Սիսիանը գնաց Թալինի ճանապարհով

Սիսիանը գնաց Թալինի ճանապարհով

Վաղը՝ հոկտեմբերի 15-ին, ժամը 11-ին, Սիսիանի մշակույթի պալատում նախատեսվում է Սիսիանի համայնքի ղեկավար Արմեն Հակոբջանյանի երդման արարողությունը։ Գործող կարգի համաձայն, երդումը կատարվում է ավագանու նիստում, սակայն եթե քվորում չապահովվի, ապա նիստը իրավազոր չէ։ Իսկ քվորում չի ապահովի այն պարզ պատճառով, որ «Մեկ Հայաստան» եւ «Աշխատանք եւ Արդարություն» խմբակցությունների անդամները երեկ հայտարարել են մանդատները վայր դնելու մասին. 

«Սիսիան համայնքի հարգելի՛ ընտրողներ, սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքում միասնական ընդդիմությունը՝ «Աշխատանք եւ արդարություն» դաշինքը եւ «Մեկ Հայաստան» կուսակցությունը ստացավ 7 մանդատ։ Համայնքային իշխանություն ձեւավորելու համար անհրաժեշտ էր 11 մանդատ։ Հոկտեմբերի 12-ին կայացած ավագանու անդրանիկ նիստին մասնակցելով ակնկալում էինք ստանալ ՔՊ-ի հետ համագործակցությունը մերժած ուժերի աջակցությունը։ Չստացանք․․․։ Բացառելով ճնշումների ու խոստումների միջոցով համայնքի ղեկավար ընտրած ուժի հետ որեւէ համագործակցություն՝ վայր ենք դնում մեր մանդատները»,-ասված է երկու ուժերի տարածած հայտարարության մեջ:

Իսկ մի քանի օր առաջ՝ ավագանու անդրանիկ նիստից հետո մանդատները վայր դնելու մասին հայտարարեց նաեւ «Ապրելու երկիր» կուսակցությունը, որը ունի 4 մանդատ եւ չի մասնակցել ավագանու առաջին նիստին: Այդ նիստին նորընտիր ավագանին, հիշեցնենք, համայնքի ղեկավար ընտրեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրացուցակը գլխավորող Արմեն Հակոբջանյանին։ Վերջինիս կողմ քվեարկեցին կառավարող ուժի խմբակցության 8 անդամները եւ Արման Բաբաջանյանի «Հանուն Հանրապետության» կուսակցությունից 1 հոգի՝ Նախշուն Յազուլյանը։

Եւ թեպետ իշխող ուժը ստվերային գործարքների արդյունքում կարողացավ զավթել համայնքի ղեկավարի պաշտոնը, սակայն Սիսիանի ավագանիում ՔՊ-ն չունի այնքան ձայն, որ քվորում ապահովի, իսկ քվորումի համար հարկավոր է 11 ավագանու ներկայություն, ՔՊ-ն ունի ութը եւ նրան չի փրկի եթե անգամ Հանուն հանրապետության երկու ավագանու անդամներն էլ ներկայանան այսօրվա նիստին: Ինչը նշանակում է, որ քվորումի բացակայության պատճառով նորընտիր համայնքի ղեկավարը չի կարող երդվել եւ ըստ այդմ՝ չի կարող ստանձնել համայնքի ղեկավարի պարտականությունները՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով, ինչպես նաեւ համայնքային բյուջե, հաստիքացուցակ չի կարող նման պայմաններում հաստատվել: 

Պարզ ասած՝ Սիսիանում ստեղծվում է Թալինի իրավիճակը, որի մասին ի դեպ նախորդ համարներում կանխատեսել էինք: Թալինում էլ անցած տարվա դեկտեմբերի 25-ից հետո ՔՊ-ն չունենալով մեծամասնություն կրիմինալի միջոցով ընդդիմադիր ավագանիներից մեկի ձայնը ստացավ, բայց այդպես էլ Տավրոս Սափեյանը չդարձավ համայնքապետ եւ համայնքը գնաց նոր ընտրությունների: 
Սակայն նկատենք, որ Թալինում ժամանակն աշխատեց ՔՊ-ի օգտին, մի քանի ամիս ԺՊ-ի պաշտոնում աշխատելով` նոր ընտրություններին Սափեյանը 70 տոկոսից ավելի ձայն հավաքեց: Սիսիանի ընդդիմադիրները, մինչդեռ, կարծում են, որ Սիսիանում ժամանակը հօգուտ իշխանության չի աշխատելու եւ նոր ընտրություններին իրենք ավելի լավ ցուցանիշ են ցուցաբերելու, քան հիմա:

Ի դեպ, ասում են, որ Սիսիանից ընտրված ՔՊ-ական պատգամավոր Կարեն Համբարձումյանը, որը նորընտիր համայնքապետի մտերիմն է եւ նա էր ղեկավարում ընտրարշավը, սարսափելի զայրացած է, բանն այն է, որ ընդդիմության հետ հետընտրական բանակցություններին նա մասնակից չի եղել եւ  համարում է, որ ընտրություններին ձեռք բերած իր հաջողությունը ՔՊ ավագանին ջուրը գցեց` չկարողացավ հիմնավոր պայմանավորվածություններ ձեռք բերել: