Դատախազության բողոքն անհիմն է․ Քոչարյանի պաշտպան

Դատախազության բողոքն անհիմն է․ Քոչարյանի պաշտպան

Վերաքննիչ դատարանում դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ մեկնարկել է  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի վերաբերյալ դատավոր Աննա Դանիբեկյանի կայացրած որոշման դեմ դատախազության կողմից բերված բողոքի քննությունը։   Նիստին ներկա է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Դատարանը լսեց բոլոր կողմերին և հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Որոշումը կհրապարակվի այսօր 16։30-ին։ 

Լրագրողների հետ զրույցում  Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը նշեց, որ դատախազության բողոքն անհիմն է․ «Միանշանակ դատախազության բողոքն անհիմն է։ Սա նախորդ տարվանից սկսած իրավական տարբեր օրինական և ոչ օրինական գործիքներով Ռոբերտ Քոչարյանին ճնշման ենթարկելու տրամաբանության մեջ է»։

Հովհաննես Խուդոյանի խոսքով՝ դատախազության պատճառաբանությունները զավեշտալի էին․ «Չեմ հասկանում այդպիսի խախտումները նման կերպ պաշտպանելու տրամաբանությունը։ Բովանդակային առումով դա գործի վրա չի էլ անդրադառնում։ Դրանից մեղադրանքը ոչ կհաստատվի, ոչ կհերքվի»։

Պաշտպանը նաև հավելեց, որ Ռոբերտ Քոչարյանի գույքն այս պահին կալանքի տակ է, բացառությամբ կենսաթոշակից․ «Ռոբերտը Քոչարյանը միջոցներ ունի, սակայն չի կարողանում տնօրինել դրանք, որպեսզի կարողանա հոգալ դատական ծախեսերը։ Նրան օգնում են նաև իր մտերիմները»։