Ալի Բաբաջանը հեռացել է Թուրքիայի իշխող կուսակցությունից

Ալի Բաբաջանը հեռացել է Թուրքիայի իշխող կուսակցությունից

Թուրքիայի արտաքին գործերի նախկին նախարար Ալի Բաբաջանը հայտարարել է իշխող Արդարություն ու զարգացում կուսակցությունից հեռանալու մասին: Նախկին արտգործնախարարն իր այդ քայլը բացատրել է Թուրքիայի առջեւ կանգնած մարտահրավերները խորությամբ ուսումնասիրելու եւ լուծումներ առաջարկելու հրամայականով:

Բաբաջանը տեղեկացրել է, որ Արդարություն եւ զարգացում կուսակցության շարքերում շատ են իր տեսակետը կիսողները: Ավելի վաղ թուրքական մամուլը գրել է, որ նախկին նախագահ Գյուլը, նախկին վարչապետ Դավութօղլուն եւ նախկին արտգործնախարար Բաբաջանը մտադիր են ստեղծել նոր ընդդիմադիր կուսակցություն:

Վերլուծաբանները Թուրքիայի ներքաղաքական խմորումները բացատրում են Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում Էրդողանի կուսակցության պարտությամբ: «Ով հաղթում է Ստամբուլում, հաղթում է Թուրքիայում» կարգախոսով իշխանության եկած Էրդողանի համար, այսպիսով, սկսվում է իշխանության համար պայքարի նոր փուլ:

Շատ մեկնաբաններ արձանագրում են, որ Թուրքիայում Էրդողանի դարաշրջանը փակվում է, իշխանափոխությունը միայն ժամանակի հարց է: