Իսկ 1996-ի ընտրությունների կեղծման փաստով գործ հարուցվելո՞ւ է (տեսանյութ)

Իսկ 1996-ի ընտրությունների կեղծման փաստով գործ հարուցվելո՞ւ է (տեսանյութ)

Ինչպես հայտնի է, Հատուկ քննչական ծառայությունը Վահան Շիրխանյանի նամակի հիման վրա նյութեր է նախապատրաստում 1998 թվականի նախագահական ընտրությունների կեղծման վերաբերյալ։ Կեղծիքի մասին նշել էր Շիրխանյանն՝ իր նամակում։ Այսօր հետաքրքրվեցինք գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից, թե արդյոք հնարավո՞ր է 1996 թվականի ընտրությունների կեղծման փաստով էլ իրավական գործընթաց սկսվի։

Ի պատասխան՝ Դավթյանն ասաց․ «Դրա վերաբերյալ մենք ունե՞նք նոր երևան եկած հանգամանքներ»։

Hraparak.am-ն ասաց, որ հրապարակումներ կան, ինչպես Շիրխանյանն է իր նամակում նշում, այնպես էլ Վազգեն Մանուկյանն է տարբեր տեղերում հրապարակավ հայտարարել։

«Դե, Շիրխանյանի նամակն արդեն գիտենք՝ ուղարկվել է ստուգման, էնտեղ ինչ կա, ամեն ինչ ստուգվելու է։ Ով ինչ գրի, որն իրավական գնահատականի անհրաժեշտություն ունի, դրան կտրվի պատշաճ իրավական գնահատական»,- ասաց դատախազը։

Մեր դիտարկմանը, թե բազմաթիվ հրապարակումներ կան, Վազգեն Մանուկյանը 1996-ի ընտրությունների կեղծման մասով է հայտարարել, Լևեն Տեր-Պետրոսյանը,Նիկոլ Փաշինյանը 2008-ի և մյուս տարիների ընտրություններն են կեղծված որակել, դրա վերաբերյալ բազմաթիվ հրապարակումներ կան, կարող ենք հղումները տրամադրել։ Բայց դատախազը լղոզեց հարցը․ «Բազմիցս բազմաթիվ բաներ կարող են գրված լինել, եթե նկատեցիք իմ ձևակերպումը՝ գրված կամ տրված հաղորդում, հայտարարություն, որն իր մեջ որոշակիությամբ իրավական գնահատականի կարիք ունի։ Հայտարարություններ էսօր էլ շատ կարող են արվել, դրանք կարող են բնութագրվել քաղաքական, կարող են բնութագրվել ամենատարբեր, բայց բովանդակությունից մեզ համար պետք է ստեղծվեն հիմքեր՝ որոշակիությամբ պայմանավորված իրավական գործընթաց իրականացնելու։ Որտեղ դա տեսել ենք մեզ հասանելի աղբյուրներով, իրականացրել ենք»։

Մանրամասն՝ տեսանյութում։