Վահիդ Սահակյանն ու Գրիգոր Ջավախյանը չեն տուգանվի

Վահիդ Սահակյանն ու Գրիգոր Ջավախյանը չեն տուգանվի

Անցյալ տարվա սեպտեմբերի 21-ին Եռաբլուրում կարմիր բերետավորների կողմից բռնության ենթարկված ծնողների գործով նախաքննությունը շարունակվում է, սակայն ոչ մի ոստիկան այդպես էլ մեղադրյալի աթոռին դեռեւս չի հայտնվել։ 

Տուժող 2 տասնյակից ավելի ծնողների պահանջը՝ ոստիկաններին մեղադրանք առաջադրելու, այդպես էլ չկատարվեց։ Նրանք ձմռանը մի քանի ամիս աղմկեցին, բողոքի ակցիաներ արեցին, հոգնեցին ու հեռացան։ Մինչ օրս  ոչ մի նորություն չունեն Եռաբլուրի գործով։ 

«Մենք ապրիլի 14-ից հետո, երբ դադարեցրինք մեր ակցիաները, ոչ մի տեղեկություն չունենք քրեական գործի ընթացքից։ Ոչ մի քննիչի որոշում կամ այլ փաստաթուղթ չենք ստացել։ Փաստորեն, իրավական համակարգ չկա»,- ասում է «Որդիների կանչ» ՀԿ ղեկավար Վահիդ Սահակյանը, ով այս գործով տուժողներից է։  

Քննչական կոմիտեից հայտնում են․ «Եռաբլուրի դեպքին վերաբերող վարույթով դեռեւս քրեական հետապնդման ենթարկվող անձինք չկան։ Նախաքննությունը շարունակվում է»։
Ըստ ծնողների փաստաբան Վահան Հովհաննիսյանի, այս գործով ոչինչ չի արվում։ «Գործը հանգիստ քնած է։ Մեզ որեւէ բան չեն հայտնում։ Ոչ էլ կարճում են, քանի որ գիտեն, որ կարճման դեպքում մենք բողոքարկելու ենք մինչեւ Եվրոպական դատարան, այդ հեռանկարից վախենում են»,- ասաց նա։ Շուտով արդեն 1 տարի կլինի, որքա՞ն ժամանակ կարող են քննել գործը։ Փաստաբանը պատասխանում է․ «Ողջամիտ ժամկետում։ Իրենց համար ողջամիտը կարող է երեք տարի էլ լինի»։ 

Ծնողների դեմ հարուցված վարչական վարույթներով տուգանված անձինք եւս չկան։  Վարչական դատարանը մեկը մյուսի հետեւից մերժում է ծնողներին վարչական պատասխանատվության ենթարկելու ՀՀ ոստիկանության կողմից ներկայացված պահանջները։ Ոստիկանությունը Վարչական դատարան մի քանի տասնյակի հասնող հայցեր էր ներկայացրել՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել պատերազմում զոհված զինծառայողների ծնողներին՝ ոստիկանի օրինական պահանջներին չենթարկվելու համար: 

Հուլիսի 6-ին Վարչական դատարանը, ի դեմս դատավոր Արթուր Ծատուրյանի, եւս երկու հայց մերժեց, «Որդիների կանչ» ՀԿ նախագահ, զոհված Ժորա Սահակյանի հորը եւ զոհված զինծառայող Գեւորգ Ջավախյանի հորը՝ Գրիգոր Ջավախյանին տուգանելու պահանջը։ 

Ի դեպ, առերեսման ժամանակ որոշ ոստիկաններ ընդունել էին իրենց սխալը, ներողություն խնդրել ծնողներից, բայցեւայնպես, ոստիկանությունը պահանջել էր, որ տուգանեն ծնողներին։