«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հայ ազգին եւս մեկ անգամ պառակտեց

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հայ ազգին եւս մեկ անգամ պառակտեց

«Հրապարակի» հարցերին պատասխանում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:

- Նիկոլ Փաշինյանը հերթական մամուլի ասուլիսով հանդես եկավ: Նա խոսեց այն մասին, որ Արցախի եւ արցախահայերի ճակատագիրը չի կարող փոխել Հայաստանը:

- Ես այդ տեսակետը չեմ կիսում: Առնվազն Հայաստանը չպետք է խոսեր նշաձող իջեցնելու, ինքնորոշման իրավունքից հրաժարվելու եւ այլ հարցերի մասին: Եթե անգամ Հայաստանի իշխանություններն այդպես են մտածում, ապա գոնե իրենց վարած բանակցություններում չպետք է նահանջեին Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարցից:

- Փաշինյանը երեկ խոսեց այն մասին, որ Արցախի բարբառով խոսելը չի նշանակում լինել հայրենասեր: Իհարկե, որեւէ բարբառով խոսելն աղերս չունի հայրենասիրության գաղափարի հետ, սակայն Նիկոլ Փաշինյանի խոսքերը շատերը գնահատեցին որպես Արցախի եւ արցախահայության նկատմամբ բացասական վերաբերմունքի դրսեւորում: Փաշինյանի հակակրանքը՝ արցախահայերին ուղղված, ինչո՞վ է պայմանավորված: Ի՞նչ գնահատական կտաք այս ամենին:

- Կարող եմ խոսել այդ հայտարարությունների ակնհայտ հետեւանքների մասին, որը հենց երեկ մենք՝ բոլորս, տեսանք սոցհարթակներում: Նիկոլ Փաշինյանը հայ ազգին եւս մեկ անգամ պառակտեց, եւս մեկ անգամ հնարավորություն տվեց փոխադարձ մեղադրանքներ հնչեցնել միմյանց հասցեին: Որպես հետեւանք՝ կարող եմ արձանագրել, որ նման հայտարարությունները նոր պառակտման հիմք հանդիսացան, հատկապես քաղաքական գործիչը, բարձրաստիճան պաշտոնյան պետք է զերծ մնա իր իսկ խոսույթում նման բառեր օգտագործելուց՝ առիթ չտալով, որ կրկին ներազգային ատելության ալիք բարձրանա: Երեկ եւս մեկ անգամ ատելություն սերմանվեց երկու հայկական պետությունների եւ դրանց ժողովուրդների միջեւ:

- Ակնհայտ է, որ Արցախը մոմի պես հալվում է, ժողովրդի դիմադրության ռեսուրսը նվազում է: Իրավիճակն օր-օրի վատանում է: Ի՞նչ վիճակ է այսօր: Ինչպես գիտենք, Արցախում արդեն չի գործում նաեւ հասարակական տրանսպորտը:

- Այո, տրանսպորտ չկա, որովհետեւ չկա վառելիք: Վառելիքի չլինելն ազդել է գրեթե բոլոր ոլորտների վրա: Խնդիրները բազում են, տեղական արտադրության գյուղմթերքի տեղափոխում, հացի առաքում, ամեն ինչ դադարեցված է` վառելիք չլինելու պատճառով: Դեղորայք տեղափոխելը եւս խնդիր է: Ստեփանակերտից շրջկենտրոններ դեղ հասցնելը մեծ խնդիր է դարձել: Ջրամատակարարումը եւս բավականին վատ վիճակում է: Մարդիկ աշխատավայր գնալու համար ոտքով ահռելի ճանապարհ են անցնում, մանկահասակների, տարեցների եւ հաշմանդամների վիճակն ավելի բարդ է այս պարագայում: Բժշկական ծառայություններից օգտվելու համար մարդիկ Ստեփանակերտի մի ծայրից հասնում են մյուս ծայրը` ոտքով, որպեսզի կարողանան հասնել հիվանդանոց:

- Մենք տեղեկացանք նաեւ, որ բուժհաստատություններում եւս իրավիճակը բարդ է: Մարդիկ չեն կարողանում օգտվել բժշկական ծառայություններից, ամեն ինչ դադարեցված է, անգամ սարքավորումները չեն աշխատեցնում:

- Բուժհիմնարկները եւս իրենց հերթին բախվում են տարբեր խնդիրների: Նույն՝ վառելիքի պակասը մեծ ազդեցություն ունի այստեղ եւս: Ժամեր են լինում, երբ էլեկտրականություն չի լինում, ինչը խաթարում է աշխատանքը: Դեղորայքի ապահովում եւս չկա: Մի քանի օրվա պաշար է առկա: Սրանով պայմանավորված՝ ոչ ծայրահեղ դեպքերում բուժօգնություն մարդիկ պարզապես չեն ստանում, որովհետեւ առկա պաշարները պահվում են ծայրահեղ ծանր դեպքերի համար: Վիրահատություններ չկան, որովհետեւ չկան համապատասխան միջոցներ: Խնդիրներ կան նաեւ Մոր եւ մանկան առողջության կենտրոնում, ծննդատներում: Կան ահազանգեր, որ թերսնման պատճառով, ինչպես նաեւ ոչ պատշաճ դեղորայքի անհրաժեշտությամբ պայմանավորված, ինչու չէ՝ նաեւ սթրեսային վիճակով պայմանավորված՝ Արցախում աճել են նաեւ վիժման ցուցանիշները: Պատճառները շատ տարբեր են: Իրավիճակն աղետալի է:

- Այժմ կտրոնային համակարգը գործո՞ւմ է, մարդկանց կտրոններով ի՞նչ ապրանքներ են բաժանում:

- Ոչ, չի գործում կտրոնային համակարգը: Պետք է ապրանք ունենաս, որ կտրոնային համակարգն էլ գործի: Չկա ապրանք՝ չկա կտրոնային համակարգ: Խանութներում ոչինչ չկա:

- Նաեւ տեղեկացանք, որ օգոստոսից Արցախում փակվելու են մանկապարտեզները:

- Այո, օգոստոսից չեն գործի նաեւ մանկապարտեզները, որովհետեւ մանկապարտեզներում առկա սնունդը չի կարելի համարել նորմալ: Երեխաներն ուտում են այն, ինչ կա, դա էլ բավարար չէ, որպեսզի սնունդը կրթական հաստատություններում համարենք նորմալ: