմ նրանց հետ: Տղաները Հայաստանում են, մենք պետք է փորձենք Հայաստանի ՄԻՊ-ի կամ էլ իրավապաշտպան կազմակերպությունների հետ համատեղ իրականացնել անհրաժեշտ աշխատանքները:

- Հայաստանում որտե՞ղ են գտնվում նրանք:

- Դե, ինչպես գիտենք, ուսանող են Երեւանում, Հայաստան են եկել՝ կրթությունը շարունակելու նպատակով: Տղաների հետ հանդիպումը տարբեր եղանակներով կարող ենք կազմակերպել: Գուցե՝ օնլայն եղանակով:

- Վագիֆ Խաչատրյանի հետ կապված ի՞նչ նորություն ունեք: Ինչպե՞ս ստացվեց, որ ֆուտբոլիստ երիտասարդներին Ադրբեջանը վերադարձրեց, սակայն ծեր, անօգնական, հիվանդ տղամարդուն պահում է գերության մեջ:

- Մեզ համար որեւէ ձեւով գաղտնիք չէ, որ անցակետում մարդկանց առեւանգումը եւ նրանց տարբեր քրեական գործերով մեղադրելն ադրբեջանական հանցավոր կամայականությունների շարքից է: Այս պարագայում որեւէ տրամաբանական պատասխան տալ, թե ինչպես են Վագիֆ Խաչատրյանին համառորեն պահում գերության մեջ, բարդ է: Մեկը մեղադրվում է ամենածանր մեղադրանքների համար, իհարկե, դրանք կեղծ են ու շինծու, սակայն տղաները ենթարկվեցին վարչական պատասխանատվության: Այսինքն` այստեղ խնդիրը կամայական է, եւ այն որեւէ կերպ չենք կարող վերլուծել:

- Մենք տեղեկացանք նաեւ, որ Արցախում մի շարք դպրոցներ չեն գործում: Ինչպե՞ս է կազմակերպվում երեխաների կրթության հարցը:

- Երեխաներն Արցախում կրթություն չեն ստանալու` եթե բոլոր դպրոցները փակվեն, իսկ ահա էլեկտրաէներգիայի եւ ինտերնետի բացակայության պատճառով չի լինի կրթությունը կազմակերպել նաեւ օնլայն եղանակով:

- Ինչպե՞ս է լուծվում հղի կանանց ու հիվանդների առողջության հարցը:

- Եթե պտղին կամ հղի կնոջ կյանքին վտանգ է սպառնում, ապա նրանց Երեւան տեղափոխելը դառնում է առաջնահերթ խնդիր:

- Իսկ բարեհաջող հասնո՞ւմ են Երեւան:

- Նոր դեպքեր չենք արձանագրել, որ խնդիր առաջացած լինի:

- Ինչպե՞ս է լուծվում քաղցկեղով հիվանդների բուժման հարցը:

- Նրանք էլ, որպես կանոն, Կարմիր խաչի ուղեկցությամբ տեղափոխվում են Հայաստանի Հանրապետություն` համապատասխան բուժում ստանալու համար: Բայց պետք է նշեմ, որ խրոնիկ հիվանդություններ ունեցող մարդիկ, քաղցկեղով հիվանդները եւս լրջագույն խնդիրների առաջ են կանգնում: Դեղորայք գտնելն անհնար է այստեղ: Այս մասին շատ ենք բարձրաձայնում, փորձում ենք Կարմիր խաչի միջոցով խնդրին լուծում տալ, բայց շրջափակումն առաջին հերթին ազդում է հենց այդ խմբերի վրա:

- Տեղեկացանք, որ Արցախում հացի կտրոններ են բաժանվում, սակայն արտադրամասերում հաց չկա:

- Հացի խնդիր կա` 15-20 տոկոսով, եթե կարող ենք այսպես ասել: Կտրոններ կան, սակայն քաղաքացիներից բազմաթիվ ահազանգեր ենք ստանում, որ ունեն կտրոններ, սակայն չեն կարողանում հաց գտնել:

- Ի՞նչն է պատճառը:

- Հիմնական պատճառն ալյուրի սակավությունն է, սակայն ուղեկցող այլ բազմաթիվ խնդիրներ եւս կան: