Ի՞նչ է իրենից ներկայացնում Ֆրանսիայի Սենատի բանաձեւը, ի՞նչ կշիռ ունի 

Ի՞նչ է իրենից ներկայացնում Ֆրանսիայի Սենատի բանաձեւը, ի՞նչ կշիռ ունի 

Ֆրանսիայի Սենատը նոյեմբերի 15-ին Ադրբեջանի դեմ բանաձեւ ընդունեց։ Առաջարկվում է դիտարկել Ադրբեջանի ղեկավարների ունեցվածքի բռնագրավման, նավթի եւ գազի մատակարարումների էմբարգոյի հնարավորությունը։ Բացի այդ, սենատորները հաստատում են Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման անհրաժեշտությունը։ Բանաձեւի ընդունմանը կողմ է քվեարկել 295-ը, դեմ՝ 1-ը։

Այս բանաձեւի ու դրանից բխող հնարավորությունների մասին «Հրապարակը» զրուցել է արտակարգ եւ լիազոր դեսպան, ԱԳ նախարարության բազմամյա աշխատակից Ձյունիկ Աղաջանյանի հետ։ 

- Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված այս բանաձեւն իրենից ի՞նչ է ներկայացնում, որեւէ առարկայական կշիռ ունի՞։

- Գիտեք, բանաձեւի ընդունումը, իհարկե, իր քաղաքական կշիռն ունի, եւ ճիշտ քաղաքականություն վարող պետության դեպքում այն կարող էր իրոք զգալի գործիք դառնալ՝ շահերն առաջ մղելու առումով։ Բայց խիստ կասկածում եմ, որ նաեւ այս պարագայում նման բանաձեւերն ընդհանրապես միայն մեկ շահ չունեն կամ միայն մեկ կողմի շահը չեն արտացոլում։ Այստեղ նաեւ ֆրանսիական կողմի խնդիրները պետք է հասկանալ, թե նպատակն իրականում բանաձեւի ընդունումով ինչ էր, արդյոք ֆրանսիացիները որոշակի խնդիրներ ունե՞ն թուրք-ադրբեջանական բլոկի հետ, եւ իրենք նմանատիպ բանաձեւերով փորձո՞ւմ են նաեւ քաղաքական ճնշում գործել՝ իրենց իսկ խնդիրները լուծելու համար, ոչ հայկական խնդիրները։ Ֆրանսիական կողմն իր խնդիրներն ունի լուծելու, որոնք կապված չեն հայկական հարցերի հետ։ Ֆրանսիան միակ պետությունը չէ, որ այսպես է վարվում, նմանատիպ բանաձեւով նրանք քաղաքական ճնշում են գործադրում՝ այլ տեղերում զիջումներ կորզելու համար։

- Այսինքն՝ սա պարզապես թուրք-ադրբեջանական տանդեմի վրա ճնշում գործադրելու միջո՞ց է։
- Այո, այդ եւ ցանկացած նմանատիպ բանաձեւ՝ լինի դա հայկական հարցերի հետ կապված, թե այլ հարցերի, միշտ երկու կողմն է ունենում։ Այստեղ խնդիրն այն է, թե մեր հարցերի հետ կապված՝ նման դրական բանաձեւը հայկական կողմն ինչպես կօգտագործի՝ ի շահ մեր պետության եւ ազգի հարցերն առաջ մղելու։

- Իսկ հայկական կողմն ինչպե՞ս պետք է օգտագործի այս հնարավորությունը՝ այն Հայաստանի ու հայ ժողովրդի շահերի օգտին ծառայեցնելու համար։

- Սա բավականին լավ հիմք է եւ ապացուցում է վարձկանների օգտագործումը, նաեւ քաղաքական առումով հաստատում է դա մեկ այլ պետության կողմից, որը կարող է շատ լավ օգտագործվել, որովհետեւ վարձկանների օգտագործումը ռազմական պայքարում հակաօրինական արարք է՝ միջազգային իրավունքի տեսակետից։ Երկրորդ․ խնդիրն այստեղ նաեւ հստակ արձանագրում է, որ եղել է ագրեսիա հայկական կողմերի հանդեպ, եւ այս առումով սա եւս մեկ աջակցող իրավական հիմք է, որը կարելի է օգտագործել թե՛ միջազգային տարբեր կազմակերպություններում մեր շահերն առաջ մղելուն ուղղված գործողություններում, թե՛ անգամ միջազգային դատարաններում։ Եվ այստեղ արդեն հարցն այն է, թե մեր պետությունն ինչպես կարող է դա օգտագործել, այդ թվում՝ նաեւ նմանատիպ բանաձեւերի հասնելու այլ երկրներում՝ հիմքում ունենալով Ֆրանսիայի օրինակը։ 

- Բանաձեւում առաջարկվում է դիտարկել Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառման տարբերակը։ Ֆրանսիայի հայկական համայնքը կարո՞ղ է իշխանությունների նկատմամբ որոշակի ճնշման կիրառմամբ հասնել դրան, թե՞ այստեղ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը պետք է աշխատի։

- Բոլորը գործ ունեն, իհարկե՝ վստահ եմ, որ Ֆրանսիայի հայկական համայնքը շատ մեծ դերակատարում է ունեցել այս բանաձեւի հարցում, եւ հետամուտ կլինեն, որպեսզի բանաձեւում արտացոլված գործողությունները կյանքի կոչվեն։ Այստեղ շատ մեծ դեր ունի մեր պետության, եւ ես ընդգծում եմ պետության շեշտադրումը, թե ինչպես այն կօգտագործի նման սենատորների մոտեցումները, որպեսզի առաջ մղի հայկական կողմի շահերը եւ դա օգտագործի թե՛ մեր համայնքային կառույցների ներուժը ներգրավելով, թե՛ մեզ աջակից պետությունների եւ տվյալ դեպքում Թուրքիայի հետ խնդիր ունեցող պետությունների ներգրավվածությունն այլ գործողություններում ապահովելու համար, որովհետեւ այդ պետությունները եւս նմանատիպ խնդիրների առաջ են կանգնած՝ Թուրքիայի, Ադրբեջանի եւ նրանց աջակցող պետությունների գործողությունների արդյունքում։

- Այս բանաձեւը ներկայացվելու է կառավարությանը, սակայն Ֆրանսիայի փոխարտգործնախարարը հայտարարել է, որ այդպիսի միակողմանի բանաձեւը կարող է չբխել Արցախի շահերից։

- Մենք նման նախադեպ ունենք նաեւ 44-օրյա պատերազմի ընթացքում, երբ Սենատն ընդունեց բանաձեւ, որով ճանաչում է Լեռնային Ղարաբաղի անկախությունը, եւ այս պարագայում ես գրեթե վստահ եմ, որ նմանատիպ ճակատագիր է ունենալու, սակայն քաղաքական դաշտը փոխվում է շատ արագ, հրթիռային արագությամբ են զարգացումները տեղի ունենում, եւ որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ կարող է ինչ-որ մի պահ գալ, որ, ինչպես ասում են, դարակներից այս բանաձեւը հանվի եւ որպես իրոք ազդեցիկ լծակ օգտագործվի՝ Ֆրանսիայի, նույն Եվրամիության կողմից Ադրբեջանի եւ Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու համար։ Բայց դա կարող է լինել միայն այն դեպքում, երբ նրանք իրենց քաղաքական շահը դիտարկեն այդ սանկցիաները մտցնելու համար։

- Ադրբեջանի մեջլիսում պատգամավորներից մեկը հայտարարել է, որ Ֆրանսիայի Սենատի կողմից նման բանաձեւի ընդունումը բացարձակապես Հայաստանի շահերից չի բխում, որ նման բանաձեւեր էլի են ընդունվել, բայց այդպես էլ հայտարարությունների մակարդակով են մնացել, իսկ մեկ այլ պատգամավոր առաջարկեց՝ Ֆրանսիային եւ Իրանին հայտարարել Ադրբեջանի թշնամի։ Հավելյալ արձագանքների ակնկալիք արժե՞ ունենալ։

- Ճիշտն ասած՝ չեմ զարմանում նրանց կողմից նման հայտարարություններ լսելով, դա բնորոշ է ադրբեջանական կողմին, եւ ինձ թվում է՝ մոտ ապագայում էլ իրենց ցանցերը, նաեւ թուրքական ցանցերը կօգտագործվեն հայկական կողմերի եւ հայկական համայնքի դեմ։ Դա, կարծում եմ, նորմալ արձագանք է՝ դատելով, թե ինչ դատողություն եւ մտածողություն ունի ադրբեջանական կողմը։ Ուղղակի խորհուրդ կտայի՝ իրենք մեր փոխարեն չորոշեն, թե որն է մեր շահը, եւ ինչն է բխում մեր շահերից։ Հայկական կողմը, իհարկե, այդքան դատողություն, այդքան խելացիություն ունի՝ հասկանալու, թե մեր շահը որն է։ Հարցն այն է, թե այսօր գործող իշխանությունները կցանկանա՞ն դա անել, թե՞ ոչ։ Բայց ինչ վերաբերում է նման բանաձեւերի օգտագործմանը, ինչպես նշեցի, դա կախված է քաղաքական զարգացումներից, բայց որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ ապագան այդպես միագիծ է, եւ այսօր կարող են միանշանակորեն ասել, թե հինգ տարի հետո ինչ կարող է լինել։ Հեռու չգնանք՝ նույն Ցեղասպանության ճանաչման բանաձեւերի մասով․ եթե կարող ենք նայել, թե ինչ ճանապարհ են անցնում տարբեր երկրներ, եւ դրանք հետագայում ինչ հետեւանքներ են ունենում, եթե ժամանակին նմանատիպ բանաձեւերը որոշակի քամահրանքով էին ընդունում, ապա ժամանակի ընթացքում դրանք վերածվեցին այդ երկրների պետական քաղաքականության։ Եվ այս առումով կախված է նրանից, թե մենք որպես պետություն ինչպես կշարժվենք, կախված է նրանից, թե մեր համայնքները որքանով հետեւողական կլինեն իրենց առջեւ դրված խնդիրներն առաջ տանելու, եւ արտաքին քաղաքական զարգացումները պահի թելադրանքով ինչի կարիք կունենան, որի ժամանակ նման բանաձեւերը կարող են օգտագործվել որպես ազդեցության լծակ։