Ժողովրդավարությո՞ւն. չէ մի չէ...

Ժողովրդավարությո՞ւն. չէ մի չէ...

Դարասկզբին Եվրախորհրդի անդամ դառնալուց և համապատասխան պարտավորություններ ստանցնելուց հետո գործող իշխանության կողմից Հայաստանում նախաձեռնվեցին բազմաթիվ փոփոխություններ: Այդ փոփոխություններն իրականացվում էին բազմաթիվ ոլորտներում՝ նպատակ ունենալով մեր պետության ենթակառուցվածքներն ու հաստատությունները համադրելի դարձնել եվրոպական չափորոշիչներին: Միջազգային կազմակերպություններից կամ արևմտյան երկրներից, գործընթացների իրականացման նպատակով, հանրապետությանը հատկացվում էին դրամաշնորհներ և էժանագին վարկեր: Իսկ այնուհետև կատարվում էր արվածի մոնիթորինգ և առաջարկությունների ներկայացում գործընթացների բարելավման ուղղությամբ: 
Դրանցից մեկը վերաբերում էր պետական հանրակրթական դպրոցների կառավարման խորհուրդների ձևավորմանը: Այնուհետև, ժամանակ առ ժամանակ, այդ հարցը քննարկվում էր պետական-փորձագիտական հարթությունում՝ նպատակ ունենալով հասնել այդ ինստիտուտի կայացմանն ու նաև բարելավմանը: Սակայն կյանքը ցույց տվեց, որ հայաստանցին դեռևս չի գտնվում մտածողության (կամ ինքնակազմակերպման՝ ինչը նույնն է) այն մակարդակի վրա, որի շնորհիվ իրականում և ոչ թե միայն թղթի վրա կկայանար նաև դպրոցի կառավարման խորհուրդը: 

Ընդունված իրավական ակտերի համապատասխան, դպրոցը, համայնքապետարանը և մարզպետարանը ներկայացնող անձինք, որպես խորհրդի անդամներ, իրավունք էին ստանում նշանակել տնօրենին և վերահսկել տնօրենության գործունեությունը, հատկապես՝ ծախսերի ոլորտում: Ենթադրվում էր, որ այդ անձինք պետք է լինեն գրագետ՝ ֆինանսական առումով, և անկողմնակալ՝ դպրոցի տնօրենի ընտրության հարցում: Իրականում կաղում էր թե՛ մեկ և թե՛ մյուս կողմը, կաղում էր թե՛ օբյեկտիվորեն և թե՛ սուբյեկտիվորեն՝ չկար կարողություն և կամեցողություն: Սկզբում որպես դրա պատճառ նշվում էր վերը նշված կառույցների ներկայացուցիչների համամասնության խնդիրը, հետո խորհրդի անդամների ճիշտ ընտրության բացակայությունը: Ինչն, ի վերջո, հանգում էր տեղական մակարդակում մարդկանց ինքնակազմակերպման ունակության բացակայությանը: Հարցը լուծելու փոխարեն իշխանությունը կատարում էր իմիտացիոն փոփոխություններ, և արդյունքում սայլը տեղից չէր շարժվում: 

2018-ի ապրիլյան իրադարձությունների և Փաշինյան Նիկոլի՝ վարչապետ կարգվելուց հետո հասարակության գրագետ, սակայն միամիտ հատվածը (այդ թվում նաև տողերիս հեղինակը) ենթադրում էր, որ «հեղափոխական» զանգվածների ակտիվության շնորհիվ կբարձրանա հասարակության ինքնակազմակերպման մակարդակը: Համենայն դեպս, բազմաթիվ բացասական երևույթների հետ մեկտեղ փոփոխությունների ալիքը բարձրացնում է շարքային քաղաքացիների ակտիվությունը՝ վերածելով հեղափոխական զանգվածների, ինչի շնորհիվ էլ կյանքի են կոչում դրանց ինքնակազմակերպման կարողությունները: Վերջիններիս շնորհիվ էլ կարգավորվում են նախկինում անլուծելի թվացող բազմաթիվ խնդիրներ: Դրանցից մեկն էլ կարող էր լինել դպրոցների կառավարման խորհուրդների իրական և ոչ թղթային կայացումը, ինչն առկա էր նախկինների օրոք:

Իսկ ի՞նչ տեղի ունեցավ իրականում: Իրականում տեղի ունեցավ ճիշտ հակառակը. 2018-ի իշխանափոխությունից ավելի քան երեք ու կես տարի անց մենք վերադարձանք նախնական իրավիճակին: Ավելի ճիշտ՝ նախնականից էլ վատ իրավիճակին: Որպեսզի ասվածը չթվա մերկապարանոց՝ ներկայացնեմ դրա մեկ-երկու դրսևորում: Առաջինը ժամանակավոր պաշտոնակատարի (ԺՊ) ինստիտուտի չարաշահումն է: Այն առկա է թե՛ պետական հաստատություններում (հանրակրթական դպրոց, մշակութային ՊՈԱԿ կամ ՀՈԱԿ և այլն) և թե՛ համայնքապետի առումով: Նախկինում որևէ հաստատության տնօրենի ԺՊ էր նշանակվում, երբ լրանում էր տնօրենի պաշտոնը զբաղեցնող անձի պաշտոնավարման ժամկետը: Եվ, որքան գիտեմ, ԺՊ-ի լինելու առավելագույն տևողությունը սահմանափակված էր կես տարով: Նիկոլի օրոք համայնքապետին կամ, ասենք, դպրոցի տնօրենին ստիպում են հրաժարականի դիմում ներկայացնել՝ եթե վերջիններս չեն մտածում այնպես, ինչպես հրահանգված է վերևից, և նշանակում են տնօրենի ԺՊ: Եվ վերջինս կարող է մնալ որպես ԺՊ այնքան, որքան կցանկանա իշխանությունը: Իջևանի համայնքապետի ԺՊ-ն, օրինակ, մնաց երկու տարի: 

Երկրորդ երևույթի մասին վերջերս անդրադարձել է «Հրապարակը»: Խոսքը Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի թիվ 5 դպրոցի կառավարման խորհրդի մասին էր: Խորհրդի անդամներից մեկը Կոտայքի նախկին մարզպետ, այժմ շրջակա միջավայրի նախարար Պետրոսյան Ռոմանոսի աներորդին է, մյուսը՝ կնոջ ընկերուհին, երրորդը՝ նախարարության գլխավոր քարտուղարի կինը, չորրորդը՝ Աբովյանի համայնքապետի քպկական թեկնածուի կինը: Փաստորեն, խորհրդի ինն անդամներից չորսը Ռոմանոսի մերձավոր շրջապատից են: Ի դեպ, ըստ հոդվածի, «Աբովյանի և Եղվարդի տարածաշրջանի բոլոր դպրոցներում այս նույն մարդիկ են՝ ամեն մեկը մինչև 10 դպրոցի կառավարման խորհրդի անդամ է»։ Կարելի է միայն զարմանալ, թե այդ անձինք որքան ազատ ժամանակ ունեն, որ կարողանում են ծանոթանալ և լուծել բազմաթիվ դպրոցների խնդիրները: 

Ինչ մնում է թիվ 5 դպրոցին, ապա պարզ է, որ լիազոր մարմնի՝ հինգերորդ ներկայացուցչին կամ մանկավարժական և ծնողական խորհուրդների երկուական ներկայացուցիչներից որևէ մեկին իր կողմը քաշելով՝ նախարարը տնօրեն կնշանակի նրան, ում կցանկանա: Ասենք՝ իր վարորդի կնոջը, որ մինչ այդ էլ կստանա տնօրենի հավաստագիր: Նախկինում նման երևույթներն այսպես ակնհայտ չէին, քանի որ գոյություն ուներ քաղաքացիական հասարակություն, որը նման բաները ներառում էր զեկույցներում, տեղեկացնում եվրոպական կամ ընդհանրապես արևմտյան համապատասխան կառույցներին: Այսօր քաղհասարակության կազմակերպությունները կիսամեռած վիճակում են, իսկ արևմտյան կառույցների ներկայացուցիչների կարծիքով էլ մեր երկիրը «ժողովրդավարության փայլող աստղ» է:

Իրականում առաջ գնալու փոխարեն մենք նիկոլական «ժողովրդի իշխանության» պայմաններում հետընթաց ապրեցինք: