Ինչ կասեր Տիգրանը

Ինչ կասեր Տիգրանը

Ժամանակն իր սրբագրումներն է անում ամեն ինչում՝ ե՛ւ պատմության մեջ հետք թողած անձանց դերակատարումն է ընդգծում, ե՛ւ հացկատակներին է պատժում, ե՛ւ պատմական անցքերի դերն ու նշանակությունն է հստակեցնում։

Ինչքա՜ն մարդիկ ու դեպքեր են եղել, որոնք տվյալ պահին նշանակալի ու ազդեցիկ են թվացել, իսկ մի տասնամյակից անցել են պատմության գիրկը՝ ջնջվելով անգամ իրենց ժամանակակիցների հուշերից։ Եվ հակառակը՝ մարդը, թվում է, աննշան դեր է խաղացել ժամանակի իր հատվածում, բայց հավերժ մնացել է պատմության մեջ՝ տարիների հետ ավելի ու ավելի արժեւորվելով, գնահատվելով հասարակության կողմից։

Մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը, ով այսօր փոթորկել է հայկական իրականությունը՝ Օպերայի տնօրեն Կոնստանտին Օրբելյանի ազատման հրամանով, անշուշտ, կմնա պատմության մեջ՝ որպես հետհեղափոխական շրջանի ամենաաղմկոտ պաշտոնյաներից մեկը։

Բայց, ըստ իս, Նազենի Ղարիբյանը պատմության մեջ մնալու այլ առիթ էլ ունի՝ որպես երջանկահիշատակ Տիգրան Հայրապետյանի այրի։ Իսկ Տիգրան Հայրապետյանը մեր նորանկախ պետության ամենանշանակալի դեմքերից էր՝ իրական մշակույթ, պատմություն, արժեքներ կրող անձնավորություն, ում հոդվածներով ապրում էր 90-ականների մտավորականությունը, ում հոդվածներին սպասում էին, կարդում էին, ձեռքից ձեռք փոխանցում, վերապատմում, քննարկում, հակադարձում։

Մարդ, ով տեսնում էր ժամանակի բոլոր ծալքերը եւ կանխատեսում ապագան։ Մարդ, ում խոսքը մնայուն արժեք էր, հայացքը՝ պետական գործչի հայացք, տեսակետը՝ հասուն եւ փորձառու մտավորականի դիրքորոշում։ Վերջին օրերին ես ինձ շարունակ հարց եմ տալիս՝ ի՞նչ կասեր Տիգրանը, եթե նրա կյանքը ողբերգականորեն չխզվեր 1999 թվականին, ի՞նչ գնահատական կտար այսօրվա դեպքերին ու դեմքերին։