Լուծվել է 30 տարվա վաղեմության խնդիր

Լուծվել է 30 տարվա վաղեմության խնդիր

ՎիվաՍել-ՄՏՍ-ը եւ «Հայաստանի Ֆուլեր տնաշինական կենտրոնը» գնահատում են ընթացիկ տարվա ձեռքբերումները: Գարնանը մեկնարկած բնակարանաշինության ծրագիրը մոտենում է ավարտին: Գործընկեր կառույցները հաշվետու տարվա կարեւոր ձեռքբերումներից են համարում հանրապետության տարբեր մարզերում շահառու դարձած ընտանիքների հոգեվիճակի փոփոխությունը: Ձեռքբերումներից մեկն էլ 30 տարվա վաղեմության խնդրի լուծումն է Կոթի գյուղում:

«Այս ծրագիրը միշտ համարել եմ ամենահաջողվածներից: Կա մի քանի պատճառ. կատարվում է կարեւոր գործ, եւ մարդիկ արժանապատվությամբ հաղթահարում են տարիների խնդիրը: Հատկապես ուրախ եմ սահմանին ապրող մեր հայրենակիցների համար: Աջակցություն ստացած ընտանիքները Նոր տարին նշելու են նոր բնակարանում: Թող այսուհետ կյանքը միայն հաճելին մատուցի նրանց: Շնորհակալություն համագործակցության համար»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Ընթացիկ տարում հատկապես կարեւոր ձեռքբերում էր կոթեցի ընտանիքներից մեկին ցուցաբերված աջակցությունը: Երեսուն տարի երկաթյա տնակում, հակառակորդի գնդակոծության հնարավոր վտանգներից երեխաներին պաշտպանած ընտանիքը կշարունակի ապրել իր հայրենի գյուղում: Այս անգամ, սակայն, առավել ապահով՝ քարե տանը: Հուսահատությունն այլեւս հոգեվիճակ չէ նրանց համար. մարդիկ սկսում են ժպտալ ու հավատով նայել ապագային: Սա ամենաերկար սպասված նվերն էր Ամանորի շեմին: Առաջին անգամ կյանքում Բեջանյանների երեսունամյա որդիները սկսել են մտածել ընտանիք կազմելու մասին»,- ասել է «Հայաստանի Ֆուլեր տնաշինական կենտրոնի» տնօրեն Աշոտ Եղիազարյանը:

Տավուշի մարզի Կոթի գյուղում բնակվող Բեջանյանների ընտանիքը վագոն-տնակում ապրել է երեք տասնամյակ՝ այդ ամբողջ ժամանակ զգալով հակառակորդի կրակոցից եկող իրական վտանգը: Ընտանիքի հայրը՝ Բաբկենը, կյանքի հիսունհինգ տարիներից մեծ մասն անցկացրել է 27 քմ մակերեսով մետաղյա պատերի մեջ: Կինը՝ Նունեն, երեք երեխաների հետ տարել է ցրտաշունչ ձմռան դժվարությունը, ամռան տապը, հակառակորդի կրակոցների սարսափն ու ամեն անգամ ապրել հրաշքով փրկվելու երջանկությունը: Իսկ դուստրը՝ Գոհարը, հրաշքով փրկվածներից է. հակառակորդի գնդակոծությունից օրորոցում հայտնված բեկորը կարող էր անդառնալի լինել նորածնի համար: Այժմ նա արդեն հնգամյա որդու մայր է: 

ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» գործակցությամբ իրականացվող բնակարանաշինության ծրագրի շնորհիվ ընտանիքի կյանքը հիմնովին փոխվել է. Բեջանյանները քարաշեն, երկհարկանի տանը նախապատրաստվում են Նոր տարվա տոներին: «Սա իմ կյանքի ամենաերջանիկ տարին է:  Նախապատրաստվում եմ Նոր տարուն: Լուսավոր ու մեծ բնակարան տեղափոխվելով՝ ուղղակի մոլորվել եմ անսովորությունից: Տղաներս իրենց ննջարանն ունեն, մենք՝ մերը: Այժմ գնդակոծությունն այդքան սարսափելի չէ. քարե պատերն ավելի ամուր են, եւ ես լիարժեք ապահովության զգացողություն ունեմ: Ունեմ մեծ երազանք. ուզում եմ նոր բնակարանում ամուսնացնել որդիներիս»,- ասել է ընտանիքի մայրը՝ Նունե Բեջանյանը:

Բնակարանաշինության ընթացիկ տարվա ծրագրով՝ տոներից հետո բնակարանամուտ կնշի եւս մեկ ընտանիք: Այս անգամ՝ Արագածոտնի մարզում: