ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը՝ Սոչիի օդանավակայանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ

 ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը՝ Սոչիի օդանավակայանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ

ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը Սոչիի օդանավակայանի հայազգի աշխատակիցների, համայնքի ներկայացուցիչների և ՀՀ հյուպատոսի հանդիպման վերաբերյալ հայտնում է.

«ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության նախաձեռնությամբ Սոչիի «Սևան» հայկական մշակութային տանը նախօրեին կայացել է հանդիպում-քննարկում, որին մասնակցել են Սոչիի օդանավակայանի հայազգի աշխատակիցները /ավելի քան հիսուն ՌԴ քաղաքացի/, նրանց թվում՝ օրեր առաջ հրապարակված հայտարարությունը ստորագրած անձինք, հայ համայնքի ներկայացուցիչներ, քաղաքային ժողովի հայազգի պատգամավորներ և Սոչիում ՀՀ հյուպատոս Տ. Սարգսյանը:

Հանդիպմանը օդանավակայանի աշխատակիցները ներկայացրել են ստեղծված իրավիճակի շուրջ իրենց դիտարկումներն ու դիրքորոշումը, որոնց շուրջ ընթացել է բազմակողմ քննարկում։

Հանդիպման արդյունքում որոշվել է ձևավորել նախաձեռնող խումբ և ստեղծված իրավիճակի ուսումնասիրման նպատակով դիմել ՌԴ պատկան մարմիններ և հաջորդիվ կազմակերպել հանդիպում՝ հարցի կարգավորման նպատակով։

Իրավիճակի շուրջ հետագա զարգացումների վերաբերյալ կհայտնենք լրացուցիչ»։

Հավելենք, որ երեկ դեսպանությունը կապ էր հաստատել Սոչիի օդանավակայանի շուրջ ստեղծված իրավիճակի տարբեր կողմերի հետ՝ տեղեկատվության ճշտման և պարզաբանումներ ստանալու նպատակով։

Զրույցներ են տեղի ունեցել Սոչիի համապատասխան մարմինների, օդանավակայանի ղեկավարության, իրավիճակի մասնակից քաղաքացիների խմբի և հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Ստացվել են 
տարբեր կողմերի պարզաբանումները, այդ թվում նաև՝ քաղաքացիների խմբի, տեղի հայ համայնքի և պատկան մարմինների կողմից։