Փոխվել են, մնում է` փոխեն

Փոխվել են, մնում է` փոխեն
Նիկոլ Փաշինյան

Փաշինյանի հայտարարությունը, թե առաջին անգամն է, որ ԱԺ ընտրությունների արդյունքները չբողոքարկվեցին, բավականին ճշմարտանման է հնչում: Մարդը փաստ է արձանագրում եւ, կարծես, այնքան էլ դժգոհ չէ արտահերթ ընտրությունների որակից եւ, ամենակարեւորը՝ արդյունքներից:

Մեզ, թվում է, սակայն, որ Փաշինյանը շատ մակերեսային գնահատական է տվել: Հարց չի՞ առաջանում, օրինակ, բայց ո՞ւմ պետք է բողոքեին, երբ ոստիկանությունից մինչեւ դատախազություն ու Սահմանադրական դատարան ենթարկվում են ասֆալտին փռող ու պատերին տվող վարչապետին: Սա շատ կարեւոր պահ է, որը չի կարելի շրջանցել: Ինչո՞ւ Փաշինյանը մինչեւ ընտրություններ իր վերահսկողությունից չհանեց իրավապահ մարմինները: Հարցն իրեն է ուղղված, մանավանդ որ դեռ ընտրությունների ժամանակ շանտաժի դեպքեր գրանցվեցին ոչ իմքայլական թեկնածուների նկատմամբ, թե որոշ դեպքերում նրանք բռնացել են քաղաքացիների ընտրական իրավունքների վրա եւ այլն: Իրավապահ մարմիններն իրենց նախահարձակ գործողություններով, փաստորեն, հասկացնում էին, որ բողոքներ լինելու դեպքում դրանք շրջվելու են բողոքողի դեմ: Սա այլ խոսքով որակվում է որպես «վախի մթնոլորտ», բայց մենք դա զանց կառնենք, որպեսզի անզգուշաբար չմրոտենք մեր այնքան հաջող ընտրությունները:

Մեր իշխանություններին հաջողվել էր ստեղծել մի իրավիճակ, որ օտարերկրյա դիտորդներն իրենց առաքելությունը համարեին ընտրություններն ընդդիմության ոտնձգություններից պաշտպանելը: Ընդդիմությունը, որին նաեւ «նախկիններ» էին ասում, պոտենցիալ «ընտրակեղծարարի» դերում էր, իսկ իշխանությունը եւ նրա ածանցյալ ուժերը համարվում էին «ազատ, արդար եւ թափանցիկ» ընտրությունների կողմնակից: Բայց սա էլ թողնենք մի կողմ, քանի որ, ինչպես Նիկոլ Փաշինյանն է ասում, մեր ընտրություններն առաջին անգամ չբողոքարկվեցին:

Ի դեպ` Երեւանի ընտրություններն էլ, կարծես, չբողոքարկվեցին: Ստացվում է, որ արդեն 2 մաքուր ընտրություն ենք ունեցել: Ի՞նչ եք կարծում, մեզ մի քիչ հեշտ չի՞ տրվում մաքուր ընտրություն ունենալու երջանկությունը: Ես, օրինակ, հակված եմ մտածել, որ Երեւանի ընտրությունն ընդհանրապես ընտրություն չէր: Համաձայն չե՞ք: Իսկ համաձա՞յն եք, որ մեկ միլիոնանոց որեւէ այլ քաղաքում սերիալներում նկարահանվելու պատրաստ 300 հազար մարդ կճարվի: Առավել խոհեմները դա բացատրում են Նիկոլի հանգամանքով, էյֆորիայով, ոգեւորությամբ, քաղաքական պայքարի բացակայությամբ եւ այլն: Ես էլ նույնն եմ ասում, դա ընտրություն չէր, այլ Աբովյանի ասած` «մեկ էշի հարսանիք», որի հետեւանքներն արդեն տեսնում ենք: Իսկ ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններում չկա՞ր Նիկոլի ֆակտորը, չկայի՞ն համաժողովրդական էյֆորիան, անկապ, ոչնչով չարդարացված ոգեւորությունը, ապաքաղաքականացված քարոզարշավը: Բնականաբար, կային: Այլապես ինչո՞ւ պետք է ընտրողը գնար ու ձայն տար էլեկտրասյան կամ շքամուտքին փակցված «երջանիկ անհայտների» լուսանկարներին: Այդ լուսանկարներից քանի՞սն են հանդիպել ընտրողների հետ, ծրագիր ներկայացրել, խոստում տվել…

Կա՛մ ես հայ մարդուն լավ չեմ ճանաչում, կա՛մ «հեղափոխությունից» հետո անհասկանալի բան է կատարվում ընտրական պրոցեսներում: Ինձ համոզում են, թե «հեղափոխությունն» արթնացրել է մեր հասարակությանը: Եղբայր, մեր հասարակությունն ԱԺ նախորդ բոլոր ընտրություններին ավելի արթուն էր: Մասնակցության թվերը համեմատեք: Ասում են` չէ, այս անգամ ժողովրդի դեմքին ժպիտ կար, մարդիկ ոգեւորությամբ էին գնում ընտրատեղամասեր, նրանց չէին քշում… Քոռանամ ես: Դուք իսկապե՞ս հավատում եք հրաշքների:

Նայեք ընտրությունների արդյունքներին ու փորձեք բացատրել, թե ինչու ոչ ոք մեզ չի շնորհավորում դրանց համար: Ես, իհարկե, չեմ բացառում, որ եղել են հեղափոխությանն ու փոփոխություններին իսկապես հավատացող մարդիկ, որ գնացել ու ձայն են տվել «Իմ քայլին», բայցեւ վստահ եմ, որ այդ դաշինքին տրված քվեների ահռելի մասն ապահովել են նախապես շանտաժի ենթարկված մի խումբ փողատերեր եւ օլիգարխներ, որոնք այսօր հանգիստ շարունակում են ծաղկեցնել իրենց բիզնեսները: Երիցս ճիշտ է Քոչարյանը, երբ ասում է` իշխանությունը ճամպրուկ չէ, որ վերցնես ու տաս ուրիշի: Տեր-Պետրոսյանին կարող ենք մարգարե կոչել այն պատճառով, որ դեռ 2015 թվականին է նկարագրել այս «հեղափոխությունը»՝ որպես թատերականացված ներկայացում: Ուղղակի ապշել կարելի է, իսկ Փաշինյանը, ասես ոչինչ չի եղել, հպարտանում է հերթական խեղկատակությամբ, թե անբողոքարկելի ընտրություններ ենք ունեցել:

Ընտրակաշառք, այդ բառի ամենալայն իմաստով, բաժանվե՞լ է, թե՞ ոչ: Դեպքեր չկան: Իսկ եթե դեպքեր չեն արձանագրվել, ու գործեր չեն հարուցվել, ապա դա հի՞մք է, որ ասենք` ընտրակաշառք չի բաժանվել: Ախր, ինչպե՞ս կարելի է նման բան պնդել, եթե փաստ է, որ հանրահայտ ընտրակաշառք բաժանող եւ ձայն ապահովող քաջերը, բացի, թերեւս, Մանվել Գրիգորյանից, բանտում չեն եղել ընտրությունների ժամանակ: Ավելին ասենք․ այդ ի՞նչ տեղի ունեցավ, որ օլիգարխներն ընտրությունների նախօրյակին հանկարծ կոչվեցին բարեխիղճ բիզնեսմեններ: Եվ էլի մի հարց Փաշինյանին. այդ ինչպե՞ս պատահեց, պարոն Փաշինյան, որ Ձեր գլխավորած ուժը տարավ ճիշտ այնքան (կամ մի քիչ ավելի) ձայն, որքան Սերժ Սարգսյանի ՀՀԿ-ն էր տանում բացահայտ ընտրակաշառքի պայմաններում:

Է՛, վարչապետ բալա, ուղտը նստած` կուզեկուզ ես ման գալիս: Հետն էլ ասում ես` բողոքող չկա: Ո՞վ բողոքի, Գագիկ Ծառուկյա՞նը, Էդմոն Մարուքյա՞նը: Կատա՞կ ես անում: Իսկ գուցե ՀՀԿ-ն ու Սերժ Սարգսյա՞նը պետք է բողոքեն: Ինչի՞ց բողոքեն` որ իբր հեռացե՞լ են իշխանությունից: Լուրջ բաներից խոսիր, այ մարդ, համակարգն ինչպե՞ս կբողոքի իր հարատեւումից:

ՀԳ. Հանուն ճշմարտության հիշենք նաեւ Սերժ Սարգսյանի հայտնի խոսքը: Ասում էր` փոխվենք, որ փոխենք: Փոխվել են, մնում է` փոխեն: