Չարչյանին Վարդաշեն քրեակատարողական հիմնարկ են տեղափոխել

Չարչյանին Վարդաշեն քրեակատարողական հիմնարկ են տեղափոխել

Գրել էինք, որ Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Լուսինե Աբգարյանի նախագահությամբ, շարունակվում է «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արմեն Չարչյանին կալանավորելու որոշման դեմ պաշտպանների բողոքի քննությունը, որը քիչ առաջ ավարտվեց։

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ, որոշումը կհրապարակվի հուլիսի 8-ին, ժամը 11։00-ին։

Հիշեցնենք՝ մամուլում հրապարակվեց ձայնագրություն, համաձայն որի՝ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը հունիսի 18-ի առավոտյան աշխատակիցների հետ հանդիպմանը հորդորել է, որ աշխատակիցները պարտադիր կարգով մասնակցեն ընտրություններին։ Չարչյանը նշել է, որ եթե որևէ մեկը չմասնակցի ընտրություններին, ապա կիմանա այդ մասին։

Ձայնագրության հրապարակումից հետո հաշված ժամերի ընթացքում ՀՀ ՀՔԾ-ում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-դ կետի հատկանիշներով, որի շրջանակներում նախ բերման են ենթարկել Չարչյանին և տեղափոխել ՀՔԾ, ապա ձերբակալելու որոշում կայացրել։

Պաշտպանները բողոք են ներկայացրել Չարչյանին ձերբակալելու մասին որոշման դեմ, ինչը բավարարվել է քվեարկության օրը և նա դատարանի որոշմամբ ազատ է արձակվել։

Հունիսի 21-ին դատախազությունը հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ ԿԸՀ-ն բավարարել է Արմեն Չարչյանի նկատմամբ հետապնդում իրականացնելու և նրան ազատությունից զրկելու համաձայնություն տալու վերաբերյալ միջնորդությունները։ ԿԸՀ համաձայնությունը ստանալուց հետո ՀՔԾ֊ն մեղադրանք է առաջադրել Արմեն Չարչյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-դ կետի հատկանիշներով և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն ներկայացրել դատարան։

«Արմեն Չարչյանը ներկա պահին գտնվում է Վարդաշեն ՔԿՀ-ում»,-Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Չարչյանի պաշտպաններից Էրիկ Ալեքսանյանը։

«Այո, Նրան շաբաթ օրն են տեղափոխել ՔԿՀ։ Այնպես չէ, որ ներկա պահին նրա առողջական վիճակը լավ է։ Նա ունի շաքարային դիաբետ և ներկա պահին շատ բարձր մակարդակում է գտնվում»,-ասաց Էրիկ Ալեքսանյանը։

 «Դատախազի փաստարկները նույնն են. «Դատախազը պնդում է, որ առկա է հիմնավոր կասկած առ այն, որ Արմեն Չարչյանն առնչություն ունի իրեն վերագրվող հանցավոր արարքի կատարման հետ և փաստացի նույն այն հիմնավորումներն են, ինչ ներկայացվել է առաջին ատյանի դատարանում»,- ասաց Ալեքսանյանը ՝ անդրադառնալով   բողոքի քննությանը։