Կուռքը չէր կարող սխալվել

Կուռքը չէր կարող սխալվել

Զարմանում եմ մեր նախկին նախարարների ու գեներալների միամտության վրա: Մարդիկ հասկանում են, որ Նիկոլն իրեն արդարացնելու նպատակով մեղքը գցում է ում վրա պատահի, բայց փորձում են իշխանական կառույցների (ասենք, ԱԺ քննիչ հանձնաժողովի) միջոցով ապացուցել, որ անմեղ են: Այդ առումով արդեն հայտ են ներկայացրել նախկին ՊՆ Դ. Տոնոյանը, ՊԲ նախկին հրամանատար Մ. Արզումանյանը: Պարզ է, որ իրենց նման հնարավորություն չի տրվի: Որովհետեւ այդ դեպքում կպարզվի, որ 44-օրյա պատերազմի խայտառակ պարտության պատճառը ոչ այս կամ այն հրամանատարն է կամ 12 հազար «դասալիքները», այլ ընդամենը մեկ անձ՝ ՀՀ վարչապետ, ԶՈՒ գլխավոր հրամանատար Փաշինյան Նիկոլը: Եթե չեմ սխալվում՝ Դավիթ Տոնոյանի կողմից սա առաջին նման առաջարկը չէ՝ այդպիսին (կամ այդպիսիք) էլի է եղել: Ու, բնականաբար, մերժվել: Նույն ձեւով կմերժվեն նաեւ այսօրվա խնդրանքը եւ հետագա բոլոր նման դիմումները: Նույն ճակատագրին է արժանանալու նաեւ ՊԲ նախկին հրամանատարի դիմումը:  

Մարդկայնորեն, իհարկե, հասկանալի է նախկինում մեծ պաշտոն գրաված Տոնոյանի կամ մեծ պատասխանատվություն ստանձնած անձանց անհանգստությունը: Անհանգստությունն իրենց անվան եւ արժանապատվության առումով: Սակայն ողջ խնդիրն այն է, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնողը եւ գլխավոր հրամանատարը վաղուց հրաժեշտ է տվել մարդկային այդ հատկանիշներին: Իսկ եթե դրանք իր համար որեւէ նշանակություն չունեն, ապա ինչպե՞ս կարող են ունենալ իր ստորադասների դեպքում: Ու, ըստ այդմ, նրանց չի կարող ընձեռվել հնարավորություն, որպեսզի պահպանեն իրենց պատիվն ու արժանապատվությունը: Սա է, որ չի գիտակցվում խելացի մարդկանց կողմից, ինչպիսիք Դավիթ Տոնոյանն ու Միքայել Արզումանյանն են:

Ի դեպ, նույնպես շատ մարդկային էր «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի արձագանքը Ֆեյսբուքում տեղադրված գրառմանս. «Ինչ անեն, Վախթանգ ջան… ոնց պաշտպանվեն էս բեսպրեդելից», եւ իմ պատասխանը․ «Չգիտեմ, 2021-ի փետրվարին էր պետք գործ անել»: Իսկապես, հարցի լուծումը 44-օրյա պատերազմի խայտառակ պարտությունից հետո գտնվում էր զինվորականության ձեռքում: Իհարկե, այն սկզբում հենց գլխավոր հրամանատարի ձեռքում էր՝ առնվազն հրաժարականի տեսքով: Չնայած 2018 թվականի գարնանային իրադարձությունների հերոսն ու առաջնորդը պետք է առաջին հերթին մտածեր մեկ այլ տարբերակի մասին եւս... 

Բայց դե կյանքը ցույց տվեց, որ ինքն այն հերոսն ու առաջնորդը չէր, որ փորձում էր երեւալ հինգ տարի առաջ: Ընդհակառակը, եռակողմ հայտարարությունը ստորագրելուց հետո բունկերում թաքնված՝ վրեժի էր կոչում իր կողմնակիցներին, «Հեղափոխության պահապանների» հրոսակախմբեր էր ձեւավորում, որոնք օրեր շարունակ ապրում էին իր կեցավայրում: Մոռանալով, որ երկուսուկես տարի առաջ նրա կողմնակիցները համարյա ողջ ազգաբնակչությունն էր: Եվ իր կողմնակիցների երիտասարդ հատվածին ինքը տարավ մահվան՝ աստծո զոհասեղանին: 

Ինչեւէ, վերադառնանք հայոց գեներալներին: 2021 թ. փետրվարի 25-ին նրանք ոչ թե պետք է հայտարարեին, որ Նիկոլի վարչապետության շարունակումը սպառնալիք է հայոց պետականությանը, այլ պետք է վերացնեին այդ սպառնալիքը: Ընդհանրապես, այդպես է արվում ճակատագրական պահերին նորմալ պետություններում: Բայց մերն ուրիշ է, եւ դա դրսեւորվեց նաեւ այդ հարցում: Գեներալները հայտարարեցին, իսկ պետության սպառնալիք հանդիսացող անձն իր կողմնակիցներին զոռով-շառով հավաքելով հրապարակում, պաշտոնանկ արեց բոլոր գեներալներին: Եվ երկիրը հասցրեց այս հանգրվանին. երբ Արցախն ու հայաստանյան տարածքներ է հանձնում թշնամուն... սեփական մեղքն է բարդում գեներալների վրա՝ միաժամանակ զրկելով նրանց արդարանալու հնարավորությունից: Ի դեպ, պատերազմի ժամանակ գործող գեներալների վրա բարդելով պարտության մեղքը՝ Նիկոլը ՀՀ նախագահին հանձնարարում է նոր գեներալներ գեներացնել գնդապետների շրջանակից: Իսկ դեռեւս իր վստահությունը վայելող՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Էդվարդ Ասրյանին էլ գեներալ-լեյտենանտի կոչում է շնորհել:

Այդ ընթացքում հայաստանյան ստորին խավը կրկնում է պետության սպառնալիք հանդիսացող անձի ասածները՝ «Սեւ լճից մի մետր էս կողմ, մի մետր էն կողմ՝ ի՞նչ տարբերություն»: Հետո հարձակվում բոլորի, այդ թվում՝ կանանց  վրա, թե «ինչի չեք կամավոր գրվում»: Փաստորեն, Հայաստանում այլեւս ո՛չ իշխանություն կա եւ ո՛չ էլ այդ իշխանության ատրիբուտներից մեկը՝ բանակը: Ու Սեւ լիճը պետք է պահվեր ոչ թե բանակի, այլ կամավորների ուժերով: Դե, այս զանգվածի կուռքն է հրաման տվել, որպեսզի բանակը թշնամուն զիջի Սեւ լճի տարածքը: Իսկ սրանք վստահ են, որ իրենց կուռքը չի կարող սխալվել: Այդպես էլ ապրում ենք…