Ռոբոտներ՝ ոստիկանների փոխարեն

Ռոբոտներ՝ ոստիկանների փոխարեն

Մեր իրականության կամ, այլ կերպ ասած` քաղաքակրթության ծագումն ընդունված է համարել աշխարհի երեսին գոյություն ունեցող բազմաբնույթ գաղտնիքներից մեծագույնը։ Շատ մտավորականներ համոզված են, որ այն երջանիկ հրաշագործը, ում բախտ վիճակվեց գտնել այդ ոսկե բանալին, դա բնավ էլ մոտ ապագայում տեղի չի ունենա։ Չէ՞ որ դրա համար, ինչպես կարծում են փորձառու մասնագետները, նախ հարկ է լինելու գաղտնազերծել այն բոլոր հանելուկները, որ մեզ ժառանգություն է հասել մեր իմաստուն նախնիներից։ Այսօր ճիշտ կլինի հանգիստ թողնել հարգարժան նախնիներին եւ խորհել այն տարաբնույթ երեւույթների մասին, որոնք շրջապատում են մեզ, եւ որոնց հանդիպում ենք գրեթե ամեն քայլափոխի։

Ասենք, բնավ էլ զարմանալի չէ, որ մարդկության գործնական առաջընթացն ապահոված առանցքային հայտնագործություններից մեկը եղել է սովորական անիվը։ Պարզ ու հասարակ տրամաբանությունը դեռ մեր թվարկությունից առաջ 4-րդ դարում շարքային մարդուն հուշել է, որ տեղաշարժի եւ մանավանդ բեռնափոխադրության գործում մեծ օգուտ է տվել հենց անիվը։ Փայտե սովորական սկավառակ հիշեցնող այդ սարքը մեր նախնիներին օգնել է կատարել աներեւակայելի ու բազմաբնույթ շինարարական աշխատանքներ։ Ժամանակի ընթացքում այդ կարեւոր միջոցը տեխնիկապես շարունակ կատարելագործվել է եւ այսօր անգնահատելի օգնական է դարձել բոլորիս համար՝ թե՛ ժամանակ շահելու եւ թե՛ առօրյա կյանքի տարբեր ոլորտներում։

Խորիմաստ մտահղացումները ծնվում են, երբ անմիջականորեն առնչվում ու լրջագույն առաջընթաց են ապահովում առօրյա կյանքում։ Զուր չի ասել Էսքիլեսը․ «Իմաստունը նա չէ, ով շատ բան գիտի, այլ՝ նա, ում գիտելիքներն օգտակար են»։ Եվ իրոք, եթե որեւէ խելամիտ առաջարկություն անմիջականորեն է կարողանում ազդել տնտեսության տարբեր բնագավառների վրա, արդյունավետորեն է նպաստում սոցիալ-տնտեսական եւ բազում այլ ոլորտների առաջխաղացմանը, արժանանում է համընդհանուր բարձր գնահատականի։

Իսկ անցյալ դարում գրանցված կարեւոր բացահայտումներից մեկը, անտարակույս, տիեզերագնացությունն էր։ Այս ոլորտում առաջին էջը գրելու պատվին 1961 թվականին արժանացավ սովետների ներկայացուցիչ Յուրի Գագարինը, իսկ տիեզերագնացությունում բացառիկ քայլը 1969 թվականին բախտ ունեցավ կատարելու ամերիկացի Նիլ Արմստրոնգը, առաջին մարդը, ով ոտք դրեց Լուսնի վրա։ Ի դեպ, նպատակին հասնելու համար նրան հարկ եղավ օդային տարածքը կտրել-անցել 384 հազար 400 կիլոմետր…

Անցյալ դարում եղան եւ այլ բացառիկ հայտնագործություններ, որոնք էապես փոխեցին մեր բոլորի կյանքի էությունը։ Սակայն եկեք անցնենք ներկա իրադարձություններին, որոնք այսօր նաեւ խորապես մտահոգող են։ Խոսքը ոչ միայն բնության անսովոր ու յուրատեսակ զայրույթի մասին է, որ դրսեւորվում է մարդկությանը վնաս հասցրած բազմաթիվ աղետալի երեւույթներով` երկրաշարժերով, ջրհեղեղներով, հրդեհներով, երաշտով, սարսափելի վարակիչ հիվանդություններով, այլեւ արտասովոր ու տեւական բարձր ջերմաստիճանով, ինչը հանգեցրել է սառցահալքի։ Գիտնականներին խիստ անհանգստացնում է այն, որ այս դեպքում սառցակալումից կարող են ազատվել, լույս աշխարհ գալ մահաբեր վարակ տարածող նոր բացիլներ։ Վիճակագիրների տվյալների համաձայն, աշխարհում ամեն օր կյանքին հրաժեշտ է տալիս 150 հազար մարդ։ Հասկանալի է, որ խոսքը հիմնականում տարեցների, ծանր հիվանդություններով տառապողների մասին է։ Այս թվին գումարվեց Քովիդ 19-ի զոհ դարձած 7 միլիոն մարդ, որոնց թվում քիչ չէին նաեւ երիտասարդները։ Հուսանք, որ նոր ողբերգության ակնկալիքի առիթով գիտնականների անհանգստությունը չի արդարանա։

Անակնկալ է գրանցվել նաեւ հեռավոր Ճապոնիայում, ավելի ճիշտ՝ դա տեղացիների ստեղծագործական մտքի թռիչք է, երեւակայության սահմանները գերազանցող մտահղացումները կյանքի կոչելու զարմանահրաշ դրսեւորում։ Ասացեք, խնդրեմ՝ ո՞ւմ մտքով կանցներ, որ մի գեղեցիկ օր Արեւածագի երկրի փողոցներում երթեւեկության պատշաճ կարգուկանոնին կսկսեն հետեւել… ռոբոտները։ Ու այդ ձեռակերտ օրինապահները որքա՜ն հետեւողական ու խստապահանջ են կարգազանցների նկատմամբ․ խախտե՞լ ես օրենքը` վճարիր տուգանք, ստացիր պատիժ։ Տեղին է նշել նաեւ, որ աշխատավարձի հարցն էլ ինքնըստինքյան հանվում է։ Կզարմանաք նաեւ, որ առավել աչքի ընկած ու բարեխիղճ ռոբոտներն արժանանում են կառավարական պատվավոր անվանումների…

Հիշում եմ, թե ինչպիսի ոգեւորություն ապրեցին հայաստանցիները, երբ 1967 թվականի մարտի 7-ին Կրեմլը որոշեց շաբաթ օրերը հայտարարել հանգստի օր։ Ամեն ինչ հասկանալի էր` մարդիկ հնարավորություն էին ստանում ավելի շատ ժամանակ նվիրել ընտանիքի հոգսերին, երեխաների դաստիարակությանը, առողջության հարցերին։ Իսկ այս օրերին համացանցից իմացա, որ եվրոպաներում աշխույժ նախաձեռնություններ են սկսվել՝ հանգստի օր հայտարարելու նաեւ ուրբաթ օրը։ Իսլանդիայում, Դանիանում, Նորվեգիայում, Շվեդիայում գործատուներն ու արհմիությունները հավանություն են տվել այդ շարժմանը՝ հանգելով այն եզրակացությանը, որ աշխատավարձերի չափերը պահպանվելուն, ծրագրված պլանների կատարմանը չի խանգարի, եթե քառօրյա աշխատանքային օրվա աշխատաժամերին օրական ավելանա 1-2 ժամ, ինչը կփոխհատուցվի ուրբաթ օրվա հանգստով։ Այս նախաձեռնությունը համապատասխան արձագանք է ստացել նաեւ ամերիկաներում։ Իսկ թե ինչ կլինի մեզ մոտ, ցույց կտա ժամանակը։

Պատրաստեց Միսակ Նազարյանը