Հեռացող և մնացող Սվիտալսկին

Հեռացող և մնացող Սվիտալսկին

Հեռացող Սվիտալսկու հայտարարությունը, թե ԵՄ-ն «հեսա» շատ փող է տալու ՀՀ իշխանություններին՝ դատական ռեֆորմներն իրականացնելու համար, աժիոտաժ է առաջացրել Փաշինյանի ճամբարում: Շատ փողը, առհասարակ, միշտ է աժիոտաժ առաջացնում: Բայց այն իրարանցումը, որ սկսվել է Սվիտալսկու՝ ապառնի ժամանակով կազմված խոսքի շուրջ, աննախադեպ է: Իսկ ինչո՞ւ են ոգեւորվել, մի՞թե հույս ունեն դատական ռեֆորմ իրականացնել եւ ստանալ Սվիտալսկու խոստացած փողերը:

ՀՀ գործող իշխանությունը, առհասարակ, որեւէ բարեփոխում կարո՞ղ է անել: Ինձ թվում է՝ դատական համակարգի ռեֆորմի համար Սվիտալսկու խոստացած փողերը Հայաստան չեն հասնելու, որովհետեւ այդ համակարգում բարեփոխումներ անելն ամենեւին էլ չի ենթադրում այնպիսի գործողություններ, որոնք տեղի են ունեցել մինչ այս պահը եւ դեռ շարունակվում են՝ անցումային արդարադատության, դատավորների վեթթինգի, դատավորների խուզարկությունների, ճնշումների ներքո դատավճիռներ կորզելու, ԲԴԽ-ն յուրայիններով համալրելու դրսեւորումներով: Ըստ իս, եթե մի բան պետք է բարեփոխվի դատական համակարգում, դա Փաշինյանի գործելակերպն է: Այո, այո, պետք է հրաժարվել այն արդարադատությունից, որ մտցնում է Փաշինյանը: Հավանաբար, Սվիտալսկին էլ դա է նկատի ունեցել, խոստացել է փող տալ, միայն թե Նիկոլ Փաշինյանը դադարեցնի դատական իշխանությունը զավթելու գործողությունները: Իսկ ո՞ւմ համար է գաղտնիք, որ այսօր, դատավորների վեթթինգի, անցումային արդարադատության,  վերջապես՝ «հակահեղափոխական» ՍԴ-ն հեղափոխականացնելու անվան տակ հենց դրանով են զբաղված:

Հայաստանում դատական համակարգի բարեփոխումները, անշուշտ, անհրաժեշտություն են: Բայց այս կարեւոր միջոցառումն իրականացնելու համար, առնվազն, օրենսդրական փաթեթ, ճանապարհային քարտեզ, քայլերի հերթականություն պետք է ներկայացնել հանրությանը, որ հասկանալի դառնա, թե ինչ է ուզում իշխանությունը՝ յուրացնե՞լ դատական իշխանությունը, թե՞ այն թողնել անկախ՝ իշխանության օրենսդիր եւ գործադիր թեւերից: Այլապես Փաշինյանը մի գեղեցիկ օր արթնանում է ու որոշում շրջափակել դատարանները, ցերեկը՝ վեթթինգ անել դատավորներին, երեկոյան՝ անցումային արդարադատություն իրականացնել, գիշերը՝ իր մարդուն նշանակել ՍԴ նախագահ: Չեմ կարծում, որ Սվիտալսկին մեզ փող կտա նման արկածախնդրությունների համար, որոնք նույնիսկ հեռավոր կերպով ռեֆորմ չեն հիշեցնում:

Այս օրերին շատ խոսվեց, որ Փաշինյանն ամեն ինչ անելու է Հրայր Թովմասյանին պաշտոնից ազատելու համար: Փորձում են հասարակության շրջանում տպավորություն ստեղծել, որ նա է հեղափոխության ձախողումների բուն պատճառը, եթե նա հրաժարական տա, Փաշինյանն այլեւս խոչընդոտ չի ունենա իր խոստումներն իրականացնելու համար: Այսինքն, գործող ՍԴ-ն եւ ողջ դատական համակարգը, որպես անցյալի մնացուկ, վտանգ են ներկայացնում ՀՀ գործադիր իշխանության համար: ՀՀ գործող իշխանությունները կուզենային Հայաստանում տեսնել մի դատական համակարգ, որտեղ բոլոր դատարաններում կկայացվեին հեղափոխության ոգով դատավճիռներ, իսկ դատավորներն էլ, օրենքներով դատելու փոխարեն, կդատեին Նիկոլ Փաշինյանի խոսնակի կամ օգնականների ասելով: Հարց է ծագում՝ էլ ինչի՞ է սպասում, կարող է ժողովրդի պահանջով ընդհանրապես փակել դատարաններն ու ՍԴ-ն, որպեսզի Հայաստանում հանկարծ չկայացվի որեւէ դատավճիռ, որը չի արտահայտի կառավարության կարծիքն ու ցանկությունը: 

Օրերս տարածվեց 7 կուսակցությունների համատեղ հայտարարությունը՝ Հայաստանում դատարանների շուրջ ծավալված իրավիճակի վերաբերյալ, որտեղ խոսվում է այն մասին, որ  «ներկայիս քաղաքական իշխանությունը, ժողովրդաիշխանության եւ կոռուպցիայի դեմ պայքարի անվան տակ շահարկելով դատաիրավական համակարգում առկա եւ տարիների ընթացքում կուտակված խնդիրները, ձեռնամուխ է եղել ծայրահեղ գործողության՝ դատական իշխանության լիակատար յուրացմանը»: Հասկանալի է, որ նախկինում էլ մեր արդարադատությունը փայլուն չի եղել, բայց ՀՀ նախկին ղեկավարներից ոչ ոք այնքան բացահայտ չի դրսեւորել դատական համակարգը սեփականաշնորհելու իր ցանկությունը, որքան դա անում է Փաշինյանը:

Իշխանամերձ մամուլը շտապեց քաղաքական ուժերի համատեղ հայտարարությունը որակել որպես «սողացող հակահեղափոխություն»՝ ակամա խոստովանելով, որ ինքն իրականում լծված է արդարադատության ոլորտում Փաշինյանի կամայականություններն արդարացնելու գործին: Բայց դրանից Փաշինյանի վիճակն ամենեւին էլ չի թեթեւանում: Հայտարարության հեղինակները հայտարարել են. «Գործող քաղաքական իշխանության կողմից դատական իշխանության նկատմամբ ոտնձգությունները շարունակվելու դեպքում ՀՀ Սահմանադրության եւ օրենքների շրջանակներում հասու միջոցներով հակազդելու ենք բոլոր ապօրինի գործողություններին եւ պատասխանատվության ենք կանչելու կազմակերպիչներին»: Կուզենայինք, որ ասվածից ճիշտ հետեւություններ արվեին եւ ճիշտ խորհուրդներ տրվեին Նիկոլ Փաշինյանին, որովհետեւ արդեն իսկ հասկանալի է, որ եթե այս հայտարարությունը հայցի ձեւով ներկայացվեր ՍԴ, ապա, Սվիտալսկին էլ ՍԴ նախագահը լիներ, միեւնույն է, դատական համակարգի «բարեփոխման» ուղղությամբ Փաշինյանի գործողությունները կճանաչվեին ՀՀ սահմանադրությանը չհամապատասխանող: