Իմաստուն ասույթների թիրախը

Իմաստուն ասույթների թիրախը

Տարիներ առաջ ուշադրությունս գրավեցին ԱՄՆ-ում լույս տեսնող թերթերից մեկում տպագրված հետեւյալ տողերը. «Ամերիկացիներն աշխատում են, եթե լավ են վճարում: Ռուսներն աշխատում են: Եթե վճարում են՝ լավ է...»: Ակամա մտածեցի՝ ի՞նչ կստացվեր, եթե այս անսովոր ու խորիմաստ բառախաղում «ռուսների» փոխարեն գրված լիներ՝ «հայերը»: Կարծում եմ՝ բովանդակությունը բնավ չէր տարբերվի: Սակայն ճիշտ է եւ այն, որ մեր աշխատասեր, բայց հուսահատ հայրենակիցները, ցավոք, տարիներ շարունակ հիմնականում հենց Ռուսաստանում են ջանում հարմար գործ գտնել եւ հանուն դրա գնում-հասնում են նույնիսկ ցրտաշունչ սիբիրները, միայն թե երկու կոպեկ վաստակեն եւ կարողանան օգնություն ցույց տալ տանը մնացած եւ նյութական կարիքների մեջ խրված իրենց հարազատներին: Ի դեպ, ամենաթարմ ու տխուր եւս մի փաստ, որ տպագրվեց մամուլում՝ 27 հազար հայաստանցիներ ստացել են Ռուսաստանի քաղաքացիություն, եւ կասկած լինել չի կարող, որ այս հույժ տագնապալի թիվը գնալով շատ ավելի պատկառելի է դառնալու...

Այդուհանդերձ լավ է, որ դրսում գոնե օգնական ուժ կա ու գործում է: Իսկ ի՞նչ հույսեր կարող են փայփայել, ինչպե՞ս չասես՝ մեր խեղճուկրակ թոշակառուները: Ինչ խոսք, նրանք որոշ չափով ոգեւորություն ու հրճվանք ապրեցին, երբ իմացան, որ գոնե կենսաթոշակների նվազագույն չափը, վերջապես, բարձրացել-հասել է 25 հազար 500 դրամի: Ճիշտ է, միաժամանակ հետաքրքրություն առաջացրեց մեկ այլ բան՝ այս դեպքում որքա՞ն կկազմի տվյալ կարգի թոշակառուի, ասենք, մեկօրյա չափաբաժինը: Հասկանալի է, սա պարզելու համար թվաբանական բարդ հաշվարկ կատարելու կարիք չկա՝ ամեն ինչ սահմանափակվում է զուտ մետաղադրամների օգնությամբ, թեկուզ այն պատճառով, որ գումարը կազմում է հազար դրամից էլ պակաս: Դե, գրոշներ հաշվելը մեծ բան չէ տարեցների համար: Այլ հարց է, թե տվյալ թոշակառուները, ըստ էության, ինչով են տարբերվում մեր բնակարանների մուտքի կոճակը երբեմն սեղմող ու խեղճ տեսքով օգնություն աղերսող մուրացկաններից: Եվ մի՞թե հարկ է զարմանալ, երբ երբեմն լսում ես Երեւանի պուրակներում հավաքվող բիձեքի կողմից օգտագործվող այս բառախաղը. «Եթե դատելու լինենք մեր ստացած կենսաթոշակների շուրջ, ապա իսկապես պետք է դատել...»: 

Իսկ ինչո՞ւ են մեզ մոտ բազում խնդիրներ ծագում, երբ բանը հասնում է կենսաթոշակների չափը սահմանելուն: Պարզ է, խոսքը ֆինանսների մասին է, ինչը, բնականաբար, պահանջում է խիստ ու նուրբ հաշվարկ, այն պայմանավորված է նաեւ պետական բյուջեով: Սակայն միեւնույն է, եթե նույնիսկ բացառիկ կարեւոր հարցերի լուծումը տարիներ շարունակ ձգձգվում է (խոսքը բոլոր կարգի կենսաթոշակների մասին է), եթե հույժ կարեւոր կենսական նշանակություն ունեցող խնդիրը, ճչան լինելով հանդերձ, քնեցվում է՝ այն պարագայում, երբ երկրի թալանչիներից միլիարդներ են ետ բերվել, դրա հետ մեկտեղ շռայլ պարգեւավճարներ են կատարվում, ինչպե՞ս չհիշես այն ամենաթիրախավորված արտահայտությունը, որի հեղինակը մեծն Ա. Այնշտայնն է․ «Միայն երկու հավերժ բան կա՝ տիեզերքն ու հիմարությունը, թեեւ տիեզերքի պարագայում ես որոշ կասկածներ ունեմ...»: 

Վերջում էլ չի կարելի անտեսել Ժան Ժակ Ռուսսոյի՝ առօրյա կյանքի հետ առնչվող իմաստուն խոսքը․ «Հազար ճանապարհ է տանում դեպի մոլորություն, իսկ դեպի ճշմարտություն՝ մեկը»: Հուսանք, որ այդ միակ լուսավոր ուղին անպայման կգտնվի:

Միսակ ՆԱԶԱՐՅԱՆ