Հայ գերիների գնդակահարությունը պատերազմական հանցագործություն է. Human Rights Watch

Հայ գերիների գնդակահարությունը պատերազմական հանցագործություն է. Human Rights Watch

Հայ ռազմագերիների սպանությունն ադրբեջանական ուժերի կողմից 2022 թվականի սեպտեմբերին երկու երկրի միջև կռիվների ժամանակ, պատերազմական հանցագործություն է, որի համար պետք է պատասխանատվություն կրեն՝ այսօր հայտարարել է Human Rights Watch միջազգային իրավպաշտպան կազմակերպությունը։ Կառույցը վերլուծել է հոկտեմբերի սկզբին սոցցանցերում հրապարակված տեսանյութը, որոնցում երևում է, ամենայն հավանականությամբ, ադրբեջանական ուժերի իրականացրած առնվազն յոթ հայ ռազմագերիների գնդակահարությունը, փոխանցում է Հանրային հեռուստաընկերությունը։

Ադրբեջանի իշխանությունները պետք է ապահովեն, որ իրենց դատախազության սկսված հետաքննությունն արդյունավետ լինի և պատասխանատվության ենթարկի մեղավոր զինվորներին ու հրամանատարներին՝ հայտարարում է Human Rights Watch-ը:

Հոկտեմբերի 2-ին Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարեց, որ զինդատախազությունը սկսել է «համապարփակ հետաքննություն» սպանությունների տեսագրության վերաբերյալ՝ պարզելու, թե արդյոք այն իսկական է: Եթե այո, «ապա պետք է պարզել ներկայացված զինծառայողների ինքնությունը: Հետաքննության արդյունքում կձեռնարկվեն օրինական միջոցներ»։

Human Rights Watch-ը ստուգել է 40 վայրկյան տևողությամբ տեսանյութը տարբեր մեթոդներով, այդ թվում՝ խորհրդակցելով զենքի և բժշկական փորձագետների հետ, վերլուծելով տեսանյութում լսվող լեզուն և օգտագործելով պատկերների որոնման համակարգեր՝ պարզելու՝ արդյոք տեսանյութը տեղադրվել է առցանց մինչև սեպտեմբերի կեսերը:

Ժնևի երրորդ կոնվենցիայով պատերազմական հանցագործություն է ռազմագերիներին դիտավորյալ սպանելը, նրանց նկատմամբ վատ վարվելը՝ խոշտանգելը, դիտավորյալ խոր տառապանք կամ մարմնական ու առողջական լուրջ վնասվածքներ պատճառելը:

Ադրբեջանը Ժնևյան կոնվենցիաների, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մասնակիցն է, վերջին երկուսը խստորեն արգելում են արտադատական մահապատիժները: