Ո՞ր հայրենիքի փրկությանն է ծառայելու «Արբատը»

Ո՞ր հայրենիքի փրկությանն է ծառայելու «Արբատը»

Ռուսական, ուկրաինական, վրացական եւ ադրբեջանական մամուլն արդեն մի քանի օր շարունակ ակտիվորեն քննարկում է հունիսի 30-ին Մոսկվայի հայկական եկեղեցում Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմի հոգեւոր առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի կողմից հայկական կամավորական գումարտակի` «Արբատի» հրամանատարների օրհնման հոգեւոր կարգը: Գումարտակի հրամանատարը ծագումով արցախցի Հայկ Գասպարյանն է, ով իր խոսքում ասել է, որ իրենց նպատակը հայրենիքին ծառայությունն է: Ըստ ուկրաինական մամուլի՝ հայկական ռազմական ընկերության կնքահայրը Դոնեցկի մարզի Գորլովկա քաղաքի բնակիչ՝ քրեական հեղինակություն Արմեն Սարգսյանն է, ով, ուկրաինական հետախուզության տեղեկություններով, Ուկրաինայի օկուպացված տարածքներում, ինչպես նաեւ Ռուսաստանի տարածքում գտնվող որոշ գաղութների «նայողն է»: Խմբավորման հետեւում կանգնած են ռուսահայ խոշոր եւ ազդեցիկ գործարարներ:

Սա Ռուսաստանում հայկական բիզնեսի, քրեական հեղինակությունների, եկեղեցու եւ զինական ուժի միավորում է: Գումարտակի հրամանատարն ասել է, որ չնայած հայ մարտիկներ եղել են Դոնբասում կռվող տարբեր զորամիավորումներում, բայց հիմա իրենք որոշել են միավորել բոլոր հայ մարտիկներին մեկ զորամիավորման կազմում: «Մենք որոշեցինք շեշտել ընդհանուր ամեն ինչ՝ ե՛ւ պատմությունը, ե՛ւ քաղաքականությունը... Ուստի գումարտակը կռվելու է հայկական դրոշի ներքո։ Միասնություն կլինի»,- ասել է նա: Արդյոք «Արբատը» ձեւավորվում է միայն Դոնբասում պատերազմին մասնակցելո՞ւ համար, թե՞ հայկական դրոշի ներքո հանդես եկող այս ռազմական խմբավորումը կարող է այլ նպատակներ եւս հետապնդել, այդ թվում՝ եւ ներհայաստանյան: 

«Արբատը» նոր մասնավոր ռազմական ընկերություն է` այնպիսին, ինչպիսին «Վագներն» է: Շատերն ասում են, որ «Վագներ» ՄՌԸ կողմից հունիսի 24-ին իրականացված ռազմական խռովության անհաջող փորձից հետո Ռուսաստանի իշխանությունները որոշել են ոչ թե ընդհանրապես հրաժարվել նման խմբավորումներին պատերազմական գործողություններում ներգրավելուց, այլ ընդհակառակը` խրախուսել նման նոր խմբավորումների ստեղծումը, քանի որ ռուսական բանակի հրամանատարությանը պետք է, որ նոր ձեւավորվող խմբավորումները լրացնեն այն բացը, որն առաջացել է ռազմաճակատում «Վագներ» խմբավորման զինյալների հեռանալուց հետո: Մյուս կողմից, մեկ խոշոր խմբավորման փոխարեն ստեղծելով բազմաթիվ փոքր խմբավորումներ՝ հնարավոր է զսպեն նրանց քաղաքական հավակնությունները երկրում իշխանություն վերցնելու գործում: Ազգային պատկանելության սկզբունքով զորամիավորումների ստեղծումը եւս նորություն չէ. նման փորձ կա դեռեւս Հայրենական պատերազմից սկսած, ինչպես, օրինակ, հայկական Թամանյան դիվիզիան էր: Հիմա էլ ռուսական բանակի կազմում կռվում են չեչենական, թաթարական, բաշկիրական եւ այլ ազգային զորամիավորումներ: Բանակի հրամանատարության մտահղացմամբ ազգային զորամիավորումները մրցակցության մեջ են մտնելու իրար հետ, ինչն ավելի մեծ արդյունք կապահովի ռազմի դաշտում: Բայց, ի տարբերություն չեչենների, բաշկիրների եւ թաթարների, որոնք Ռուսաստանի կազմում ազգային ինքնավարություններ են, Հայաստանն անկախ պետություն է, եւ դրանով հայկական ազգային ռազմական խմբավորման ձեւավորումը նման չէ մյուսներին:

Այս պատմության մեջ կա եւս մի հետաքրքիր դետալ. հայկական եկեղեցում տեղի ունեցած միջոցառմանը մասնակցել է «Դոնբասի վայրի դիվիզիա» խմբավորման հրամանատար Ախրա Ավիդզբան: Բացատրությունն այն է, որ «Արբատը» գործելու է Ավիդզբայի ղեկավարած դիվիզիայի կազմում: Ավիդզբան ոչ միայն ռուս-ուկրաինական պատերազմի ակտիվ մասնակից է, ինքնահռչակ Դոնբասի Ժողովրդական Հանրապետության հերոս, այլեւ իր հայրենի Աբխազիայում տեղի ունեցող քաղաքական փոփոխությունների նախաձեռնող եւ ակտիվ մասնակից: 2020 թվականին Ավիդզբայի նախաձեռնությամբ Աբխազիայի մայրաքաղաք Սուխումիում տեղի ունեցան բողոքի ցույցեր` ընդդեմ գործող նախագահ Ռաուլ Խաջիմբայի, ով պարտադրված էր հրաժարական տալ հանուն երկրում կայունության պահպանման եւ եղբայրասպան պատերազմի կանխման: Պարզ էր, որ Ավիդզբան գործում է ռուսական իշխանությունների հավանությամբ, եւ ռուսական իշխանությունների հետ համաձայնեցված էր՝ որոշ ժամանակով թողնել Դոնեցկը եւ իր հայրենակիցների հետ մեկնել Սուխումի` երկրում իր պատկերացրած արդարությունը հաստատելու համար: Նա Աբխազիայի իշխանություններին մեղադրում էր իր եղբոր` օրենքով գող Ալխասի`Խասիկի սպանության մեջ: Ավիդզբայի գլխավորությամբ աբխազ եւ հայ կամավորների խմբավորումը 2020 թվականի նոյեմբերի սկզբին եկավ Հայաստան` մասնակցելու հայ-ադրբեջանական պատերազմին, բայց մարտական գործողություններին նրանք չհասցրին մասնակցել: 

Չինաստանի կոմունիստական առաջնորդ Մաո Ցզե Դունն ասում էր. «Յուրաքանչյուր կոմունիստ պետք է գիտակցի հետեւյալ ճշմարտությունը. հրացանն իշխանություն է ծնում»: Սա ճշմարտություն է ոչ միայն Չինաստանի համար: Հայկ Գասպարյանի ու նրա գումարտակի մարտիկների համար այս պահին հայրենիքը գուցե Ռուսաստանն է, եւ նրանք Հայ առաքելական եկեղեցու օրհնությունը ստանալով` մեկնելու են ուկրաինական ռազմաճակատ, օգնելու Ռուսաստանի հաղթանակին` Ուկրաինայի նկատմամբ: Բայց գումարտակի հրամանատար Գասպարյանը, լինելով արցախցի, չի կարող չիմանալ, որ ավելի մեծ օգնության կարիք ունի իր իրական հայրենիքը` Հայաստանն ու Արցախը: Ոչ միայն օգնության, այլեւ նույնիսկ փրկության: Չի բացառվում, որ հայկական գումարտակը ստեղծվում է առաջին հերթին հենց այդ նպատակով, ուղղակի դրա մասին առայժմ չի հայտարարվում: Հայաստանի փրկություն ասելով, առաջին հերթին նկատի է առնվում փրկություն՝ գործող իշխանությունից: Մանավանդ որ Ռուսաստանի իշխանություններն էլ դեմ չեն լինի այդ փրկության ծրագրի իրագործմանը:

Ավետիս Բաբաջանյան